(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Թեհրանի Հայ Դատի յանձնախբի նախաձեռնութեամբ, նոյեմբերի 16-ին եւ 17-ին Իրանի Հայ արհեսատւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովը, որը խորագրւած էր «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձութիւնների համատեքստում:
Երկու օր տեւած համապարփակ եւ բովանդակալից քննարկումների ընթացքում անդրադարձ կատարւեց Մերձաւոր Արեւելքում ծաւալւող աշխարհաքաղաքական իրադարձութիւններին եւ դրանց հնարաւոր ազդեցութեանը Հայ Դատի պահանջատիրական պայքարի գործընթացի, ինչպէս նաեւ Հայաստանի, Արցախի եւ ողջ հայութեան վրայ:
Զեկուցաբերները փորձեցին վեր հանել հիմնական խնդիրները, առանձնացնել մարտահրաւէրները եւ մատնանշել դրանց յաղթահարման հնարաւոր ուղիները:
«Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովին, որպէս զեկուցաբերներ հանդէս եկան Հայաստանից, Արցախից, Լիբանանից եւ Թուրքիայից հրաւիրւած ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի վարիչ, ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչութիւնների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսեանը, քաղաքագէտ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութիւնների վերլուծական կենտրոն»-ի տնօրէն Ստեփան Գրիգորեանը, ԵՊՀ իրանգիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ, Արցախի ՀՅԴ ԿԿ-ի անդամ Վահրամ Բալայեանը, Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ, «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիեանը, Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի անդամ Պետօ Դեմիրճեանը, Պոլսում տպագրւող «Ակօս» պարբերականի հայերէն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանը, ինչպէս նաեւ իրանահայ զեկուցաբերներ՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ազգային-հասարակական գործիչ Հենրիկ Խալոյեանը եւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Գրիգոր Ղազարեանը:
Խորհրդաժողովին հիւրաբար ներկայ էին նաեւ Իրաքի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Խաժակ Վարդանեանն ու Սիրիայի Հայ Դատի յանձնախմբի անդամ Սեւակ Գիւլվանէսեանը:
Թեմատիկ քննարկումներին յաջորդեց նոյեմբերի 17-ի երեկոյեան կազմակերպւած «Talk show»-ն, որի թեման էր «Անկախ Քուրդիստանը, տարածաշրջանային քարտէզի փոփոխութիւնը եւ դրանց ազդեցութիւնը Հայ Դատի հոլովոյթի վրայ»:
Հետաքրքիր եւ բազմաբնոյթ քննարկման ընթացքում «Talk show»-ի մասնակիցները՝ Կիրօ Մանոեանը, Ստեփան Գրիգորեանը, Վահրամ Պետրոսեանը, Արմէն Իսրայէլեանը, Բագրատ Էստուկեանը եւ Կարէն Խանլարեանը փորձեցին վեր հանել Իրաքեան Քուրդիստանում ընթացող իրադարձութիւնների բոլոր կողմերը, հնարաւոր զարգացումներն ու դրանց անմիջական ազդեցութիւնը տարածաշրջանի, ինչպէս նաեւ Հայ Դատի վրայ:
Խորհրդաժողովի եւ «Talk show»-ի մասին պատմող Սիւնէ Ֆարմանեանի պատրաստած մանրամաս ռեպորտաժը կը ներկայացնենք յաջորդիւ:
Հայ-իրանական քաղաքական մտքի արգասիքները…
«Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովի առիթով
(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Թեհրանի «ՀՈՒՍԿ» (Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն) հաստատութեան եւ միջազգային յարաբերութիւնների իրանական կենտրոնի համատեղ նախաձեռնութեամբ՝ «Տարածաշրջանի նոր իրադարձութիւնների հոլովոյթը՝ եւ հեռանկարը» բնաբանով կայացած խորհրդաժողովը 3-րդն էր իր ձեւի մէջ, որտեղ պարսկալեզու լսարանին էր մատուցւում քաղաքագիտական վերլուծական քննարկումներ, ինչպէս միջազգային, այնպէս էլ տարածաշրջանային հիմնախնդիրների մասին:
Այս համատեքստում, սակայն, քննարկումների կիզակէտում են յայտնւում մասնաւորապէս Մերձաւոր ու Միջին Արեւելքի, ինչպէսեւ՝ Հարաւային Կովկասի աշխարհագրա-քաղաքական զարգացումները, առանցքում պահելով դրանց ազդեցութիւնը եւ փոխկապակցութիւնը Իրանի, Հայաստանի եւ միջամուխ ու հարեւան միւս երկրների ուղղութեամբ:
Անշուշտ, հայ-իրանական ու տւեալ դէպքում՝ քաղաքական մտքի առնչութիւնների եւ փոխճանաչողութեան լաւագոյն հարթակ է հանդիսանում նմանատիպ խորհրդաժողովը, որտեղ երկու հարեւան ու բարեկամ երկրների ակադեմական-գիտական փաղանգի ներկայացուցիչներ առարկայական վերլուծութիւն-մեկնաբանութիւններով ուղի են հարթում ինչպէս միջպետական փոխյարաբերութիւններում, այնպէս էլ՝ երկու երկրների քաղաքական կողմնորոշումների ու դիւանագիտական գործողութիւնների բարդ ու տեղ-տեղ էլ տատասկոտ ճամբում:
Ինչեւէ, պարսկալեզու լսարանի համար հերթական՝ 3-րդ սեմինարը ըստ էութեան կայացած համարելով, ընդառաջ պէտք է գնանք այսօր ու վաղը կայանալիք «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովին, որտեղ եւս Հայաստանեան թէ՛ սփիւռքեան գիտա-վերլուծական հեղինակների քննարկումների ընդմիջից աւելի կոփւած ու նորովի մեկնաբանութիւններ կը հրապարակւեն՝ Հայ Դատի ու հայոց պահանջատիրութեան ե՛ւ պետական ե՛ւ ազգային ռազմավարական թէ մարտավարական հիմնախնդիրների վերաբերեալ:
Ինչ խօսք՝ 13-րդ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովն էլ ինչպէս երբեւէ, կոչւած է լինելու հայոց համազգային ու համահայկական նպատակներին սպասարկող՝ իրեն բաժին ընկած պարտաւորութիւնն արդարացնելու ի խնդիր:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Տարածաշրջանային իրադարձութիւնները՝ «Հայ Դատն այսօր»-ի ոսպնեակից
(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ, նոյեմբերի 16-ին եւ 17-ին Իրանի Հայ արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովը, որը խորագրւած էր «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձութիւնների համատեքստում:
«Խորհրդաժողովի բացումը կատարեց Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը, որն էլ բեմ հրաւիրեց խորհրդաժողովի առաջին նախագահ «alikonline»-ի խմբագիր՝ Արամ Շահնազարեանին:
Արամ Շահնազարեանը նախ ներկայացրեց, թէ «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողով համար ինչու է ընտրւել այս թեման եւ ինչ նպատակներ է հետապնդում խորհրդաժողովը, ապա ներկայացրեց խորհրդաժողովին հրաւիրւած հիւրերին՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրաքից եւ Սիրիայից, իսկ յետոյ բեմ հրաւիրեց խորհրդաժողովի միւս նախագահներին՝ Վարուժ Յովհաննիսեանին եւ Դերենիկ Մելիքեանին:
Այնուհետեւ ամբիոն հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, որն իր ելոյթում նշեց. «Հայ Դատը հաւատքին համազօր իրականութիւն է: Այն վստահութիւն ներշնչող իրականութիւն է, որն մեզ մղում է մտորելու, ուստի պէտք է բոլորս աշխատենք՝ իմաստութեամբ եւ մեր ժողովրդի նպատակը իրականացնելու ուղղութեամբ»:
Սրբազան Հօր ելոյթից, յետոյ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ Բիրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, որն իր ելոյթում ողջունելով խորհրդաժողովի կազմակերպումը յայտնեց. ««Հայ Դատն այսօր»-ը, արդէն 13 տարի է ինչ գումարւում է եւ իսկապէս մեծ դերակատարութիւն ունի մեր քաղաքական մտածողութեան զարգացման ուղում, որտեղ յաճախ է բարձրացւում օրակարգային թեմաներ եւ պատահական չէ որ հէնց Թեհրանի Հայ Դատի յանձնախումբն է կազմակերպում նման խոհրդաժողովները, քանի որ Իրանը աշխարհաքաղաքան առումով շատ մօտ է եւ Հայաստանին եւ Արցախին հետեւաբար լաւատեղեակ է տարածաշրջանային զարգացումներին»:
ՀՅԴ Բիւրոյի անդամն արտայայտւելիս նշեց, որ «Հայ Դատն այսօր»-ի բարձրաձայնած խնդիրները արդիական բնոյթ են կրում եւ այն ցուցաբերում է մեր ժողովրդի հարցերն ու խնդիրները հիմնականում հէնց՝ արդիական իմաստով:
Բանախօսը՝ համոզւած լինելով հայ ժողովրդի մօտ կազմաւորւած համընդհանուր գիտակցութեանը, որն է՝ միացեալ հայրենիքի գաղափարը նշեց. «Հայ Դատը ոչ թէ լուծւելու հարց է, այլ, լուծւում է, քանի որ միացեալ հայրենիքի մէկ մասնիկը, որն է՝ Արցախը արդէն միացել է Հայաստանին, հետեւաբար մեզ մնում է լուծել Արեւմտեան Հայաստանի հարցը, որը պէտք է պահանջել Թուրքիայից»:
Կիրօ Մանոյեանի ելոյթին յաջորդեց Թեհրանի Հայ Դատի յանձանխմբի նախագահ Իսակ Իւնանէսեանի զեկոյցը, որի ընթացքում նա ներկայացրեց վերջին 2 տարիների ընթացքում յանձնախմբի ծաւալած գործունէութիւնն ու կատարած աշխատանքները:
Զեկուցաբերների թւում էր նաեւ Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի անդամ Պետօ Դեմիրճեանը, որը տարիներ շարունակ աշխատանք էր ծաւալել Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակում:
Պետօ Դեմիրճեանն անդրադառնալով Եւրոպայի Հայ Դատի յանձնախմբերի ծաւալուն աշխատանքներին, որոնք գործում են Եւրոպայի տարբեր քաղաքներում յատկանշեց Եւրոպայում Արցախի ճանաչման գործում ունեցած ուղղւածութիւնը, որն իրականացւում է տարբեր քարոզչական աշխատանքներով: Նա իր ելոյթում նշեց. «Այս տարի յաջողւեց կազմել խորհրդարանականների խմբեր, որոնք Արցախի հետ կը սկսեն համագործակցել, ինչն էլ կը նպաստի Արցախի ճանաչմանը»:
Հայ Դատի կենտրոնական գրասենեակի աշխատանքների զեկոյցը ներկայացրեց Կիրօ Մանոյեանը, որը համապարփակ ներկայացրեց Հայ Դատի կենտրոնական յանձնախմբի գործունէութիւնը:
Լայնածաւալ գործունէութեան զեկոյցը ներկայացնելիս նա նշեց. «Հայ Դատի կենտրոնական յանձնախումբն իր ծաւալուն աշխատանքներում օժանդակում է Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող օրէնսդրական ակտերի ստեղծմանը տեղական, ֆեդերալ եւ միջազգային մակարդակներով, ուշադրութիւն հրաւիրում հայ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի խախտմանը»:
Մանոյեանը անդրադառնալով Հայ Դատի 100-ամեակից յետոյ առկայ մարտահրաւէրներին եւ հեռանկարին ընդգծեց այն փաստը, որ Հայ Դատն արդէն անցել է մի այլ փուլ որտեղ ճանաչումից բացի՝ օրակարգում առկայ է «հատուցման» հարցը, որի համոզմամբ, հէնց դրա ուղղւածութեամբ էլ աշխատում է յանձնախմբի կողմից ԱՄՆ-ում կեանքի կոչւած «Հայկական իրաւական» կենտրոնը:
Ըստ Կիրօ Մանոյեանի. «Կենտրոնն ազգային եւ միջազգային ատեանների ու հարթակների միջոցով փորձում է հասնել Հայոց Ցեղասպանութեան խնդրի արդարացի լուծմանը եւ պաշտպանել Արցախի անկախութեան իրաւունքը: Այն գտնւում է Վաշինգտոնում, եւ աշխատում է միջազգային ասպարէզում` ուշադրութիւնը սեւեռելով հատուցման հասնելու համար բոլոր հնարաւորութիւններին: Կենտրոնի վարչութեանն անդամակցում են թէ՛ Հայաստանից եւ թէ՛ սփիւռքահայ համայնքներից»:
Հայ Դատի եւ հայոց պահանջատիրութեան այժմեան փուլի քննարկումների մաս էր կազմում Կիրօ Մանոյեանի եւ Հենրիկ Խալոյեանի ելոյթները:
Հենրիկ Խալոյեանի համոզմամբ. «Հայ ժողովրդի արդարացի դատի մի մասնիկը արդէն իրականացւել է: Սակայն, այսօր, մեր երիտասարդութեան մօտ առկայ է անորոշութիւն»:
Նա իր ելոյթում մէջբերեց Կոստան Զարեանի խօսքը. «Երբ ազգերը խեղճանում են եւ պատմական կարեւորութիւնից զրկւում նրանց արհամարհում են եւ կողոպտում»:
Հենրիկ Խալոյեանը կարեւորելով ազգային ռազմավարական ծրագրերը յայտնեց. «Չեմ կարող ազգային ռազմավարութիւնը տարանջատել Դաշնակցութեան գաղափարից, այն պէտք է ընդգրկի եւ համադրի հայ ազգային քաղաքական ընկերային հասարակական եւ մշակութային արժէքներ, նպատակներ, եւ գործունէութիւնը դառնայ ի խնդիր հայրենիքի ամրապնդման եւ ազգի ինքնահաստատման, այն պէտք է տարբերւի Հայաստանի պետական քաղաքականութիւնից եւ իր մէջ պարունակի նաեւ համազգային նպատակներ»:
Ըստ Խալոյեանի հատուցման մէջ պէտք է կիրառել 5 կարեւոր գործօն որոնք են՝ պատիժը, ճանաչում եւ յիշատակումը, ոճրագործ կառավարութեան գործընթացը, որն պէտք է ցուցաբերի աջակցութիւն հայերին եւ Հայաստանին, Թուրքիայի առողջացումը եւ գոյքի վերադարձը, որում ընդգրկւած է մահւան դիմաց փոխհատուցումը:
Հենրիկ Խալոյեանի զեկոյցին յաջորդեց նոյն թեմայով Կիրօ Մանոյեանի զեկոյցը, որում նա կենտրոնանալով Հայ Դատի՝ Թուրքիայից ունեցած պահանջներին ասաց. «Ըստ արւած ուսումնասիրութիւնների, ցեղասպանութիւնները կատարւում են մի պետութեան կողմից հէնց իր քաղաքացիների նկատմամբ, եւ դրա փոխհատուցումը չի սահմանւած միայն տարածքներով, սակայն մեր հողերի վերադարձն ամրագրւած է, որպէսզի ցեղասպանութեան հետեւանքները վերածւեն»:
Կիրօ Մանոյեանը իր ելոյթում անդրադարձաւ Սեւրի պայմանագրին, Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի կարեւորութեանը, ճանապարհային քարտէզ ունենալու անհրաժեշտութեանը եւ հայ-թուրքական արձանագրութիւններին:
Յատկանշական է, որ իւրաքանչիւր զեկուցաբերի ելոյթից յետոյ լսարանին հարցումների եւ տեսակէտների արտայայտման առիթ էր տրւում, որոնց արդիւնքում ընթանում էր բուռն քննարկումներ:
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատուն պատասխանելով Սեւրի պայմանագրի իրաւական կարեւորութեան մասին հարցին յայտնեց որ, այն ունի քաղաքական եւ ոչ թէ իրաւական արժէք:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Կարէն Խանլարեանի ելոյթը վերաբերում էր գերտէրութիւնների եւ տարածաշրջանային խաղացողների դերակատարութեանը Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական հեռանկարում թեմային:
Կարէն Խանլարեանը կիսելով Կիրօ Մանոյեանի արտայայտած մտքերը, այնուամենայնիւ նշեց. «1919 թւականին տեղի ունեցած փարիզեան խորհրդաժողովի ժամանակ հայկական պատւիրակութեան մօտ գոյութիւն ունէր մէկ հարց, որն էր՝ Հայաստանի Հանրապետութեան ազատագրումը, քանի որ մինչեւ այդ մարդկութեան դէմ ոճրագործութիւնները եւ կոտորածը մեր խնդիրը չէր եւ մեր օրակարգում կար պատմական հայրենիքի ազատագրումը»:
Ինչ վերաբերւում է Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճիռին դոկտ. Խանլարեանը նշեց որ, այն նոյնպէս ցեղասպանութեան հետքերը մեղմացնելու համար չէր, այլ, պատկերացնում էր այնպիսի սահմաններ եւ տարածք, որը ռազմական եւ ռազմավարական առումով ապահովում էր մի քանի տարիների ապահով կեանք Հայաստանի համար:
Կարէն Խանլարեանն անդրադառնալով մարդկութեան դէմ իրականացւած ոճրագործութիւնների փոխհատուցման միջոցներին յայտնեց. «Հողային փոխհատուցումը ցեղասպանութեան հետքերը, ընդորում մարդու դէմ` իրականացրած ոճրագործութիւնների փոխհատուցման համար չէ, այլ, հողային պահանջատիրութիւնը, պատմական հայրենիքի ազատագրումը, հայ ժողովրդի պահանջն է Թուրքիայից»:
Նա իր ելոյթը եզրափակեց հետեւեալ մտքով. «Ցեղասպանութեան հատուցումը կորցրել է իր անկիւնաքարը, որն է՝ հողային պահանջատիրութիւնը. Չսխալւե՛նք, Թուրքիայի ճանաչումով մենք աւտոմատ կերպով չենք անցնի հողային պահանջատիրութեանը»:
Զեկուցաբերերի թւում էր նաեւ ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի վարիչ, ԵՊՀ հայ-քրդական առնչութիւնների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսեանը նա վերլուծելով տարածաշրջանային զարգացումները նշեց. «Իրաքեան Քուրդիստանի անկախացումը ինչ-որ տեղ կարող է Թուրքիայի համար դրական իրողութիւն լինել»: Փորձագէտը մանսաւորեց. «Իրաքեան Քուրդիստանը կարող է դառնալ անվտանգութեան բուֆեր անհանգիստ արաբական շրջանի ու Թուրքիայի միջեւ: Դրանից բացի, նաւթային եւ գազային ռեսուրսների տիրապետող Քրդստանը Թուրքիան կը վերածի էլ աւելի մեծ էներգակիրների խաչմերուկի, որովհետեւ արտահանման այլ ճանապարհ չի ունենայ, եթէ Իրանը չմեղմացնի իր դիրքորոշումը»:
Ինչ վերաբերում է Իրաքեան Քուրդիստանի անկախացմանը հայկական տեսանկիւնից, ապա Վահրամ Պետրոսեանը նշեց, որ հանրաքւէի անցկացումը եւս մէկ անգամ, ընդգծում է ազգերի՝ ինքնորոշման գործօնը: Դրանից բացի, Իրաքեան Քուրդիստանը լինելու է Թուրքիայի ուշադրութիւնը դէպի՝ հարաւ շեղող գործօն:
Գերտէրութիւնների եւ տարածաշրջանային խաղացողների դերակատարութեանը Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական հեռանկարի համատեսքի առաջին բաժում քննարկւեց թուրքիայի դերը եւ ներկայ աշխարհաքաղաքային կարգավիճակը, որտեղ ելոյթ ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ Գրիգոր Ղազարեանը: Նա անդրադառնալով 2023-ի Թուրքիայի Հանրապետութեան 100-ամեակին ասաց. «100-ամեայ Հանրապետութեան շեմին կանգնած իշխանութեան տեսլականն է զարգացումը, որում կը փորձեն էլ աւելի զարգացնել ե՛ւ տարածաշրջանային ազդեցութիւնը ե՛ւ տնտեսութիւնը»:
Այնուհետեւ հարթակ հրաւիրւեց «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանը: Նա հաստատելով՝ թուրքիայի քաղաքական տեսլականը, որը ներկայացւած էր Գրիգոր Ղազարեանի ելոյթում համոզմունք յայտնեց, որ այն տարիների ընթացքում ձեւաւորւած քաղաքականութիւն է, սակայն Դաւութողլուի` «0 խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականութիւնը որդեգրած Թուրքիան շատ հեռու է կանգնած իր արտաքին քաղաքականութեան համար ուրւագծած հեռանկարի իրականութիւնից, որի մեղաւորը հէնց ինքն է՝ Թուքիան:
Նա նշեց, որ Թուրքիան հիմա ծանր վիճակում է գտնւում երկրի ղեկավարութեան վարած արկածախնդիր քաղաքականութեան պատճառով: Որպէս օրինակ նա նշեց ԴԱԷՇ-ին՝ Թուրքիայի կողմից ցուցաբերւած աջակցութիւնը, որի մասին վկայեց ողջ աշխարհը:
Էստուկեանը անդրադառնալով թուրք հասարակութեանն յուզող հիմնահարցերին ընդգծեց՝ գործազրկութիւնը, արտագաղթը, թոշակառուների հարցերը, եւ նշեց, որ քաղաքական անորոշութիւնը ստւեր է գցել Թուրքիայի վրայ:
Ըստ նրա՝ թուրքահայ համայնքում, ինչպէս եւ ամբողջ Թուրքիայում այսօր մեծագոյն խնդիրը արտագաղթի ձգտումն է. «Շատերն են ցանկանում գաղթել, եւ դա, իհարկէ, մեզ համար մտահոգութիւն է, «one way ticket»-ները օրեցոր աւելի են շատանում»,- ասաց նա:
Բագրատ Էստուկեանը նշեց, որ Թուրքիային անհրաժեշտ է ժողովրդավարական սկզբունքներով պետութեան ձեւաւորումը՝ յաւելելով. «Մարդասպանութեան, խաբկանութեան, եւ ստի վրայ 1923-ին թուրք պետութեան հիմնումը սխալ էր, հետեւբար թող չգայ ոչ մի 2023 քանի որ, ոճրագործ սիւներ ունեցած երկիրը, պէտք է քանդւի՝ ի շահ իր ժողովրդի բարորութեանը»:
Զեկուցաբերերի թւում էր, նաեւ Արցախի Հանրապետութեան ԱԺ նախագահի տեղակալ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալաեանը, որը լայնածաւալ բացատրութիւններ տւեց Արցախի ներկայ քաղաքակական եւ հասարակական իրավիճակի, Արցախի ճանաչմումը նպաստող աշխատանքների, պատերազմի հաւանականութեան եւ ապագայ հեռանկարների մասին:
Համաձայն Բալայեանի անհրաժեշտ է, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը տնտեսապէս ամրապնդւեն, ժողովուրդը լիայոյս, ամուր ոտքերով կանգնած լինի իր հողին։ Նա յայտնեց. «Հանրապետութիւնը գոյութիւն ունի, այսօր այն կերտւում է թէ՛ քաղաքական, թէ՛ տնտեսական, թէ՛ մշակութային առումով, եւ Ղարաբաղի ժողովուրդը լիայոյս է, որ միջազգային հանրութիւնն ըմբռնումով կը մօտենայ Արցախի ճանաչմանը»: ԼՂՀ ԱԺ փոխնախագահը պարզաբանեց. «Այսօր մեզ համար կարեւոր է, որպէսզի միջազգային հանրութիւնը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, որովհետեւ մեծ ցանկութիւն ունենք ինտեգրւելու համաշխարհային հանրութեանը»։
«Հայաստանը բեւեռների միջեւ ԵՄ թէ՞ ԵԱՏՄ» թեմային անդրադարձաւ քաղաքագէտ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութեան վերլուծման կենտրոն»-ի ղեկավար Ստեփան Գրիգորեանը:
Ստեփան Գրիգորեանը դահլիճի ուշադրութիւնն հրաւիրեց օրակարգի տնտեսական մասին, քանի որ ԵԱՏՄ-ն ի սկզբանէ ներկայացւում էր իբրեւ տնտեսական կառոյց: Ըստ Գրիգորեանի. «2016 թւականին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումները կազմել են 20 տոկոս: Արտահանումների 80 տոկոսից աւելին բաժին է ընկնում եւրոպական պետութիւններին, ապա Չինաստան, Վրաստան, Իրան եւ այլն»: Այս թւերն, ըստ նրա՝ ուղղակի ապացոյց են հասարակական այն տրամադրութիւնների, որ Հայաստանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին, մեզ ոչինչ չի տւել:
Վերջինս յիշեցրեց, որ ԵԱՏՄ կողմնակիցները հաւաստիացնում էին, որ միութեանն անդամակցելը շահաւէտ է ՀՀ-ի համար, որ Եւրասիական տարածքը մեզ ծանօթ է, բիզնեսի համար բարդութիւն չի առաջացնի, դրական միջավայր է, չկայ լեզւի խնդիր, հայկական ապրանքները մրցակից կը լինեն ԵԱՏՄ-ում եւ ամենակարեւորը՝ ասում էին, որ միութեանն անդամակցութիւնը լուծում է մեր անվտանգութեան խնդիրը:
Բայց ժամանակն, ըստ վերլուծաբանի՝ ցոյց տւեց, որ բացի բացասականից ԵԱՏՄ-ն Հայաստանին տւեց գրեթէ ոչինչ:
«Մենք, սակայն, ասում էինք, որ մենք չունենք ցամաքային սահման ԵԱՏՄ անդամ որեւէ պետութեան հետ, իսկ սա արդէն սահմանափակում է, դու չես կարող հեշտ հատել այդ երկրների սահմանը: Մարդիկ չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքը Ռուսաստան, որովհետեւ ցամաքային միակ սահմանը՝ Վրաստանով՝ Վերին Լարսը, տարւայ կէսը փակ է, այնտեղ մարդկանցից գումար են շորթում»,- ասաց Գրիգորեանը:
Յատկանշական է որ, փորձագէտների ունեցած ելոյթների ժամանակ քննարկումներ էր ընթանում շոշափւող թեմաների շուրջ, ինչն էլ ձեւաւորում էր ՝ սոցիալ-քաղաքական զարգացած համընդանուր միտք, ինչպէս նաեւ քաղաքական տարբեր բեւեռներ, ինչն էլ անհրաժեշտ էր խորհրդաժողվի արդիւնաւորման համար:
Ստեփան Գրիգորեանի ելոյթի ժամանակ էլ հնչեցին ե՛ւ թեր ե՛ւ դէմ տեսակէտներ: Մասնաւորապէս լսարանի հնչեցրած դէմ կարծիքներից էր այն համոզումը, որ ՀՀ-ն անդամակցելով ԵՄ-ին էական վնաս կը պաճառի ե՛ւ ազգային անվտանգութեանը ե՛ւ տնտեսութեանը:
Հնչած կարծիքի շուրջ քաղաքագէտը զգուշացրեց, որ կապելով ՀՀ տնտեսութիւնը Ռուսաստանի հետ, որը պատժամիջոցների տակ է եւ ճգնաժամ է ապրում, բացասական հետեւանքներ կունենայ Հայաստանի վրայ:
Համաձայն փորձագէտի՝ այսօր Հայաստանին պէտք են այլընտրանքներ: ԵԱՏՄ-ն թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ինտեգրացիոն գործընթացների, եւ թէ տնտեսական հզօրութեան տեսանկիւնից թերի կառոյց է՝ մշուշոտ հեռանկարով, հիմնականում կենտրոնացած Միջին Ասիայի, արեւելքի եւ հեռաւոր արեւելքի ոչ այնքան զարգացած երկրների հետ համագործակցութեան հեռանկարի վրայ:
Խոհրդաժողովին զեկուցներով հանդէս եկաւ նաեւ Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ, «Ազդակ» օրաթերթի միջազգային լուրերի խմբագիր Վահրամ Էմմիեանը, որն անդրադարձաւ Լիբանանի վերջին զարգացումները՝ մատնանշեց դրանց ազդեցութիւնը տարածաշրջանային յարաբերութիւններում:
Վերջում, առիթ տրւեց Սիրիայի եւ Իրաքի ներկայացուցիչներ՝ Սեւակ Կիւլպանոսեանին եւ Բարսայի Հայ Դատի գրասենեակի անդամ Խաժակ Վարդանեանին ներկայացրնելու երկու համայնքների ներկայ իրավիճակը:
Եւ այդպէս ձեւաւորւում եւ զարգանում է 21-րդ դարի հայ քաղաքական իր կից քաղաքագիտա-մեկնաբանական աքսեսուարներով: Ըստ իս՝ քաղաքական իարադարձութիւնների հետ կապւած հասարակութեան մօտ նկատւող անորոշութիւնն ու որոշակի անվստահութիւնը յաճախ պայմանաւորւած է քաղաքական թոյլ մշակոյթով եւ անտեղեկացւածութիւնով: Արդիւնքում, այն ինչը, որ թւում է անսովոր ու անհասկանալի հասարակութեան մօտ առաջացնում է դժգոհութիւն եւ բացասական էմոցիաներ: Նմանատիպ խորհրդաժողովները կոչւած են հասարակութեան մօտ ապահովելու քաղաքական մտքի ձեւաւորումն ու զարգացումը ՝ընկալելի դարձնելով տարածաշրջանային հիմնահարցերը:
Ռեպորտաժը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ
Յ.Գ.- Խորհրդաժողովին հետեւած «Անկախ Քուրդիստանը, տարածաշրջանային քարտէզի փոփոխութիւնը եւ դրանց ազդեցութիւնը Հայ Դատի հոլովոյթի վրայ» «Talk show»-ի մասին պատմող ամբողջական ռեպորտաժը կը ներկայացնենք վաղը՝ նոյեմբերի 22-ին:
«Talk show»՝ որտեղ հանդիպեցին տարածաշրջանային լեզուն եւ գաղափարը
(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Դիսկուրսերաներ, վերլուծութիւններ, «Talk show»-ների հիմնական սկզբունքներից մէկը հանդիսանում է՝ սոցիալ-քաղաքական համատեքստի ուսումնասիրութիւնը, որի ընթացքում կոտորակւում են տարբեր թեմաներ, բացւում են դրանց ամենատարբեր ծալքերը, փորձ է արւում հնարաւորինս հարթել անորոշութիւնները եւ մտքերի դիսկուրսի արդիւնքում ձեւաւորել քննարկւող թեմայի հետ կապւած որոշակի պատկեր:
Իսկ ինչ վերաբերւում է Մերձաւոր Արեւելքին այսօր բոլոր քաղաքական ուժերը եւ քաղաքագէտները գիտակցում են տարածաշրջանում ընթացող զարգացումների կարեւորութիւնը:
Հէնց այս համատեքստում էլ տեղի ունեցաւ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձութիւնների համատեքստում» խորագրով, «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովին հետեւած «Talk show»-ն, որը կոչւած էր լոյս սփռելու Իրաքեան Քուրդիստանում ծաւալւող իրադարձութիւնների ամենատրբեր ծալքերի վրայ, պարզելու դրանց արմատները, դրդապատճառները, էութիւնը եւ զարգացման հնարաւոր ընթացքն ու միտումները, եւ մանաւանդ՝ դրանց ազդեցութիւնը Հայ Դատի, Հայաստանի եւ հայութեան վրայ:
«Անկախ Քուրդիստանը, տարածաշրջանային քարտէզի փոփոխութիւնն ու դրանց ազդեցութիւնը Հայ Դատի հոլովոյթի վրայ» խորագրով «Talk show»-ն վարեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախկին նախագահ, «alikonline»-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը, իսկ քննարկմանը մասնակցում էին «Հայ Դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովի զեկուցաբերներից ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, ԵՊՀ միջազգային յարաբերութիւնների եւ դիւանագիտութեան ամբիոնի վարիչ, ԵՊՀ Հայագիտական կենտրոնի հայ-քրդական առնչութիւնների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսեանը, քաղաքագէտ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցութիւնների վերլուծական կենտրոն»-ի տնօրէն Ստեփան Գրիգորեանը, ԵՊՀ իրանգիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, Պոլսում տպագրւող «Ակօս» պարբերականի հայերէն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկեանը եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:
Արամ Շահնազարեանը «Talk show»-ն բնութագրեց որպէս «մտքերի պինգ-պոնգ»՝ յստակեցնելով, թէ Իրաքի հիւսիում ընթացող իրադարձութիւնների հնարաւոր արդիւնքները ոչ մէկին յայտնի չեն: Նա ասաց. «Անկասկած, նման պայմաններում, երբ ողջ արեւելքը վերածւել է ակտիւ հրաբուխի, ժայտքելու վտանգը կայ ու նման պարագանեում խօսել՝ իրադարձութիւնների յստակ զարգացման մասին, եթէ ոչ անհնար, ապա չափազանց դժւար է»՝ աւելացնելով, որ «Talk show»-ի ընթացքում, Այնուամենայնիւ, փորձ կարւի ինչ-որ արդիւնքի հասնել:
Թէ ինչու որպէս «Talk show»-ի թեմա ընտրւեց հէնց Իրաքեան Քուրդիստանը, Արամ Շահնազարեանը նշեց, որ դեռեւս Պարսից ծոցի առաջին պատերազմին յաջորդած տարիներին, եւ մասնաւորաբար 2003-ից սկսեալ քուրդիստանում տեղի ունեցող իրադարձութիւնները ինչ-որ ձեւով վերածւել են Մերձաւոր Արեւելքի քաղաքական կացութեան ընդհանուր բաղադրիչի, որոնց նշանակութիւնն առաւել կարեւորւեց յատկապէս անկախութեան հանրաքւէից յետոյ:
Ըստ նրա՝ Իրաքեան Քրդիստանի վեջին իրադարձութիւնները խոր հետք են թողել Մերձաւոր Արեւելքում ուժերի յարաբերակցութեան վրայ, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ազդեցիկ ուժերին ստիպել են վերադիրքաւորւել եւ փոխել են տարածաշրջանում մինչ այդ ընդունւած խաղի կանոնները:
Միացեալ, անկախ Քուրդիստանի ստեղծման հեռանկարներն ու հնարաւորութիւնները եւ դէպի ուր է գնալու այն հարցմանը, առաջինը պատասխանեց Սետփան Գրիգորեանը՝ նշելով. «Կիրականացւի այն, թէ ոչ դժւար է ասելը, սակայն՝ որ քրդերը շատ մեծ շանսեր ունեն ստանալ անկախութիւն դա ակնյայտ է»:
Ստեփան Գրիգորեանի համոզմամբ տարածաշրջանային նորովի զարգացումների ձեւաւորման վրայ մեծ ազդեցութիւն ունեն գերտերութիւնները: Նա յայտնեց. «Այսօր ԱՄՆ-ի յենարանը թուրքիան չէ, նրանք ե՛ւ Իրաքում ե՛ւ Քուրդիստանում աշխատում են քրդերի հետ, եւ այնպէս էլ վերահսկում են տարածքը»:
Վահրամ Պետրոսեանը պատասխանելով, նոյն հարցին, Միացեալ Քուրդիստանի ձեւաւորումը անհաաւանական համարեց, իսկ՝ անկախ Քուրդիստանինը՝ հնարաւոր:
Կիրօ Մանոյեանն էլ կիսելով Վահրամ Պետրոսեանի կարծիքը, կարեւորեց Իրաքեան Քուրդիստանում առկայ տարաձայնութիւնները եւ քաղաքական վէճերը, ինչն էլ համարեց հետագայ զարգացումների անորոշութեան պատճառը: Նրա կարծիքով Հայաստանն այս հարցում նախքան որեւէ դիրքորոշում ընդունելը պէտք է սպասի՝ տեսնելու, թէ ինչպիսին կը լինեն Իրաքեան Քուրդիստանի հետագայ քայլերը եւ զարգացումները:
Ըստ Կարէն Խանլարեանի. «Անհաւանական է Իրաքեան Քուրդիստանի հանրաքւէի միջոցով միջազգային սուբիեկտ դառնալը, իսկ ինչ վերաբերւում է անկախացման գաղափարական հասկացողութեանը, ապա դա հնարաւոր է»: Նա իր պատասխանը յստակեցրեց հետեւեալ կերպ. «Ոչ կայ անկախ Քուրդիստան, ոչ էլ մօտ ապագայում տեսանելի կը լինի»:
«Ակօս»-ի հայկական բաժնի խմբագիրն էլ անհաւանական համարելով Քուրդիստանի անկախացումը՝ քուրդ ժողովրդին նմանացրեց հայերի եւ անկախացման հանրաքւէն, մեկնաբանեց, որպէս համընդանուր եւ չձեւաւորւած ազգային կամք՝ յայտնելով.«Դժբախտաբար միջազգային հանրութիւնը որդեգրում է սահմանների անփոփոխութեան սկզբունքը եւ դէմ է ազգերի կամքի դրսեւորման սկզբունքին»:
Անդրադառնալով Քուրդիստանի անկախութեան ազդեցութեանը տարածաշրջանի վրայ Կարէն Խանլարեանն ասաց. «Իրանի քրդերն ազգային իմաստով աւելի բարձր մակարտակի վրայ են գտնւում: Նրանք աւելի լաւ են ընկալում թէ՛ իրանական լեզուն եւ թ՛է մշակոյթը, ինչը նոյնը չէ Թուրքիայի քրդերի մօտ: Նոյնը վերաբերւում է նաեւ Իրանի քրդերի դաւանականութեանը, ինչն Իրանը չի փորձել ոչնչացնել, չարգելեով օրինակ Քուրդիստան անւանում»: Կարէն Խանլարեանը աւելացրեց. «Իրանը վաղուց ի վեր ձեւաւորել է դիւանագիտական, քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւններ Իրաքեան Քուրդիստանի հետ, որն հիմնւած է իրաքի հողային ամբողջականութեան կոնտեքստում»:
Իրանագէտ Արմէն Իսրաէլեանն անդրադառնալով Արամ Շահնազարեանի ուղղած հարցին ընդգծեց. «Հարցը կայանում էր ներքրդական միասնութեանը, որն կրում էր թոյլ բնոյթ՝ դրսեւորելով չձեւաւորւած համընդանուր կամքը»:
Բարզանիականներին անդրադառնալիս Վահրամ Պետրոսեանը ուշադրութեան է հրաւիրում նաեւ նրա վրայ, որ կար ոչ միայն նախագահի ինստիտուտի լեգալացման, այլեւ մի շարք խնդիրներ, մասնաւորապէս Քիրկուկի խնդիրը: «Անկախութեան հանրաքէն ուժեղացրեց բարզանիականների դիրքերը»,- կարծում է Վահրամ Պետրոսեանը:
Ըստ Պետրոսեանի՝ Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ քննարկումները վաղուց էին ընթանում: Հիւպատոսութեան բացումը սկզբունքային որոշում է, այն էականօրէն կը նպաստի Հայաստանի ու Քուրդիստանի ռեգիոնալ կառավարութեան յարաբերուիւնների զարգացմանը»,-ասաց Վահրամ Պետրոսեանը:
Նրա խօսքով՝ այս հիւպատոսութեան հետ կապւած քրդական կողմը մեծ յոյսեր է կապում, բազմաթիւ քուրդ գործիչների շրջանում Հայաստանի հետ կապւած դիսկուրսը բաւական դրական է:
«Քուրդիստանի ռեգիոնալ կառավարութիւնը Հայաստանը դիտարկում է նաեւ տարածաշրջանի համատեքստում: Դրանից բացի, կարեւորում է տնտեսական գործօնը: Մեծ յոյսեր են կապում ներդրումների հետ, նոյնիսկ նշում են բնագաւառներ, որտեղ Հայաստանը կարող է օգտակար լինեն: Կարեւորում են առողջապահական համակարգը, համագործակցութեան եզրեր են փնտրում գիւղատնտեսութեան բնագաւառում: Նախանշում են համագործակցութիւն կրթական ոլորտում, հազարաւոր քրդեր պատրաստ են գալ Հայաստան կրթութիւն ստանալու»,- ասաց Վահրամ Պետրոսեանը` նշելով, որ ընդհանուր առմամբ Հայաստանը դրական իմիջ ունի: Այժմ Հայաստանի խնդիրն է աշխատել այդ ուղղութեամբ:
Կիրօ Մանոյեանի կարծիքով` Քուրդիստանի անկախացումը կարող է ընդհանուր ապակայունացման հանգեցնել տարածաշրջանում: «ՀՀ սահմանից ուղիղ գծով նոյնիսկ 300 կմ. չկայ մինչեւ Իրաքի Քուրդիստան, դրա համար ապակայունացումը վտանգաւոր կը դառնայ մեր տարածաշրջանի համար, եթէ սկսւեն մեծածաւալ ռազմական գործողութիւններ, որի մասնակիցը կը դառնան տարբեր պետութիւններ, եւ իսկապէս ապակայանուցումը կը հասնի մեզ շատ արագ»,- նշեց Մանոյեանը:
Թէ ինչպէս պէտք է դիտարկել տարածաշրջանային գործընթացը Հայ Դատի պահաջատիրութեան պայքայի համատեքստում Իրանի իսլ. խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը յայտնեց որ հողի տէրը նա է, ով առաջինն է բնակւել դրա վրայ: Նա յաւելեց. «Միջազգային իրաւունքի տեսանկիւնից ունենք հզօր զէնք, որն է Վուդրօ վիլսոնի իրաւարար վճիռը, որն օրէնք է համարւում ԱՄՆ-ում»:
Համաձայն Խանլարեանի՝ «Արեւմտեան Հայաստանի տարածքները աներկբայօրէն Հայաստան է»: Թէ ինչ կանենք այդ հողերի հետ նա պատասխանեց. «Դա պէտք է ճշտի Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը»:
Վահրամ Պետրոսեանը վերջում ընդգծեց, որ անհրաժեշտ է, որպէսզի ՀՀ-ն հանդէս գայ համընդանուր հայեցակարգով, որտեղ կը կազմակերպի սցենարային մոդելներ հայ-քուրդական յարաբերութիւնների հարցով:
Եւ այսպէս աւարտւեց «Հայ Դատն այսօր»-ի «Talkshow»-ն, որը եզրափակւեց «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանի ելոյթով, ով բարձր գնահատեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի գործունէութիւնը եւ կարեւորեց երիտասարդների իրազեկումը: ՀՅԴ Բիւրոյի անունից էլ խօսեց Կիրօ Մանոյեանը՝ բարձր գնահատելով քննարկւած թեմաները:
Ռեպորտաժը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ
ԱՐՑԱԽԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԴՐՎԵՆ
(ԱՊԱՌԱԺ) Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-17-ին Իրանի «Արամ Մանուկյան» սրահում տեղի ունեցավ «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը, որը խորագրված էր «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձությունների համատեքստում»: Խորհրդաժողովի ընթացքում պարսկալեզու լսարանին են մատուցվում քաղաքագիտական վերլուծական քննարկումներ, ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային հիմնախնդիրների մասին: Խորհրդաժողովին մասնակցում էին տարբեր երկրներից հայ համայնքի և Հայ Դատի գրասենյակների ներկայացուցիչներ՝ Լիբանան, Սիրիա, Իրաք, Թուրքիա, Իրան, Հայաստան, Արցախ:
Թեհրանի «ՀՈՒՍԿ» (Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն) հաստատության եւ միջազգային հարաբերությունների իրանական կենտրոնի հրավերով խորհրդաժողովին մասնակցում էր նաև Արցախի ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, պատմաբան Վահրամ Բալայանը:
«Առաջին օրը իրանցի շուրջ 250 փորձագետների, քաղաքագետների, ուսանողների մասնակցությամբ ծավալվեցին քննարկումներ՝ տարածաշրջանային զարգացումների՝ տվյալ պարագայում Արցախյան հիմնահարցի, դրա կարգավորմանը Իրանի մասնակցության վերաբերյալ»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Վահրամ Բալայանը և ավելացրել, որ իրանական լսարանի համար հանդես է եկել զեկույցով՝ «ԼՂ հակամարտություն. տարածաշրջանի գերտերությունների դերակատարությունը» թեմայով: «Բազմաբնույթ քննարկումներ ծավալվեցին քրդական հարցի, տարածաշրջանի վրա դրա ազդեցության, Եվրոմիության, Եվրասիական տնտեսական համագործակցության հետ կապված հարցերի վերաբերյալ, առաջարկություններ հնչեցին հայ-իրանական համագործակցության համատեքստում՝ խորացնելու երկու երկրների բարեկամությունը, ամրապնդելու Արցախի հետ կապերը»,- մանրամասնել է Վահրամ Բալայանը:
«Խորհրդաժողովի երկրորդ և երրորդ օրը տեղի ունեցան Հայ Դատի հանձնախմբերի ժողովներ՝ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվեցին տարածաշրջանային զարգացումների հարցերը, ուրվագծվեցին մոտակա ժամանակահատվածում Հայ Դատի գրասենյակների գործունեության ոլորտները»,- տեղեկացրել է Վահրամ Բալայանը՝ հավելելով, որ Արցախի զարգացման հետ կապված բազմաթիվ հարցեր քննարկվեցին, որոնք պետք է գործնական հողի վրա դրվեն:
Խոսքն առաջին հերթին վերաբերում է տնտեսական ծրագրերի իրագործմանը, Արցախում մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, վերաբնակեցման քաղաքականությանը նպաստելուն, բազմազավակ ընտանիքների խրախուսմանը, զոհված ազատամարտիկների ընտանիքների աջակցությանը և կրթական, ուսումնական ծրագրերի հետ կապված հարցերին: «Սրանք բազմաբնույթ գործնական հարցեր են, որոնք, կարծում եմ, հետագայում կնպաստեն Արցախի կայացմանը և ընդհանուր առմամբ Սփյուռք-Արցախ համագործակցության ուժեղացմանը»,- եզրափակել է Վահրամ Բալայանը:
Վահրամ Բալայանի ելույթը Թեհրանում կայացած Հայ Դատի խորհրդաժողովի ժամանակ
(ԱՊԱՌԱԺ) Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանի ելույթը Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ նոյեմբերի 15-17-ին Իրանում կայացած «Հայ Դատը տարածաշրջանային վերջին իրադարձությունների համատեքստում» խորագիրը կրող խորհրդաժողովի՝ իրանական լսարանի համար:
«ԼՂ հակամարտություն.
տարածաշրջանի գերտերությունների դերակատարությունը»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը բարդանում և համարյա անհնարին է դառնում տարածաշրջանում գերտերությունների շահերի իրարամերժության և խոր հակամարտությունների շնորհիվ:
Հետևաբար ինչպես երկրագնդի, այնպես էլ տարածաշրջանի գերտերությունների մոտեցումներով է պայմանավորված նաև ԼՂ հիմնահարցի կարգավորումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններից հակամարտող կողմերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի Ռուսաստանը:
Վերջինս ոչ միայն մեծ շահեր ունի Հարավային Կովկասում, այլ նաև բազմաթիվ նախաձեռնություններով Մինսկի խմբից զատ փորձում է իրավիճակի վրա ազդել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցային ձևաչափի միջոցով (2015 թ. նոյեմբերից շրջանառության մեջ դրված «Լավրովի պլանը», ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների կազմակերպում և այլն):
Բայց ամենից վտանգավորը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու արատավոր փաստն է, որը խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը ավելի մշուշոտ է դարձնում: Ժողովրդական իմաստուն խոսք կա ասված. «եթե հրացան կա, այն մի օր պիտի կրակի»: Նման գործելաոճը Ռուսաստանը և Արցախը իրար կապող բազմադարյան ջերմ բարեկամությունը խաթարող հանգամանք է:
Ռուսաստանը հիմնականում ձգտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակակշռություն պահպանել: Բայց վերոհիշյալ գործնական քայլերը այդ ծրագրին հակընդեմ են:
Իր ռազմավարական դիրքի և էներգոկիրների պաշարների պատճառով տարածաշրջանային գերակայության հաստատման համար առանցքային նշանակություն ունեցող Ադրբեջանի համար միմյանց հետ մրցակցում են մի կողմից ԱՄՆ, Արևմուտքն ու Թուրքիան և մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը:
Ներկայումս Ռուսաստան-Արևմուտք, ԱՄՆ ճգնաժամը ավելի է բարդացնում ստեղծված կացությունը: Այս հանգամանքը որոշակիորեն ազդում է ղարաբաղյան հակամարտության և հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Աշխարհաքաղաքական դիմակայությունը Արևմուտքին և Ռուսաստանին ստիպել է առավել ակտիվացնել տարածաշրջանային, տվյալ պարագայում՝ Հարավային Կովկասում քաղաքականությունը: Եվ այդ մրցավազքի մեջ ինչ-որ առումով գերտերությունները դեպքից դեպք հակամարտության այս կամ այն կողմի հանդեպ փոխել են իրենց մոտեցումները:
2013 թ. օգոստոսին Եվրոմիության հետ Հայաստանի ասոցացման պայմանագրի կնքման նախաշեմին բավականին բարդացան հայ-ռուսական հարաբերությունները: Եվրոտնտեսական միություն մտնելուց հետո այդ հարաբերությունները նորից շտկվեցին: Բայց դրա փոխարեն բարդացան ՀՀ հարաբերությունները Արևմուտքի հետ:
Վերջին շրջանում Վաշինգտոն-Բրյուսել-Երևան կապերի սերտացման պայմաններում, նկատելի է Մոսկվա-Բաքու հարաբերությունների ջերմացման ընթացքը: Գերտերությունների աշխարհաքաղաքական հարաբերությունների խորացման խորապատկերի վրա էլ ուրվագծվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը:
Վերջին շրջանում Ռոուհանի-Ալիև-Պուտին ձևաչափով հանդիպումները և Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգծի կառուցումը կարելի է ընկալել Հայաստանին մեկուսացնելու ևս մի փորձ, որը անվստահություն կառաջացնի հատկապես բարեկամ երկրների միջև և առավել կհեռացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրը:
Այդ ամենով հանդերձ պետք է նկատենք, որ հիմնահարցը կարգավորելու համար Ռուսաստանի կողմից գործնական քայլերի բացակայությամբ հանդերձ, այդ երկիրը շահագրգռված է Հարավային Կովկասի իրադրության կայունացմամբ:
Ռուսաստանի սահմաների մոտ նոր պատերազմը, կարող է քաոս առաջացնել, իսկ դա անխուսափելիորեն ուղեկցվելու է ամբողջ տարածաշրջանում ազգամիջյան երկպառակություններով, միլիոնավոր մարդկանց կենսապայմանների կտրուկ վատթարացմամբ, ուրեմն նաև միգրացիոն նոր հոսքերով դեպի Ռուսատան, Կովկասյան լեռներով դեպի հյուսիս ազգայնամոլական ու ծայրահեղական տրամադրությունների տարածմամբ՝ պարարտ հող ստեղծելով ահաբեկչության և Ռուսաստանում ազգամիջյան հարաբերությունների բարդացման համար: Ռուսաստանը Կովկասում ունի յոթ ինքնավարություն և երկու երկրամաս: Հարավային Կովկասի կայունությունը Ռուսաստանի անվտանգության հարցն է:
Չնայած ԱՄՆ մեր տարածաշրջանից բավականին մեծ հեռավորության վրա է գտնվում, այնուամենայնիվ այդ գերհզոր երկիրը աշխարհի այս հատվածում իր շահերն ունի և Եվրոմիության միջոցով հիմնականում համաձայնեցված քաղաքականություն է վարում Անդրկովկասում և հարակից շրջանում:
Ռուսաստանի պարագայում ԱՄՆ-ի և Եվրոմիության մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի և դրանով նաև պայմանավորված՝ ղարաբաղյան հակամարտության նկատմամբ միանշանակ չեն: Այն որոշակի ժամանակի և աշխարհաքաղաքական զարգացումների հոլովույթում փոփոխությունների է ենթարկվում: Զ. Բժեզինսկին գրել է. «Անկախ Ադրբեջանը կարող է դառնալ միջանցք Արևմուտքի համար դեպի էներգետիկ ռեսուրսներով հարուստ Կասպիականի ավազանը և Միջին Ասիա: Ամերիկայի կողմից հզորագույն աշխարհաքաղաքական աջակցության արժանի պետություններն են Ադրբեջանը, Ուզբեկիստանը և Ուկրաինան. այս երեքը աշխարհաքաղաքական կենտրոններ են»:
Արևմուտքն Ադրբեջանի և Միջին Ասիայի նկատմամբ քաղաքականությունը ձգտում է վարել վերջիններիս հետ էթնիկ, լեզվական, կրոնական, պատմամշակության կապեր ունեցող Թուրքիայի միջնորդությամբ: Այդ միջնորդավորված կապը նպատակ ունի բարձրացնել Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում: 2007թ. Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը նշել է. «Թուրքիան իր աշխարհագրական դիրքով և ՆԱՏՕ-ի անդամակցմամբ, կապող օղակ է հանդիսանում Ադրբեջանը Հյուսիսատլանտյան դաշինքին միավորելու համար»:
Նման մոտեցումները տարածաշրջանում միտված են լուծելու մի քանի հարցեր. ա) Արևմուտքը վերահսկողություն կսահմանի մերձկասպյան տարածաշրջանի էներգետիկ պաշարների վրա:
բ) Թուրքիային տարածաշրջանում դարձնելով տնտեսական և քաղաքական առաջնորդ, դրանով իսկ կթուլացնի Իրանի ազդեցությունը մահմեդական երկրների վրա:
գ) հնարավորինս կթուլացնի Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքը:
Այս ամենը լայն հեռանկար է բացում Թուրքիայի առջև պանթուրքիստական ծրագրերի իրագործման համար: Ի դեպ Թուրքիայի և Գերմանիայի միջև վերջին ամիսներին ստեղծված լարված վիճակը որակապես չի փոխի Արևմուտքի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող ռազմավարական հարաբերությունները և այդ ամենը կմնա որպես տարածաշրջանում Ռուսաստանին և Իրանին թուլացնելու միջոցներ:
ԱՄՆ և Եվրոմիությունը Ռուսաստանից հետ չմնալու համար վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի ակտիվություն են ցուցաբերում և փորձում են գործնական դերակատարություն ունենալ: Այդ ամենը տեսանելի է վերոհիշյալ երկրների պատասխանատուների ոչ միայն հայտարարություններից և համացանցում սփռված նյութերից, այլ նաև գործնական որոշ քայլերից: Այսպես, 2012 թ. մայիսից սկսած առ այսօր ԱՄՆ 7 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը: ԱՄՆ ՀՀ-ից հետո միակ երկիրն է, որ Արցախում հումանիտար ծրագրերի իրագործման համար որոշակի գումար է հատկացնում: Ոչ պակաս ուշագրավ է ԱՄՆ Կոնգրեսում 2015 թ. ԱՀ անկախության տարեդարձը նշելու փաստը: ԱՄՆ կոնգրեսականները իրենց հերթին 2015 թ. հոկտեմբերին նամակով դիմել են Ջեյմս Ուորլիքին, հորդորելով շփման գծում լարվածության թուլացման համար համապատասխան քայլեր ձեռնարկել: 2016 թ. հունվարին կոնգրեսական Ռոյսի նախաձեռնությամբ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ղարաբաղյան հարցով փակ լսումներ կազմակերպվեցին: 2016 թ. ապրիլյան իրադարձությունից հետո կոնգրեսականները ԱՄՆ կառավարությանը կոչ են անում «աչք չփակել ադրբեջանական ագրեսիայի վրա»:
Վաշինգտոնը նմանատիպ քայլերով փորձում է նաև կանխել Ռուսաստանի ազդեցության մեծացումը Անկարայի, Երևանի և Բաքվի վրա: Դրա համար ԱՄՆ, ըստ էության, փորձում է թույլ չտալ, որ Ռուսաստանի և վերոհիշյալ երկրների միջև պայմանավորվածություններ կայանան ու գործնականում հաջողեն:
Գաղտնիք չէ, որ 1920-ական թվականներին Թուրքիան իր հեռագնա ծրագիրը իրագործելու նպատակով Ռուսաստանի բոլշևիկ ղեկավարներին համոզեց Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը նվիրաբերել խորհրդային Ադրբեջանին:
Նման պայմաններում Թուրքիայի օրվա իշխանությունները, շարունակելով նախորդ պատմաշրջանից ժառանգած հակահայկական մոտեցումները, 1991 թ. սկսած դիմում են ամեն միջոցի՝ ղարաբաղյան հարցը լուծելու հոգուտ Ադրբեջանի: Ավելին, Նախիջևանի վրա իր ազդեցությունը մեծացնելու և ՀՀ համար սպառնալիքներ ստեղծելու նպատակով փորձում են հզորացնել այդ երկրամասը: 2017 թ. հոկտեմբերի վերջին թուրքական իշխանությունները Նախիջևանի հետ անմաքս առևտրի որոշում կայացրին: Թուրք պաշտոնյաները տեղի ու անտեղի հայտարարում են, որ ամեն ինչ կանեն Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու համար:
Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը թուլացնելու, ինչու չէ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար Թուրքիան Հարավային Կովկասում ձգտում է ստեղծել Ակրա-Թբիլիսի-Բաքու եռանկյունին: Այդ ամենի գործնական արտահայտությունները դարձան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցումը:
Ինչ էլ որ անեն, Թուրքիան և Ռուսաստանը Կովկասում եղել և կմնան որպես ռազմաքաղաքական մրցակիցներ, եթե ոչ թշնամիներ: Չմոռանանք, որ վերջին 400 տարում Թուրքիայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել 12 պատերազմ՝ 69 տարի տևողությամբ:
Ժամանակակից Թուրքիայում վերհիշել են պանթուրքիստական ծրագրերը: Ղրիմը, հյուսիսային Կովկասի սուննիաբնակ տարածքները Թուրքիայի և Ռուսաստանի համար կմնան որպես ցավոտ կետեր:
Թուրքիային և Ռուսաստանին իրար հետ այսօր ավելի շատ կապում է տնտեսական շահը: Չմոռանանք, որ երկու երկրների միջև տարեկան ապրանքաշրջանառությունը հատում է 30 մլն դոլարի շեմը:
Ռուս-թուրքական ներկայիս կայուն հարաբերությունները նպաստում են Անդրկովկասում խաղաղության պահպանմանը: 2016 թ. ապրիլին ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունները նաև ռուս-թուրքական թշնամական հարաբերությունների հետևանք են: Թուրքիան դրանով փորձում էր Ռուսաստանին զգացնել տալ իր գոյության մասին:
Անկարայում գիտակցում են, որ Ադրբեջանը Թուրքիայի և Ռուսաստանի հետ վարում է կոմպլեմենտար քաղաքականություն: Իհարկե, Թուրքիան կցանկանար ազատվել Ադրբեջանի արտաքին քաղաքական շահերն իր հաշվին սպասարկելուց, բայց Էրդողանը և նրա շրջապատը հասկանում են, որ չեն կարող անտեսել ազգայնական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում տարածաշրջանային գերտերությունների ակտիվության խորապատկերի վրա Արցախի Հանրապետության համար կարևորվում է մեզ բարեկամ երկրի՝ Իրանի իսլամական հանրապետության ցուցաբերած մոտեցումները:
Արաքսից այն կողմ ապրող իրանցի ժողովուրդը դարերի ընթացքում ապացուցել է, որ իր երկրի և Արցախի շահերը կարելի է համադրել և ապրել խաղաղ գոյակցության և բարիադրացիական հարաբերությունների մեջ: Միջնադարի վերջին շրջանում Խամսայի մելիքությունների գոյությունը հենց դրա վառ ապացույցն է: Իրանի հզոր պետությունը հանդուրժեց իր կողքին ունենալ ինքնավար կարգավիճակ ունեցող մի երկիր: Ամենայն հավանականությամբ այդ ամենի մեջ իր կարևոր նշանակությունն է ունեցել հազարամյակների խորքից եկող մեր երկու ժողովուրդների էթնոմշակութային ընդհանրությունը:
Իրանը մինչև 1997 թ. ոչ միայն դրական դերակատարություն է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, այլ նաև Արցախի հանրապետության հետ ունեցած իր հարաբերություններում նորից հավաստել է, որ մեզ համար մնում է որպես բարեկամ երկիր:
Կարծում ենք, 1994 թ. առայսօր Արցախի Հանրապետության և Իրանի միջև ձգվող 138 կմ երկարություն ունեցող սահմանի գոյությունը երկու երկրների անվտանգության պահպանման տեսանկյունից միայն ու միայն շահեկան է:
Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Ադրբեջանը նավթադոլլարները շարունակում է ուղղել ռազմական բյուջեի ավելացմանը և մեծ քանակությամբ հարձակողական սպառազինության ձեռք բերմանը: Այս ամենը կարող է խախտել ստեղծված հավասարակշռությունը և վտանգի տակ դնել Արցախի ափամերձ շրջանները: Այդ վտանգի չեզոքացման համար Իրանի Իսլամական հանրապետության և Արցախի հանրապետության միջև համագործակցության լայն ասպարեզ կա: Վերջին 23 տարիների ընթացքում (1994-2017 թթ.) արցախյան կողմը դեմ է եղել տարածաշրջանում հակամարտության շրջանում որևէ երկրի կողմից խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այս հանգամանքը նորից բխում է մեր երկու երկրների անվտանգության շահերից: Հետևաբար ունենալ կայուն և զարգացող Արցախի Հանրապետություն, նշանակում է՝ ինչ-որ ձևով նպաստել նաև մեր բարեկամ երկրի անվտանգության պահպանմանը: Մանավանդ, ադրբեջանաիսրայելական հարաբերությունների ջերմացման, ռազմական ասպարեզում համագործակցության՝ կապված զենքի վաճառքի ու համատեղ զինատեսակների արտադրության և Ադրբեջանում տեղակայված իրանական ատոմային ծրագիրը հսկող իսրայելական էլեկտրոնային հետախուզական սարքերի գոյության պայմաններում վերոհիշյալ վտանգների հաղթահարումը ավելի արդիական է դառնում:
Գտնում ենք, որ ժամանակն է նաև Արցախի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկկողմանի հարաբերությունների ձևավորմանը:
Վերջին տարիներին Իրանի պաշտոնական որոշ շրջանակներ հայտարարում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Իրանը ունի համապատասխան ծրագիր: Մասնավորապես, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը 2014 թ. փետրվարի 2-ին «Գյուն-ազ» կայքին տրված հարցազրույցում նշել է. «Իրանը ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ մշակված ծրագիր ունի, սակայն այդ ծրագիրը այն դեպքում օգտակար կլինի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը աջակցեն դրան, հետևաբար քանի դեռ աջակցություն չեն հայտնել, Իրանը հակված չէ հրապարակել իր ծրագիրը»: Եթե կա նման ծրագիր, երևի ճիշտ կլինի այն սկզբում քննարկել Արցախի հանրապետության պատասխանատուների հետ, որովհետև առանց արցախահայության մասնակցության անհնարին կլինի լուծել այդ հակամարտությունը:
Իրանի ԱԳ խոսնակ Բահրամ Քասեմին 2017 թ. մայիսի 1-ին հայտարարել է. «Կարգավորել ԼՂ հակամարտությունը առանց ժողովրդի դերակատարությունը հաշվի առնելու, անհնար է: Ժողովրդի դերը կարգավորման գործում որոշիչ է լինելու»: Իրանական կողմի նման սթափ մոտեցումը ավելի գործնական հուն տեղափոխելու պարագայում ԼՂ հակամարտության կարգավորումը առավել դյուրին կդարձնի:
Վերոհիշյալից արվելիք եզրակացությունը մեկն է. բարի կամեցողության դեպքում ԼՂ հակամարտությունը կարելի է լուծել, և, երկրագնդի այս հատվածում ապրող ժողովուրդների փոխշահավետ համագործակցության մթնոլորտ ստեղծելով, տարածաշրջանում ապահովել երկարատև խաղաղություն ու բարգավաճում:
Այցելութիւններ «Արտակ Մանուկեան» թանգարան
(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Թւականիս նոյեմբերի 3 եւ 4-ին Իրան ժամանած Հայաստանի Մատենադարանի մասնագէտներ եւ համալսարանի դասախօսներ՝ Դաւիթ Ղազարեանը եւ Ինեսա Դանէլեանը, ուղեկցութեամբ լուսանկարիչ Նիկոլի, այցելեցին «Արտակ Մանուկեան» թանգարան: Նրանք ուսումնասիրեցին ցուցադրւած ձեռագիր գրքերը:
«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած երկօրեայ «Հայ Դատն այսօր» համագումարին մասնակցելու համար, Թեհրան ժամանած դոկտ. Ստեփան Գրիգորեանը, դոկտ. Վահրամ Բալայեանը եւ դոկտ. Բագրատ Էստուկեանը, նոյեբերի 15-ին, ընկերակցութեամբ «ՀՈՒՍԿ» հաստատութեան ներկայացուցիչների, այցելեցին «Արտակ Մանուկեան» թանգարան: