«Իրենց սկսած գործը հասցնելու ենք ավարտին»
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի խոսքը՝ Արցախի Հանրապետության 26֊րդ տարեդարձի առիթով միջոցառմանը, Եռաբլուրում, 2017թ. սեպտեմբերի 2֊ին
Սիրելի հայրենակիցներ, գաղափարի ընկերուհիներ եւ ընկերներ,
Այսօր, նշում ենք Արցախի Հանրապետության հռչակման 26-ամյակը, այդ պատճառով էլ՝ տօնական օր է։ Տօնական օր լինելով հանդերձ, պիտի արձանագրել, որ պատմական մեկ քայլ էր, որ թվում էր թե չեր բխում 1988-ի փետրվարին ծայր առած՝ Արցախը Սովետական Հայաստանին վերամիավորելու պահանջով համաժողովրդային շարժման տրամաբանությունից։ Ի վերջո, կար 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը: Այդ բոլորով հանդերձ, սակայն, անհրաժեշտություն էր 1991 թվականի սեպտեմբերի 2-ի որոշումը, որովհետեւ մեկ կողմից բավարարում էր Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանից անկախ ապրելու ձգտումը, մյուս կողմից՝ այդ նպատակի իրականացումը դնում էր թե՛ օրվան քաղաքական իրավիկիճակի փաստերի վրա, մյուս կողմից՝ այդ կամքի դրսեւորումը իրականացնում էր Սովետական Միության օրվան օրենքների տարրին ու ոգուն համապատասխան։
Օգոստոսի 30-ին, Սովետական Ադրբեջանի անկախության մասին հռչակագրով, Ադրբեջանը իրեն հռչակում էր 1918-1920 գոյություն ունեցած Ադրբեջանի անկախ հանրապետության իրավաժառանգորդ, հրաժարվում էր սովետական ժառանգությունից։ Իսկ Արցախի վրա ադրբեջանական որեւե տիրապետություն, թեկուզ՝ անօրինական, եղել է բացառապես սովետական պետական կամ կուսակցական մարմինների որոշումներով։ Իրականում՝ հրաժարվելով սովետական ժառանգությունից՝ Ադրբեջանը նաեւ հրաժարվում էր Լեռնային Ղարաբաղից ու Նախիջեւանից։ Անառարկելի փաստ է, որ Արցախը երբեք մաս չի կազմել անկախ Ադրբեջանի, ո՛չ սովետական միությունից առաջ, ոչ էլ՝ Սովետական Միության փլուզումից հետո. ո՛չ իրավականօրեն եւ ոչ էլ՝ փաստացի։ Ահա այս տեսանկյունից եւս, սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը օրվան քաղաքական իրականությունների պայմաններից էր բխում։
Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի սեպտեմբերի 2-ի որոշումը, դեկտեմբերի 10-ին, համաժողովրդական հանրաքվեով, արժանացավ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտությանը, նույն սովետական օրենքների պահանջին համաձայն։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը հավատարիմ է մնացել Հայաստանի մյուս շրջաններին հետ վերամիանալու Արցախի ժողովրդի կամքին։ Սեպտեմբերի 2-ի որոշումը «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան [է] համարում հայ ժողովրդի միասնության ձգտումը»։ Իսկ դեկտեմբերի 10-ի իր ազատ կամարտահայտությմաբ՝ հանրաքվեով, Արցախի ժողովուրդը «այո» էր պատասխանում հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ պետություն լինելու մասին հարցին, և իր համաձայնությունն էր հայտնում այն մասին, որ անկախ հանրապետությունը «ինքնուրույն որոշի համագործակցության ձևերըը այլ պետությունների և միությունների հետ»: Պատմական հոլովույթը եւ Արցախի ժողովրդի այս կամքը հաշվի առնելով, միանգամայն կարելի է ասել, որ սեպտեմբերի 2-ի որոշումը ընդամենը մարտավարական, տակտիկական քայլ էր եւ հավատարիմ է Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորման Արցախի ձգտումին։ Ինչպես Արցախում պիտի ասեին, Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը՝ Հայաստանի հետ վերամիավորման ամենակարճ ճանապարհն է։
Այս ճանապարհին, անհրաժեշտ ենք համարում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը։ Պայմանագիր, որը պատրաստվել է 2016-ի ապրիլյան քառօրյա կռիվներից հետո։
Հատուկ ասեցի կռիվներ եւ ոչ թե պատերազմ, որովհետեւ իրականում պատերազմը չի ավարտել. 1994-ին, ընդամենը զինադադարի պայմանագիր է ստորագրվել, որն էլ անընդհատ խախտվում է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի այդ ագրեսիային դեմը կարող ենք առնել մի քանի ճակատներում միաժամանակ պայքարելով։ Բնականաբար, առաջին ճակատը դա մեր զինված ուժերի՝ բանակի անընդհատ հզորացումն է։ Ազգ-բանակի գաղափարախոսության բյուրեղացումն ու կիրառումը այդ ուղղությամբ ճիշտ քայլ է։
Երկրորդ ճակատը, դա զինված ուժերի թիկունքի՝ ժողովրդային մասնակցության ամրապնդումն է։ Հենց այդ ամրապնդման համար է կենսական պետության նկատմամաբ ժողովրդի վստահության մեծացումը, պետության կողմից ժողովրդի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, սոցիալական արդարության հաստատումը մեր երկրում։ Այս բոլորը կարող է իրականանալ միայն մեր բոլորի ակտիվ մասնակցությամբ։
Երրորդ ճակատը դա արտաքին ճակատն է, որտեղ մեր պետության, պետությունների կողքին կարեւոր դերակատարություն ունենք նաեւ մենք՝ Հայ յեղափոխական դաշնակցությունը մեր Հայ Դատի կառույցներով։ Այս ուղղությամբ եւս մենք սկսում ենք նոր քայլերի։ Ամերիկայի եւ Ավստրալիայի մի շարք նահանգների կողմից Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի ճանաչումին զուգահեռ, սկսում ենք Արցախի եւ այլ երկրների քաղաքների միջեւ համագործակցության պայմանագրերի ստորագրության։
Անցած 26 տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսության, ստեղծագործ կյանքի ու նվաճումների տարիներ: Այդ նվաճումները չէին լինի առանց համահայկական միասնության ու ներուժի համախմբման:
Այսօր կանգնած ենք անցած տարիների հաջողություններն ամրապնդելու, նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրվանում Արցախի խնդրի կարգավորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ Հանրապետության անվտանգության ապահովումը:
Այս առիթով անհրաժեշտ եմ համարում կրկնել Հայ յեղափոխական դաշնակցության պաշտոնական վերջին հայտարարությունը Արցախի հանրապետության հռչակման տարեդարձի առիթով։
1.- Արցախյան Հարցի կարգավորման որեւէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, եւ կամ առնվազն` Արցախի անկախությունը։
2.- Արցախի սահմանները ճշտելիս, պետք է առաջնորդվել պատմական իրավունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգության իրական` աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով:
3.- Բանակցային գործընթացում պետք է առաջնորդվել Արցախի ժողովրդի 1991թ. անկախության եւ 2006 ու 2017 թվականների ԼՂՀ Սահմանադրության ընդունման եւ փոփոխությունների համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ կայացած կամարտահայտությամբ։
4.- Առ այդ ՀՅ Դաշնակցությունը ՝
– Շարունակում է ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետապնդումը։ Բանակցային գործընթացը չի կարող արգելք հանդիսանալ՝ ԼՂՀ անկախության ճանաչմանը։
– Պաշտպանում է ԼՂՀ-ն որպես լիիրավ բանակցային կողմ ներառելու պահանջը։
– Հետամուտ է ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքմանը, որպես ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխիքի։
– Անընդունելի է համարում ԼՂՀ անկախ կարգավիճակի ճանաչման եւ տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված առաջնահերթ լուծում չպարունակող որեւէ կարգավորում։
– Դեմ է վերոնշյալ պահանջը անտեսող որեւէ «փուլային» լուծման տարբերակի եւ միակողմանի կամ ապագա լուծումների ակնկալիքով որեւէ զիջումի։ Փոխադարձ զիջումները կարող են լինել միայն համարժեք, միաժամանակյա եւ փաթեթային լուծման շրջանակներում.
– Պաշտպանում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման ակտի անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացի ձախողման կամ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում։
– Հետամուտ է, որպեսզի Ադրբեջանի կողմից 1994-1995թթ. Եռակողմ զինադադարի ռեժիմը խախտելու, չեղյալ համարելու բոլոր ճիգերը դատապարտվեն միջազգային համայնքի կողմից։
– Համոզված է, որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության երաշխավորները նախ եւ առաջ ՀՀ Զինված ուժերն ու ԼՂՀ Պաշտպանության բանակն են։ Միաժամանակ հետամուտ է, որ միջազգային դիտարկման եւ վերահսկման արդյունավետ միջոցներ կիրառվեն Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով զինադադարի ռեժիմը պահպանելու համար։
– Անհրաժեշտ է համարում համախմբել համայն հայության ներուժը՝ արցախյան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար: Դրան զուգահեռ, գերակա խնդիրներ է համարում Արցախի բնակչության աճի եւ տնտեսական ու ընկերային զարգացմանն ուղղված համահայկական ծրագրերի մշակումն ու իրագործումը։
Սիրելիներ,
Այսօր մենք այստեղ, Եռաբլուրում հավաքվել ենք ոչ միայն նշելու Արցախի Հանրապետության 26-րդ տարեդարձը, այլ այս առիթով՝ այստեղ հանգչող մեր հերոսների շիրիմների մոտ՝ վերանորոգելու մեր ուխտը, որ հավատարիմ ենք մնալու իրենց ուղուն, հավատարիմ ենք մնալու իրենց ճանապարհին. չենք թողնելու, որ իրենց գերագույն զոհողությունը ի զուր տեղը կատարված լինի։ Իրենց սկսած գործը հասցնելու ենք ավարտին։