(azatutyun.am) Դեսպան Ռիչարդ Հոգլանդն երկուշաբթի, օգոստոսի 28-ին ավարտում է իր աշխատանքը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ՝ զիջելով այդ պաշտոնը արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին: Մինչ այդ Վաշինգտոնի արտերկրյա լրագրողների մամուլի ակումբում անցած հրաժեշտի հանդիպման ընթացքում Ռիչարդ Հոգլանդը վերընթերցեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 հիմնական դրույթները: Դրանք նույն կետերն են, որոնք 2014թ. մայիսի 7-ին ներկայացրել էր նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը` ելույթ ունենալով Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում:
Հայկական կողմի արձագանքը Հոգլանդին հետեւյալն էր՝ որևէ նոր բան չի ասել, բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխումն էր, բայց թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ»: Ուստի առավել քննարկվում է ոչ այնքան Հոգլանդի հայտարարությունների բովանդակությունը, որքան ժամանակի ընտրությունը:
Եվ այս մասին ենք «Ազատության» ուղիղ եթերում «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում զրուցելու 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ: