Կիրո Մանոյան. ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերություններում արդարության վերականգման համար ոչ մի հանձնառություն իր վրա չի վերցնում

(aysor.am) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձում իրականության հետ կապ չունեցող հաստատումներ կային, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Նամակում ոչ մի նորություն չկար, հակառակը՝ կային իրականության հետ կապ չունեցող հաստատումներ, մասնավորապես այն, որտեղ Էրդողանը նշում է, որ չի ցանկանում, որ հայերը Թուրքիայում իրենց երկրորդ կարգի քաղաքացի զգան, այնինչ՝ 10 տարվա ընթացքում առնվազն Թուրքիայում ապրող երկու հայ քաղաքացիների սպառնացել են: Այս ուղերձը պարզապես Էրդողանի ձևն է՝ ցույց տալու, որ ինքն ինչ-որ վերաբերմունք ունի հայության հանդեպ, սակայն, նամակում խոսքը միայն Թուրքիայի հայերի ցավերի մասին է, ոչ մի անդրադարձ չկա հայությանը պատճառած ցավերի և վնասների մասին», – նշեց Կ. Մանոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Ստամբուլում փոքրաթիվ հայեր, Էրդողանի ուղերձից հետո, դիմել են նրան ու պահանջել, որ չծաղրի և ներողություն խնդրի:

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան հայտարարությանը՝ Կիրո Մանոյանը նշեց, որ այս ուղերձը կրկնում է նախորդ ԱՄՆ նախագահների ուղերձները, ինչը նաև հաստատել է Թրամփի մամլո քարտուղարը՝ ասելով, որ նախկինում էլ են այս բաներն ասվել:

Կիրո Մանոյանը նաև հավելեց, որ Թրամփի հայտարարության մեջ երևում է այն, որ ԱՄՆ-ն ցանկանում է աշխարհի քաղաքականությունից մեկուսանալ և հայ-թուրքական հարաբերություններում արդարության վերականգման համար ոչ մի հանձնառություն իր վրա չի վերցնում: