(ԱԼԻՔ ՕՐԱԹԵՐԹ) Փետրւարի 16-ին, ժողովրդի ներկայութեամբ տեղի ունեցաւ Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին մսանակցող ՀՅԴ համակիրների պաշտպանած 12 թեկնածուների նախընտրական շտաբի պաշտօնական բացումը, որի վայրը գտնւում է Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում։ Այս մասին տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:
Սկզբում ներկաներն առիթ ունեցան մօտենալով թեկնածուներին՝ ծանօթանալ նրանց տեսակէտներին ու ապագայ ծրագրերին, որից յետոյ արտայայտւեց Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Վահէ Թորոսեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ թեմի Պատգամաւորական ժողովի դերակատարութեանը մեր ազգային կեանքում։ Նա նշելով, որ պատգամաւորները ժողովրդի ձայնն ու խօսնակն են հանդիսանում թեմի բարձրագոյն ժողովներում, կոչ ուղղեց ինչպէս միշտ խուռներամ շարքերով մասնակցել յառաջիկայ ընտրութիւններին։
ՀՅԴ համակիրների պաշտպանած թեկնածուներն են՝ Թաթուլ Օհանեանը, Վազգէն Թահմազեանը, Սեդիկ Այւազեանը, Վազրիկ Վարդանեանը, Մկրտիչ Աւետումեանը, Անդրէ Քալանթար Օհանեանը, Գեղարդ Մանսուրեանը, Անուշ Էստիկը (Յովհաննիսեան), Արմոնդ Բաղրամեանը, Նարինէ Տէր-Գրիգորեանսը, Վահէ Շահիջանեանը եւ Նորւիկ Պօղոսեանը։
Հանդիպումները ժողովրդի հետ
Սպահանի հայոց թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի Ընտրական յանձնախմբի կազմակերպութեամբ, փետրւարի 16 եւ 17-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սարհում, Նոր Ջուղայի ընտրատարածքի 15 թեկնածուները հանդիպեցին ժողովրդի հետ։
Փետրւարի 16-ի հանդիպման ընթացքում ելոյթ ունեցան՝ Սեդիկ Այւազեանը, Վահէ Շահիջանեանը, Անուշ Էստիկը (Յովհաննիսեան), Նորւիկ Պօղոսեանը, Նիկիտ Միրզայեանը, Մկրտիչ Աւետումեանն ու Թաթուլ Օհանեանը, իսկ յաջորդ օրը՝ Արշալոյս Դաւթեանը, Նարինէ Տէր-Գրիգորեանսը, Ռազմիկ Տէր-Գրիգորեանը, Անդրէ Քալանթար-Օհանեանը, Գեղարդ Մանսուրեանը, Արմոնդ Բաղրամեանը, Վազգէն Թահմազեանն ու Վազրիկ Վարդանեանը։
Ծրագրի համաձայն,սկզբում թեկնածուներն առանձնաբար ներկայացրին իրենց կենսագրականն ու ծրագրերը, ապա երկրորդ բաժնում պատասխանեցին ներկաներին յուզող հարցերին։
Երկօրեայ հանդիպումները վարեց Արթին Մուրադեանը։
Յատկանշական է, որ թեմի 16-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները կայանալու են ուրբաթ՝ փետրւարի 24-ին եւ Նոր Ջուղայի ընտրատարածքից ընտրւելու են 12 պատգամաւորներ։