(1in.am) Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների սրման հետևանքով եթե անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ակտիվանա Եվրոպայում, դա մեծ բեկում չի առաջացնի Հայ դատի գործընթացում, թեև, իհարկե, Եվրամիությունը կարող է որպես գործիք օգտագործել Ցեղասպանությունը ճանաչելու պահանջը՝ Թուրքիայի վրա ճնշումը ավելացնելու նպատակով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը իր հերթին ասում է՝ թուրք-եվրոպական լարվածությունը հավանաբար կարող է ճանաչման նոր ալիք բարձրացնել եվրոպական երկրներում, բայց ներկայումս Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ակտիվորեն չի հետապնդում Ցեղասպանության ճանաչումը եվրոպական երկրներում. Հայ դատի հանձնախմբի առաջնահերթ հարցն այսօր Ղարաբաղյան հիմնախնդիրն է, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը միջազգային հանրության կողմից:
«Առաջնահերթությունը մեզ համար Արցախյան հիմնահարցն է, Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտումը և ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- նշեց Պետո Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը որպես նպատակ, իհարկե, պահպանվում է Հայ դատի օրակարգում, թեև Հայ դատի հանձնախումբը եվրոպական երկրներում ավելի շատ բարձրացնում է ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ Թուրքիայի կողմից հատուցման խնդիրը:
«Մեզ համար առաջնահերթություն է Արցախի հարցը, և Ցեղասպանության ճանաչումից անդին՝ եվրոպական զանազան երկրներում բարձրացնում ենք հատուցումների հարցը:
Ինչ վերաբերում է Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններին, նշեմ, որ Եվրամիությունը և հատկապես Եվրախորհրդարանը վերջին երկու տարիներին Թուրքիայի մասին իրենց տարեկան զեկույցներում նշում են, որ Թուրքիան անպայմանորեն պիտի առերեսվի իր անցյալի հետ և ճանաչի հայկական Ցեղասպանության փաստը: Եվրոպական հանձնաժողովը իր տարեկան զեկույցում ակնարկ էր արել Թուրքիայի մասին և նշել, որ Թուրքիան սխալ կեցվածք է ունեցել՝ քառօրյա պատերազմի ընթացքում լինելով Ադրբեջանի կողմնակիցը: Եվրախորհրդարանի խմբակցությունները՝ աջից ձախ, բոլորը դատապարտում են Թուրքիային և հատկապես կոչ են ուղղում, որ Թուրքիան անպայմանորեն պիտի վերանայի Ցեղասպանության հարցը և ճանաչի իր անցյալը: Բայց ուզում եմ նորից շեշտել, որ ներկայումս անհատ երկրներում մենք ակտիվորեն առաջ չենք մղում Ցեղասպանության ճանաչման հարցը: Սակայն որ որոշ խորհրդարանների հետ ինչ-որ ձևով շփումներ ունենք հավելյալ բանաձևեր ընդունելու շուրջ, այդ մեկը, այո, այդպես է»,- ասաց Պետո Դեմիրճյանը:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը ասում է, որ այս համատեքստում մեզ համար ավելի կարևոր են ոչ թե եվրոպական երկրների կամ խորհրդարանների ընդունած բանաձևերը, այլ Թուրքիայի ներքաղաքական զարգացումները, Էրդողանի քաղաքականության միապետական, բռնատիրական դրսևորումները:
«Էրդողանի քաղաքականությունը շատ բացասական է այդ առումով: Էրդողանը փորձում է արգելել ինքնավար քաղաքական ուժերի գործունեությունը Թուրքիայում՝ լինի քրդական կամ մտավորական: Հիշենք իրավիճակը համալսարաններում, տարբեր քաղաքապետերի ձերբակալությունները և այլն: Այս բոլորը շատ վնասակար են մեզ համար: Վերջին տարիներին այնտեղ սկսել էր զարգանալ ազատ շունչ, և դրա հիման վրա կարելի էր աշխատանք տանել հայկական Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Դա առանցքային հարց է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում, բայց այսօր Էրդողանի քաղաքականությունը շատ բացասական է, շատ վնասակար, և այն, որ մենք մի քանի ձայն կարող ենք շահել Եվրոպայում, իմ կարծիքով՝ անիմաստ է:
Այո, եվրոպական պետությունները և ուժերը կարող են, ինչպես դուք ասացիք, օգտագործել այդ հարցը՝ իբրև գործիք Թուրքիայի դեմ, բայց մենք չենք շահի այդ գործիքից: Միայն եվրոպական պետությունները կշահեն: Ո՞րն է մեր օգուտը, եթե եվրոպացիները պահանջեն Թուրքիայից ճանաչել Ցեղասպանությունը: Եթե Թուրքիան Եվրոպային տա այն, ինչ Եվրոպան է ուզում, այդ ժամանակ ճնշումը կդադարի: Հնարավոր է՝ շատ փոքր դիվիդենդներ շահենք մեր հիմնական հարցում, բայց իմ կարծիքով՝ դա չի բերի որևէ լուրջ փոփոխության»,- ասաց Վիգեն Չետերյանը:
Հիշեցնենք, Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին հաստատել է Եվրամիության և Թուրքիայի բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը: Խոսքը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների մասին է: Թուրքիայի հետ բանակցությունները սառեցնելու օգտին են արտահայտվել եվրոպական բոլոր առաջատար քաղաքական ուժերը՝ մատնանշելով Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո կառավարության լայնածավալ բռնաճնշումները Թուրքիայի քաղաքացիների, մասնավորապես՝ զինվորականների, քաղաքական գործիչների, լրագրողների, իրավապաշտպանների և այլոց նկատմամբ: