(hayernaysor.am) Նոյեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բրյուսելի «Հայ տան»-ը հանդիպել է Բելգիայի հայկական կազմակերպությունների, միությունների, համայնքների ղեկավարների, ներկայացուցիչների հետ: Նախարար Հրանուշ Հակոբյանին ուղեկցում էր Բելգիայի Թագավորությունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը:
Հանդիպմանը ներկա են եղել Բելգիայի Հայոց հոգևոր հովիվ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը, Բելգիայում ՀՀ հյուպատոս Լիաննա Մկրտչյանը, Եվրոպայի Հայ դատի Հանձնախմբի Միջին Արևելքի պատասխանատու, «Արևելքի քրիստոնյաներ» կոմիտեի փոխնախագահ Պետիկ Պետրոսյանը, Բելգիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Լիանա Մարգարյանը, Բելգիայի հայերի համայնքի նախագահ Կարեն Թադևոսյանը, Բելգիայի ՀՅԴ կուսակցության ատենապետ Էդիկ Քոթանջյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության վարչության անդամ Գաբրիել Միքայելյանը, «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» ընկերության նախագահ Արտակ Սերգոյանը, Բելգիայի «ՆՈւԱՐԴ» մշակութային միության երիտասարդական կառույցի ղեկավար Շահնուր Մինասյանը, Լիեժ քաղաքից Արման և Աբել Գալստյանները, Մեխելեն քաղաքի «Անի», Լիեժի «Մեսրոպ Մաշտոց» միությունների ներկայացուցիչներ, ՀՕՄ վարչության անդամներ, Հայկական սոցիալական կենտրոնի ներկայացուցիչներ, դեսպանատան աշխատակիցներ, համայնքի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներում ապրող հայեր:
Մոտ 2 ժամ տևած ելույթի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեսասալիկների միջոցով ներկայացրել է նախարարության գործունեությունը, ծրագրերը՝ «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց, «Իմ Հայաստան» համահայկական փառատոն, անդրադարձել Լրագրողների համահայկական համաժողովի ժամանակ սկիզբ դրված «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը:
«Բելգիայի համայնքը տարիներ շարունակ տարբեր միջոցներով աջակցում է Արցախին: Աշխատանքները, այսուհետ, կարելի է համագործակցաբար իրականացնել»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի Միջին Արևելքի պատասխանատու, «Արևելքի քրիստոնյաներ» կոմիտեի փոխնախագահ Պետիկ Պետրոսյանը և հավելեց, որ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի Հայ դատի գրասենյակին՝ Արցախի ուղղությամբ կատարած աշխատանքների համար:
«Նախարարը փայլուն ելույթ ունեցավ, ներկաները շատ տպավորված էին նախարարի ելույթից: Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը հորդորեց ներդրումներ կատարել Հայաստանում, առնվազն երեք տարին մեկ Հայաստան այցելել, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Նախարարը կարևորեց նաև հայկական ինքնության պահպանումը Սփյուռքում, նշելով, որ տարբեր երկրներում ապրող հայերը պետք է այդ երկրի լավ քաղաքացի լինեն, միաժամանակ պահպանեն հայկական ինքնությունը և հավատարիմ մնան հայկական արմատներին, ինչը և յուրաքանչյուր հայի պարտականությունն է»,-նշեց Պետիկ Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը խոսել է վերջին ամիսներին ՀՀ կառավարության իրականացրած փոփոխությունների մասին, հայտնել, որ յուրաքանչյուր քաղաքացի Հայստանում կարող է զգալ Հայաստանի կառավարության աջակցությունը այս կամ այն հարցերում: Նախարարը խոսել է նաև սիրիահայերի մասին, մատնանշել այն օժանդակությունները, որոնք Հայաստանի կառավարությունը ցուցաբերում է Հայաստանում հաստատված սիրիահայերին:
Ելույթից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանել է ներկաների հարցերին: Հանդիպմանը նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր է հանձնել Մեխելենի Լևոն Շանթի անվան հայկական դպրոցի երկու ուսուցիչների՝ Լիանա Մելքոնյանին և Հռիփսիմե Հարությունյանին, իսկ Կարեն Թադևոսյանին փոխանցել Բելգիայի հայ համայնքին ուղղված շնորհակալագիրը:
Բելգիայի Թագավորությունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նախարար Հրանուշ Հակոբյանին և նախարարությանը՝ ծավալած գործունեության համար:
Բելգիայի Հայոց հոգևոր հովիվ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանն իր խոսքում ևս շնորհակալություն է հայտնել նախարար Հրանուշ Հակոբյանին, գնահատել նախարարի և նախարարության աշխատանքը և կարևորել համագործակցությունը Սփյուռքի և Հայաստանի միջև: Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը Բելգիայի հայ համայնքի կողմից հուշանվեր է հանձնել նախարարին:
Վերջում տեղի է ունեցել ընդունելություն, որի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել մոտիկից շփվելու նախարարի հետ:
«Ես ևս հնարավորություն ունեցա կարճ զրույց ունենալու նախարարի հետ: Նա հետաքրքրվեց Սիրիայի ներկա իրավիճակով»,- ասաց Պետիկ Պետրոսյանը:
Հավելենք նաև, որ հանդիպումից առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է «Հայ տան»-ը գործող հայկական մեկօրյա դպրոց, այնուհետև առանձնազրույց ունեցել դպրոցի տնօրեն Ալբերտ Օհանյանի հետ:
Լուսանկար – Պետիկ Պետրոսյան (ձախից երրորդ), նախարար Հրանուշ Հակոբյան եւ համայնքի ներկայացուցիչներ