(norjugha.ir) Քաղաքական-հասարակական գործիչ, ՀՅԴ Բիւրոյի տարիների անդամ, ՀՀ Ազգային Ժողովի ժամանակի փոխ-նախագահ եւ Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Վահան Յովհաննիսեանի մահւան երկրորդ տարելիցի առթիւ, Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ յուշերեկոյ, հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում:
Միջոցառմանը ներկայ էին՝ Սպահանի Հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասը, ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչներն ու ժողովուրդ:
Ծրագրի մեկնարկը տրւեց հաւատաւոր դաշնակցականի յիշատակին մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ, որին յաջորդեց երեկոյի հաղորդավարուհի Մանիա Ղուկասեանի ողջոյնի եւ բացման խօսքը, ուր անդրադարձ կար յատկապէս Վահան Յովհաննիսեանի կենսագրութեանը: Յուշերեկոյի ընթացքում հաղորդավարուհին նոյնպէս ներկայացրեց դրւագներ եւ յուշեր նւիրեալ գործչի կեանքից ու գործունէութիւնից:
Միջոցառման շարունակութեան մէջ բանախօսեց Հայաստանից հրաւիրւած ազգային-հասարակական գործիչ եւ ՀՀ Կրթութեան ու գիտութեան նախարարի խորհրդական Բագրատ Եսայեանը, ով անդրադառնալով Վահան Յովհաննիսեանի մարդկային բացառիկ յատկութիւններին եւ յանուն հայրենիքի, հայ ժողովրդի ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նրա ծաւալած բոլորանւէր գործունէութեանը, նշեց. «Վահանն այն բացառիկ դէմքերից էր, որի կենսագրութեանը զուգահեռ եւ կենսագրութեանը համահունչ ստեղծւեց Հայաստանի անկախութիւնը: Վահանի կենսագրութեամբ մենք կարող ենք հետեւել ՀՅԴ-ի ուղուն՝ Խորհրդային Հայաստանի գոյութեան վերջին տարիներից մինչեւ Հայաստանի անկախանալը»: Այնուհետեւ յիշատակելով Վահան Յովհաննիսեանի կեանքից հետաքրքիր դրւագներ եւ յուշեր, հանդիսատեսին առաւել ծանօթացրեց լայնախոհ մտաւորականի խոհերին ու մտորումներին: «Այսպիսին էր Վահանը, մեր սիրելի ընկերը: Վահանն իր անձով մարմնաւորեց Դաշնակցութեան 25-ամեայ ընթացքը՝ Դաշնակցութեան վերընձիւղումից Հայաստանում մինչեւ իր մահկանացուն կնքելը: 25 տարւայ յարատեւ կռիւ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման, յանուն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան»: Այսպէս իր խօսքը եզրափակեց յարգելի դասախօսը:
Ծրագրի յաջորդ բաժնում ցուցադրւեց Վահան Յովհաննիսեանի յիշատակին պատրաստւած տեսանիւթը, ուր ներկայացւած էր նրա կեանքից ու գործունէութիւնից հատւածներ, որոնցով խորապէս յուզւեց հանդիսատեսը՝ նման ազնիւ ու հայրենասէր անհատականութեան վաղաժամ կորցնելու պատճառով: Տեսանիւթն աւարտւեց մեր յուշերից անջնջելի Վահան Յովհաննիսեանի արտայայտութիւններով:
Ծրագրի գեղարւեստական բաժնում «Անի» նւագախմբի նւագակցութեամբ երգերով հանդէս եկաւ Կարէն Օհանեանը, որը հանդիսատեսին ներկայացաւ ազգային-յեղափոխական երգերի կատարմամբ:
Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան