(1in.am) Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի սատարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, քանի որ ո՛չ Քլինթոնը, ո՛չ էլ Թրամփը հստակ հայտարարություն չեն արել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այսպիսի մեկնաբանություն տվեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վարչության անդամ Քենեթ Խաչիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ամերիկահայ համայնքի և հայկական կազմակերպությունների դիրքորոշմանը վերաբերող հարցին:
Հայ համայնքը, Քեն Խաչիկյանի խոսքով, հիասթափված է, քանի որ ԱՄՆ նախագահները նախընտրական շրջանում մշտապես խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց դառնալով նախագահ՝ չեն արտաբերում «ցեղասպանություն» բառը:
«Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ մենք կդադարեցնենք ջանքեր գործադրել. ով էլ ընտրվի՝ կշարունակենք աշխատել նրա հետ և բարձրացնել մեր հարցերը»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
– Պարոն Խաչիկյան, Ամերիկայի հայկական կազմակերպություններն առանձնակի ակտիվություն չեն ցուցաբերում այս տարվա նախագահական ընտրարշավին: Ո՞րն է հայկական կազմակերպությունների և հայ համայնքի դիրքորոշումը Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների վերաբերյալ, ո՞ւմ են հայերը սատարում:
– Հայ դատի հանձնախումբը որևէ թեկնածուի չի սատարելու: Երկու թեկնածուներն էլ տարբեր ձևերով դիրքորոշումներ են արտահայտել Հայոց ցեղասպանության ճանաչմանը աջակցելու մասին, սակայն նրանցից ոչ ոք չունի այնպիսի անցյալ կամ հստակ հայտարարություն, որը մեզ կհամոզի, թե իրենք լուրջ աջակցություն կցուցաբերեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ուստի մենք զգուշավոր ենք թեկնածուներին աջակցելու հարցում և կաշխատենք նրա հետ, ով կընտրվի՝ մեր խնդիրներն առաջ տանելու համար, բայց այս հարցում չենք աջակցելու որևէ մեկին:
Մենք աջակցել ենք շատ թեկնածուների Կոնգրեսի մրցավազքի՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընտրությունների ժամանակ, ներկայացրել ենք մեր ընկերներին տարբեր նահանգներից՝ Կալիֆոռնիայից մինչև Մասաչուսեթս, Ֆլորիդա, Տեխաս, Իլինոյս: Նրանք մեզ աջակցելու երկար պատմություն ունեն, բայց ո՛չ պետքարտուղար Քլինթոնը, ո՛չ էլ պարոն Թրամփը չեն արել որևէ կոնկրետ հայտարարություն կամ գործողություն, որը կստիպի մեզ աջակցել նրանց:
– Այսպիսով, կարող ենք ասել, որ հայկական կազմակերպությունները հիասթափվա՞ծ են ԱՄՆ նախագահներից՝ «ցեղասպանություն» բառը չարտասանելու համար:
– Այո, մենք հիասթափված ենք: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ մենք կդադարեցնենք ջանքեր գործադրել. ով էլ ընտրվի՝ կշարունակենք աշխատել նրա հետ և բարձրացնել մեր հարցերը, բայց մինչ այս պահը մենք հիասթափված ենք:
– Իսկ ինչո՞ւ են հայկական կազմակերպությունները որևէ թեկնածուին աջացկելու հարցը կապում միայն Հայոց ցեղասպանության խնդրի հետ, ինչո՞ւ դա չեն պայմանավորում հայկական այլ խնդիրներով կամ Հայաստանի այլ առաջնահերթություններով՝ ղարաբաղյան հարցով, Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմամբ և այլն:
– Պիտի ասեմ, որ մենք դա անում ենք՝ բարձրացնելով այն հարցերը, որոնք նշեցիք, Ղարաբաղի ինքնորոշումը, Հայաստանի տնտեսության զարգացումը: Մասնավորապես, մենք հանդես ենք գալիս Հայաստանի հետ առևտրի աճի, Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի ստորագրման օգտին, մենք միշտ ելույթ ենք ունենում Լեռնային Ղարաբաղի անունից, նաև օգնում ենք հայ համայնքներին աշխարհի տարբեր հատվածներում, օրինակ՝ Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, որտեղ հայերը օգնության կարիք ունեն: Այնպես որ, երբ մենք դիմում ենք թեկնածուներին, նրանց ենք ներկայացնում խնդիրների մի ամբողջ ցանկ, և դժբախտաբար, այս թեկնածուներից որևէ մեկը չի արձագանքել այդ խնդիրներից որևէ մեկին:
– Ձեր տպավորությամբ՝ ո՞ւմ են ամերիկահայերն ավելի շատ համակրում, Հիլարի Քլինթոնի՞ն, թե՞ Դոնալդ Թրամփին, կամ ո՞վ է ավելի լավ հայ համայնքի և Հայաստանի համար:
– Կարծում եմ՝ ամերիկահայ համայնքը բավական պառակտված է: Հիասփաթափությունը շատ է, օրինակ, նրանից, թե ինչպես պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր պաշտոնավարման ժամանակ պատշաճ կերպով չճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Հայաստանը խցկեց Թուրքիայի հետ այդ արձանագրությունների մեջ, ընդհանրապես նա իր դիտարկումներում և մեկնաբանություններում լղոզում էր և հստակ դիրքորոշում չէր հայտնում ցեղասպանության վերաբերյալ: Նա կարող է ասել, թե ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց նա չի արել այդ հայտարարությունը քաղաքական, պաշտոնական ձևով:
Պարոն Թրամփը որևէ նշանավոր հայտարարություն չի արել մեր խնդիրների մասին: Կարծում եմ՝ մեր համայնքը կմասնակցի ընտրություններին, շատերը հավանաբար կընտրեն այն թեկնծածուին, որի կուսակցությանը նրանք անդամակցում են՝ Դեմոկրատական կամ Հանրապետական կուսակցությանը:
Ուստի չեմ կարծում, թե շատ խիստ կողմնորոշում կա՝ մեկը կամ մյուսը: Ոչ: Մեր համայնքն առաջվա պես ակնկալում է յուրաքանչյուր թեկնածուից ուժեղ հայտարարություններ աջակցության մասին:
– Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ Քլինթոնը, ի տարբերություն Թրամփի, ավելի լավ գիտի Հայաստանը, եղել է Հայաստանում, շփումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, իսկ Թրամփը բիզնես կապեր ունի Ադրբեջանի նախագահի հետ, և այս իմաստով՝ Քլինթոնը ավելի հարմար թեկնածու է:
– Չեմ կարծում, թե կարելի է եզրակացություն անել այդ ձևով: Ինչպես նշեցի՝ Թրամփը հստակ հայտարարություն չի արել: Ես համաձայն եմ, որ Քլինթոնը ավելի լավ է ծանոթ Հայաստանին: Միևնույն ժամանակ, երբ նա այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նա բնորոշեց դա որպես անձնական, ոչ թե պաշտոնական այցելություն: Նա հայտարարել է, որ ցեղասպանության հարցը պետք է թողնել պատմաբաններին: Սա շատ վիրավորական էր մեր համայնքի համար: Եվ նա [Քլինթոնը] պատմականորեն աջակցել է Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների զարգացմանը և գերադասել է Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները Հայաստանի հետ հարաբերություններին: Ուստի, չնայած որ նա շատ լավ է ծանոթ Հայաստանին, այնուամենայնիվ, նրա անցած ճանապարհը, նրա գործողություններն ու հայտարարությունները վստահություն չեն ներշնչում մեզ, որպեսզի աջակցենք նրան:
– Տարածված կարծիք կա, թե Դեմոկրատական կուսակցությունն ավանդաբար ավելի լավ հարաբերություններ է ունեցել Միացյալ Նահանգների էթնիկ և այլ փոքրամասնությունների, այդ թվում հայ համայնքի հետ և ավելի նախընտրելի է նրանց համար: Ճի՞շտ է արդյոք այդ կարծիքը:
– Ես չէի ասի, թե այդ կարծիքը պարտադիր ճիշտ է: Մենք շատ ընկերներ ունենք, ովքեր դեմոկրատներ են, և շատ ընկերներ ունենք, ովքեր հանրապետական են: Մեր բարեկամությունը շատ հաճախ կախված է այն հանգամանքից, թե որտեղ են մեր համայնքները ապրում: Հայերն ավելի շատ ապրում են մեծ քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Բոսթոնը, և այդ մեծ քաղաքներում ավելի մեծ ազդեցություն ունեն դեմոկրատները, հետևաբար մենք շատ դեմոկրատ ընկերներ ունենք այդ քաղաքներում: Բայց մենք ունենք նաև շատ հանրապետական ընկերներ: Ուստի կարծում եմ՝ երկու կուսակցություններն էլ բարեկամական են և աջակցում են մեզ: Շատ ժամանակ մենք ավելի շատ ընկերներ ենք ունենում դեմոկրատների շրջանում, բայց մենք այդ չափանիշով չենք առաջնորդվում. աշխատում ենք բոլորի հետ՝ մեր խնդիրները լուծելու համար, անկախ նրանից՝ դեմոկրատներ են, թե հանրապետականներ:
– Ի՞նչ կանխատեսում կարող եք անել, ո՞վ կլինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը:
– Կարծում եմ՝ շատ դժվար է ասել: Իմ կարդացած վերջին հարցման համաձայն՝ թեկնածուների միջև տարբերությունը ընդամենը 1,5 միավոր էր, և կարծում եմ՝ դա կայուն պատկեր է, ուստի մնում է սպասել և տեսնել: Ես կոչ եմ անում երկու թեկնածուներին էլ պայքարել և ստանալ մեր համայնքի աջակցությունը: Դա կփոխի իրավիճակը:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան