«Թուրքիայում հեղաշրջման փորձից առնվազն ժամեր առաջ տեղյակ եղել են». Կիրո Մանոյանը` հեղաշրջման փորձը ներսից «սարքված» լինելու մասին

(ԱՌԱՎՈՏ) «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Մանոյանը նկատեց, թե ճիշտ է, Թուրքիայում տապալվեց ռազմական հեղաշրջման փորձը, բայց հաջողվում է և ընթացքի մեջ է Էրդողանի հեղաշրջման փորձը, որի մասին նա հայտարարել էր Ստամբուլում, նշելով՝ թե կարծես սա Աստծո տված պարգև էր ռազմական հեղաշրջման փորձը մաքրագործություններ անելու համար: Պարոն Մանոյանը Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակի առումով փաստեց. «Բերման է ենթարկվել մոտ 60.000 մարդ, ձերբակալվել է 20.000-ը:

Սկսել են նաև գործարար կազմակերպությունների վրա աշխատել, որոնք ըստ իրենց, կապ են ունեցել Գյուլենի հետ: Նրանց մեջ կան նաև հայեր, օրինակ` մի հայ բժիշկ կա, որ ունի բեղմնավորման կենտրոն, այժմ կենտրոնը փակել են, թեև նա ձերբակալված չէ: Հայ լրագրողներ կան, որոնց երկրից բացակայումը արգելվում է»: Հարցին` հնարավո՞ր է, որ Թուրքիայում տեղի ունեցածը ներսից «սարքած» լինի, պարոն Մանոյանը քիչ հավանական է համարում. «Չեմ կարող պատկերացնել, որ սա իրենց կողմից սարքված է, բայց փաստ է, որ իրենք հեղաշրջման փորձից առնվազն ժամեր առաջ տեղյակ եղել են, որ նման փորձ է լինելու»:
Հարցին` ի՞նչ կոնկրետ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայում կատարվածը Հայաստանի վրա և ի՞նչ կարող է ՀՀ-ն անել այս իրավիճակում, պարոն Մանոյանը պատասխանեց. «Չեմ կիսում այն տեսակետը, թե Թուրքիան ռազմական հեղաշրջման փորձից հետո ավելի ուժեղ դուրս եկավ, ճիշտ է, սակայն, որ Էրդողանն է ավելի ուժեղացել: Իսկ դա չի ենթադրում, որ երկիրն է ուժեղ: ՀՀ-ն կունենա որոշ հնարավորություններ Թուրքիայի` արևմուտքի հետ վատ հարաբերությունների ներկայիս փուլում մի քիչ ավելի լավ հարաբերություններ ունենալ արևմուտքի հետ: Համեմատած Թուրքիայի հետ` ՀՀ-ն շատ ավելի վստահելի ընկեր կարող է դիտվել: Անհրաժեշտ է, որ մենք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք ոչ միայն պետական, այլև հասարակական- քաղաքական մակարդակի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Չեմ կարծում, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հասնեն ռազմավարական գործընկերության. Կիրո Մանոյան

(panorama.am) Թուրքիայում ճիշտ է տապալվեց ռազմական հեղաշրջման փորձը, բայց հաջողվում է և ընթացքի մեջ է Էրդողանի հեղաշրջման փորձը: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Դրա մասին Էրդողանը զգուշացրեց հենց այդ ռազմական փորձի ժամանակ, երբ ինքը վերաձավ Ստամբուլ և հայտարարեց՝ «կարծես թե, որ սա աստծուց ուղարկած բարիք էր, որ մենք կարողանայինք հարկ եղած մաքրագործումը կատարել»… Բերման է ենթարկվել մոտ 60 հազար մարդ, ձերբակալվել` մոտ 20 հազար մարդ, դրա համար էլ բանտերում տեղ չկա, և դատապարտվածներից մի մասին հիմա պետք է ազատ արձակեն, որպեսզի տեղ լինի նորերի համար: Բայց անցնելով ամեն սահման՝ հիմա սկսել են նաև մասնավորի վրա աշխատել»,-մանրամասնեց Մանոյանը:

Թե որքանով է սա իր ազդեցությունն ունենում տարածաշրջանային քաղաքականության վրա Մանոյանը նշեց, որ այն հատկապես նկատելի է Սիրիայի հետ կապված խնդիրների վրա, քանի որ թուրքերն արդեն սկսել են խոսել այն մասին, որ Սիրիայի խնդրի լուծումն առանց Ռուսաստանի այլևս չեն պատկերացնում. «Այսինքն՝ կարծես թե, իրենք պատրաստ են իրենց մոտեցումները Սիրիայի հարցում առնվազն որոշ փոփոխության ենթարկել: Չեմ կարծում, որ կլինեն հատուկ այլ փոփոխություններ տարածաշրջանային քաղաքականությունում: Դրական իմաստով ոչինչ չի փոփոխվի»:

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության ֆորմատի իրական լինելուն՝ ՀՅԴ բյուրոյի անդամի կարծիքով դրանք խորքային բնույթ չեն ունենա:

«Նրանք ավելի շատ Արևմուտքի նկատմամբ կեցվածի պատճառով են այսպիսի միասնական կերպար որդեգրում: Չեմ կարծում, որ հասնեն ռազմավարական գործընկերության, բայց կունենան որոշակի գործակցություն՝ առնվազն առևտրատնտեսական բնագավառում: Իսկ ռազմավարականի չեն հասնի, քանի որ ունեն տարածաշրջանում շահերի տարբերություններ, անվստահություն: Այսօր նրանց միակ համընկնող շահը Արևմուտքի նկատմամբ իրենց կեցվածքն է»,-նշեց Կիրո Մանոյանը: