ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով Բելգիայում է Արցախի օմբուդսմենը

(ԱՊԱՌԱԺ) ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունիսի 26-ից աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում։

Ռ. Մելիքյանը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆլամանդական օմբուդսմեն Բարթ Վիկերսի (հունիսի 28-ին) և ֆրանսախոս համայնքի ու Վալոնիայի օմբուդսմեն Մարկ Բերտրանի հետ (հունիսի 29-ին)։

Բելգիայի երկու հիմնական մարզերը և լեզվական համայնքները ներկայացնող օմբուդսմենների հետ հանդիպումների ընթացքում Ռ. Մելիքյանը նշել է, որ Օմբուդսմենի ինստիտուտը, լինելով սահմանադրական նոր կառույց, ունենալով ընգծված ապաքաղաքական բնույթ, օժտված է մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման, դրանց խախտումների կանխարգելման և արդյունավետ վերացման, առհասարակ՝ հանրային արժեքների հավասարակշռման լայն գործիքակազմով ու մեծ ներուժով, որը կարող է լիարժեքորեն կենսագործվել միայն քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ սերտ փոխգործակցության պայմաններում։

Արցախի օմբուդսմենը բելգիացի գործընկերներին համառոտ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի արցախյան ինստիտուտի կայացման ուղին, իրավական վիճակը, առաջնահերթությունները, պաշտպանի և աշխատակազմի առջև կանգնած խնդիրները։ Ֆլամանդական օմբուդսմենը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի փորձը, հատկապես կարևորել է օմբուդսմենի միջնորդական ու հաշտարար գործառույթը, ինչպես նաև հանրային իշխանության լիազորությունների ու վարչական ընթացակարգերի մասին «թեժ գծի» միջոցով քաղաքացիներին իրազեկելու համակարգը։

Հանդիպումների վերջում Արցախի օմբուդսմենը ընդգծել է գործընկերների միջև շփումներ հաստատելու և պահպանելու կարևորությունը՝ կուտակված դրական փորձի փոխանակման և տեղայնացման նպատակով։ Ռ. Մելիքյանը մասնավորապես նշել է, որ իր աշխատակազմին հանձնարարելու է ուսումնասիրել «թեժ գծի» կազմակերպման ֆլամանդական մոդելը՝ Արցախում դրա ներդրման հնարավորությունը գնահատելու նպատակով։

Եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներին Արցախի օմբուդսմենին ուղեկցել են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, հանձնախմբի աշխատակիցներ Պետո Դեմիրճյանը, Հեղինե Էվինյանը և Աշխեն Ֆիքսովան։

Լուսանկար – (Ձախից աջ) Ռուբեն Մելիքյանը Բարթ Վիկերսի և Մարկ Բերտրանի հետ