(norjugha.ir) Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ յունիս 8-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում, կազմակերպւել էր ընդունելութիւն՝ Շահինաշհրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանին ծայրագոյն վարդապետութեան աստիճան շնորհելու առթիւ, որը տեղի է ունեցել մայիսի 22-ին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում, ձեռամբ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Շահէ եպս. Փանոսեանի:
Ընդունելութեանը հրաւիրւել եւ ներկայ էին՝ քահանայ հայրերը եւ ազգային մարմինների ու ենթամարմինների, Հայ Դատի յանձնախմբի եւ եկեղեցիների երէցփոխների ու երգեցիկ խմբերի ներկայացուցիչները:
Սկզբում Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը, առիթի կապակցութեամբ շնորհաւորանքի խօսք ուղղելով Հայր Սուրբին եւ թեմի ժողովրդին, հակիրճ բացատրութիւն ներկայացրեց Հայաստանեայց Առաքելական եկեղեցու կուսակրօն հոգեւորականներին տրւող գիտական աստիճանների մասին՝ կարեւորութեամբ ընդգծելով, որ Ծայրագոյն վարդապետութեան աստիճանը համազօր է Ատւածաբանութեան ճիւղի գիտական բարձրագոյն աստիճանին՝ դոկտորային:
Այնուհետեւ առանձնաբար շնորհաւորանքի խօսքեր եւ բարեմաղթանքներ հնչեցին Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Պատգ. Ժողովի դիւանի, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ու շրջանի Հայ Դատի յանձնախմբի անունից: Բոլոր արտայայտւողներն էլ իրենց ուրախութիւնն ու բերկրանքը յայտնեցին Հայ Սուրբին՝ այս աստիճանին արժանանալու կապակցութեամբ եւ նորանոր յաջողութիւններ մաղթեցին նրան:
Թեմական խորհրդի ատենապետ Վրէժ Տէր Մարտիրոսեանն իր խօսքում Անթիլիասի պէս հոգեւոր կենտրոն ունենալը հպարտութեան առիթ համարեց, այն պատճառով որ այնտեղ աստւածաբանական ու հոգեւոր գիտելիքներից բացի, հոգեւորականներին տրւում է ազգային դաստիարակութիւն եւ որպէս իր խօսքի վառ ապացոյց՝ ընդգծեց Հայր Սուրբի եւ իր հոգեւոր եղբայրների ազգանպաստ աշխատանքները: Նա դրւատելով գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի անմիջականութիւնը եւ վարչական ու կազմակերպական կարողութիւնները, վկայեց, որ Հայր Սուրբի շնորհիւ Շահինշահրի հոգեւոր ու ազգային կեանքն առաւել է աշխուժացել եւ սոյն համայնքում տիրում է համագործակցութեան ոգի ու համախոհութիւն:
Պատգ. Ժողովի դիւանի ատենապետ Վարուժ Մինասեանը շնորհակալութիւն յայտնելով Հայր Սուրբին՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր եւ ազգային կեանքը զարգացնելու եւ աշխուժացնելու համար՝ գնահատեց նրա արգասաբեր համագործակցութիւնը թեմի Կրթական խորհրդի հետ եւ աւելացրեց, որ Հայր Սուրբը որպէս ուսուցիչ իր անժխտելի ներդրումն է ունեցել թեմի հայոց դպրոցներում՝ մատաղ սերնդի առողջ եւ հայեցի դաստիարակութեան ուղղութեամբ:
Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ատենապետ Մելքոն Շիրւանեանը յատուկ շնորհակալութիւն յայտնելով յատկապէս Գերպ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ծնողներին՝ նման զաւակ դաստիարակելու համար, անդրադարձ ունեցաւ Հայր Սուրբի բնաւորութեանն ու խառնւածքին՝ նշելով, որ նա մեծ ժողովրդականութիւն է վայելում թէ Սպահանի հայոց թեմում եւ թէ Անթիլիասում:
Շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Աշոտ Դաւթեանը ասաց, որ սփիւռքեան պայմաններում հայկական համայնքների գոյատեւման երաշխիքն է՝ Հայ եկեղեցու շուրջ համախմբւած աշխատանքների իրականացումը, ինչու չէ նաեւ աշխարհականների եւ հոգեւորական դասի համագործակցութիւնը: Նա իր խօսքի շարունակութեան մէջ կարեւորութեամբ անդրադարձաւ այն մեծ դերակատարութեանը, որը հոգեւորականներն ունեցել են Հայ Դատի քարոզչութեան գործում:
Ելոյթների աւարտին արտայայտւեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով իր խօսքի սկզբնական բաժնում, նշեց, թէ իր այս յաջողութեան համար պարտական է ոչ միայն Բարձրեալին, այլեւ թեմի անդամներին՝ իրենց օգնող ձեռքերի, աղօթող բերանների եւ ուժեղ թիկունքների համար: Այնուհետեւ Հայր Սուրբն այս առիթով իր որդիական երախտագիտութիւնը յայտնելով Մեծի Տանն Կիլիկոիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին՝ շնորհակալական խօսք ուղղեց նաեւ Սպահանի հայոց թեմի նախկին առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանին եւ թեմի ազգային մարմիններին՝ ի մասնաւորի Շահինշահրի հայ համայնքի վարչութեանը: Հայր Սուրբն աւելացնելով, որ շարունակ վայելել է թեմի ժողովրդի եւ ազգային մարմինների յարգանքն ու համագործակցութիւնը, խոստացաւ՝ իր բոլոր կարողութիւններն առաւել խոնարհութեամբ ու ջերմեռանդութեամբ ներդնել՝ ի սպաս համայնքին ծառայելու եւ Հայ Դատին ու հայրենիքին զօրակցելու գործին, համոզւած լինելով, որ մեծ կոչումը ոչ թէ մեծութեան, պատւի ու փառքի մէջ է, այլ իսկական ծառայութեան:
Վերջում թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների կողմից, սոյն մարմինների ատենապետների միջոցով յուշանւէր յանձնւեց Հայր Սուրբին, որից յետոյ ներկաները մօտենալով նրան փոխանցեցին իրենց ջերմագին շնորհաւորանքները:
Երեկոն աւարտւեց հիւրասիրութեամբ:
Թղթակից (Նոր Ջուղա)