(tert.am) Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր նամակում նշել էր, թե Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը հարուցել է խոր ափսոսանք:
Ըստ Կիրո Մանոյանի՝ այն, ինչ պետք է անել Աթեշյանի դեմ, պետք է անել ոչ թե Հայաստանից կամ Սփյուռքից, այլ Թուրքիայի հայ համայնքը պետք է անի, որովհետև ի վերջո Աթեշյանը համայնքի անունից է խոսում:
«Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մենք միշտ պետք է նկատի ունենանք և չմոռանանք, որ Թուրքիայում հայ համայնքը պատանդ է: Հիմա, արդյոք, դա արդարացնո՞ւմ է այն, ինչ-որ արեց Աթեշյանը, իմ կարծիքով՝ ոչ»,-ասաց նա և նկատեց, որ նա առաջին և վերջին հոգևորական ղեկավարը չէ, որ նման ճնշումների է ենթարկվել, սակայն ուրիշներն ավելի սկզբունքային կեցվածք են ունեցել:
Կիրո Մանոյանը գտնում է, որ մենք դրսից պարզապես պետք է շեշտենք, որ սա ևս մեկ փաստ է՝ Թուրքիայում հայ համայնքում պատանդ լինելու վերաբերյալ:
«Կարծում եմ, որ ամենաճիշտը կլինի այն, որ գերագույն հոգևոր խորհուրդը, որին ինքը համանախագահում է, շատ դրական արտահայտություն ունենա Բունդեսթագի բանաձևի մասին: Նման քայլը անհրաժեշտ է, որովհետև մենք այսօր էլ տեսնում ենք, թե ինչպես ԵԽԽՎ-ում թուրքերը կօգտագործեն նրա նամակը Ցեղասպանության ճանաչման գործընթացների դեմ»,-ասաց նա:
Անդրադառնալով Հռոմի պապի այցելությանը Հայաստան՝ Կիրո Մանոյանն ասաց, որ նրա այցը բավական կարևոր է, ինչը կունենա նաև քաղաքական հետևանքներ, քանի որ աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա կսևեռվի:
«Շատ բան կախված է նրանից, թե ինչ կասի այստեղ Պապը, և եթե խոսի Ցեղասպանությունից, դա մեծ օգուտ կլինի Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»,-ասաց նա: