(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Հայ ժողովրդի պահպանման և զարգացման հիմնական երաշխավորը հայկական պետությունն է: Այս թեմայով զեկուցումով Մոսկվայում ՀՀ դեսպանությունում Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված երիտասարդական կլոր սեղանի ժամանակ հանդես է եկել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունից:
Նավոյանը նշել է, որ Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի ազգային իղձերի մարմնացումն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը հայության այցեքարտն է միջազգային հանրությունում:
Միաժամանակ, իբրև միասնական ազգ, ունենք պատմականորեն առաջացած համահայկական խնդիրներ, որոնք բարդ և բազմաշերտ են: Դրանք ներառում են քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, դեմոգրաֆիական և անվտանգության տարբեր բնույթի հարցեր: Այս խնդիրների մեծ մասը գոյություն ունի մեր ազգի յուրաքանչյուր սերնդի, կազմակերպվածության ցանկացած մակարդակի համար: Համազգային կենսական հարցերի բազմակողմանի վերլուծությունը և լուծման ուղիների մշակումը հնարավոր է պետության ու համայնքային կառույցների համագործակցությամբ, ուր պետության վճռական մասնակցությունը բերում է համազգային խնդիրները համակարգային լուծման:
«Ռուս-հայկական համագործակցության» նախագահը ընդգծել է, որ պատմականորեն առաջացել է մի իրավիճակ, երբ ազգային շատ խնդիրների լուծման գործում կարևոր դեր են ունեցել և ունեն հայկական եկեղեցին, ավանդական կուսակցությունները, տեղական համայնքային կազմակերպությունները: Նրանց գործունեությանը մշտապես պետք է արժանին մատուցվի և ըստ ամենայնի խրախուսվի: Դրա հետ մեկտեղ պետք է գիտակցել, որ համայնքային կազմակերպությունները` նույնիսկ համահայկական կարգավիճակով, ի վիճակի չեն պատասխանատվություն վերցնել, առավել ևս իրացնել հայության ամբողջական համախմբման և զարգացման ծրագրեր: Պետությունն է ունակ համախմբելու և’ համահայկական կառույցներին և’ հայության մտավոր ու նյութական ներուժը ընդհանրապես:
Իբրև ասվածի օրինակ Յուրի Նավոյանը բերել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ստեղծումն ու գործունեությունը, ուր պետության էական դերակատարմամբ համախմբված են հայ իրականության բոլոր ազդեցիկ կառույցները: Ըստ նրա, տասնամյակների ընթացքում բարդ փուլեր հաղթահարելով, վերջապես հայ քաղաքական միտքը համազգային մակարդակով համախոհության է հասել ազգային կենսական հարցի շուրջ: Այդ համախոհության մի նոր դրսևորում կհանդիսանա սեպտեմբերին հանձնաժողովի վերակազմակերպումը Ազգային խորհրդի` պետական ինստիտուտների և սփյուռքյան կառույցների մասնակցությամբ:
ՀՀ դեսպանության կազմակերպած երիտասարդական կլոր սեղանում զեկուցումներով հանդես են եկել նաև Մոսկվայում աշխատող ՀՀ դիվանագետներ, համայնքային ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ, հրապարակվել է գործուղման մեջ գտնվող դեսպան Օլեգ Եսայանի ողջույնի ուղերձը: