Հայ-Ամերիկեան Թանգարանն Ու Հայ Դատի Արհեստավարժների Միութիւնը Ներկայացրին «ԹՈՒՄՕ» Կենտրոնի Նոր Ծրագիրը

(ԱՍՊԱՐԷԶ, Մայիս 27) «ԹՈՒՄՕ»ում ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ու «Սայարք» մշակութային ժառանգութեան թուայնացման ու պահպանման ոչ կառավարական կազմակերպութիւնը Մայիսի 19ին, Բրենդ գրադարան-արուեստի կենտրոնում ներկայացրին «Հայկական ժառանգութիւն. վիրտուալ ուխտագնացութիւն» խորագրով նախաձեռնութիւնը: Այս ծրագրի շրջանակներում թուայնացւում է Հայաստանի մշակութային ժառանգութիւնը՝ ստեղծւում են պատմական կոթողների 3D մոդելներներ, որոնք հասանելի են լինելու յատուկ կայքում ինտերակտիւ կերպով: Լոս Անջելեսի հայ համայնքին ծրագիրը ներկայացրին «ԹՈՒՄՕ» կենտրոնի խորհրդատուական խմբի անդամ Ռոջեր Կուպելեանն ու «Սայարք»ի ներկայացուցիչ Ռոս Դէյվիսոնը:

«Այս ծրագրի միջոցով մենք թուայնացնում եւ այդպիսով պահպանում ենք մեր յուշարձանները, միաժամանակ՝ աշխարհին ցոյց ենք տալիս հայ մշակոյթի գանձերը: Ապրիլեան իրադարձութիւնները ցոյց տուեցին, որ մեր պատմական կոթողները կարող են կրկին յայտնուել ոչնչացման վտանգի առաջ, եւ այսօր ներկայացուած ծրագրի միջոցով մենք կը պահպանենք դրանք, եւ յետագայում հնարաւոր կը լինի հեշտօրէն վերակագնել վնասուած հատուածները», նշեց Կուպելեանը:

«Հայկական ժառանգութիւն. վիրտուալ ուխտագնացութիւն» նախաձեռնութիւնը «Սայարք»ի մասնագէտների հետ միասին իրականացնում են «ԹՈՒՄՕ» կենտրոնի սաները: Կուպելեանը յայտնեց, որ ծրագրի նպատակներից է նաեւ հայ պատանիներին սովորեցնել ճարտարապետական կոթողների թուայնացման լազերային նոր տեխնոլոգիաների կիրառումը: Նա նշեց, որ ծրագիրը մտայղացել է «Փիքսար» հանրայայտ ընկերութեան օսկարակիր պրոդիւսեր Քեթրին Սարաֆեանը, ով նաեւ ԹՈՒՄՕ»ի խորհրդի անդամ է, եւ «Սայարք»ի հոգաբարձուներից:

Հայկական պատմամշակութային կոթողներից Գեղարդի վանքն առաջինն է ենթարկուել թուային փաստաթղթաւորման, որին կը հետեւեն բազմաթիւ այլ յուշարձաններ:

Հայ համայնքին «Հայկական ժառանգութիւն. վիրտուալ ուխտագնացութիւն» ծրագրի ներկայացումը կազմակերպել էին Հայ-ամերիկեան թանգարանն ու Հայ Դատի յանձախմբի Արհեստավարժների միութիւնը: «Այս ձեռնարկների միջոցով մենք փորձում ենք ցոյց տալ, թէ ինչ աշխատանքներ ենք իրականացնելու Հայ-ամերիկեան թանգարանի շրջանակներում: Մեզ համար շատ կարեւոր է նման ձեռնարկների միջոցով մեր շուրջը համախմբել մարդկանց՝ մինչեւ թանգարանի շէնքի պատրաստ լինելը: Այսօրուայ ձեռնարկը համագործակցութեան արդիւնք էր Գլենդելի քաղաքապետարանի, գրադարան-արուեստի կենտրոնի եւ Հայ Դատի յանձնախմբի Արհեստավարժների միութեան հետ, որ յետագայում էլ կը լինի մեր ձեւաչափերից», յայտնեց Հայ-ամերիկեան թանգարանի հանրային կապերի տնօրէն Տիգրանա Զաքարեանը:

Յիշեցնենք, որ Հայ-ամերիկեան թանգարանի առաջին նախաձեռնութիւնը, որ նուիրուած է Հայոց Ցեղասպանութեանը՝ «Հայաստան. բաց վէրք» խորագրով ցուցադրութիւնն է, որ Բրենդ գրադարան-արուեստի կենտրոնում կը շարունակուի մինչեւ Յունիսի 11ը: Դրան զուգահեռ, թանգարանն անցկացրել է մշակութային մի շարք ձեռնարկներ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ