Եվրոպան պետք է հասկանա, որ ապրիլյան պատերազմը դոմինոյի հատկություն ունի

(artsakhtimes.am) Ապրիլյան ռազմական գործողություններից հետո, Եվրոպայի միջազգային հանրային շրջանակներում նկատելի էր մոտեցումների փոփոխություն: Անգամ հնչեցին կոշտ հայտարարություններ Ադրբեջանի հասցեին: Ստեղծված իրավիճակի շուրջ «Արցախթայմսը» զրուցեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ:

Ապրիլյան դեպքերից հետո, արդյո՞ք Եվրոպան սկսել է ընկալել իրավիճակն այնպես ինչպես որ կա, ինչպես ե՞ք գնահատում այն քաղաքական մթնոլորտը, որ ստեղծվեց Եվրոպայում այդ քառօրյա ռազմական գործողություններից հետո:

Միանշանակ ապրիլյան իրադարձություններն իրենց ազդեցությունն ունեցան եվրոպական քաղաքական շրջանակների վրա և նրանք հասկացան, որ իսկապես Ադրբեջանն ագրեսոր է և այդ երկիրը այն ուժը չէ, որը ձգտում է խաղաղ ճանապարհով հարցի լուծման: Մինչ ապրիլյան իրադարձությունները, եվրոպական քաղաքական շրջանակներում մեր կողմից ներկայացվում, բացատրվում էր, որ Ադրբեջանի կողմից սահմաններում պարբերաբար խախտվում է զինադադարի ռեժիմը, որ զինվորներ են զոհվում, անգամ խաղաղ բնակիչներ և անընդհատ բարձրաձայնում էինք, որ տեղին չեն երկու կողմերին ուղղված հավասար կոչերը: Այս անգամ իրավիճակը այլ էր. Ադրբեջանի կողմից նման լայնածավալ հարձակումից հետո, ինչքան էլ եվրոպական հանրությունը փորձեց զուսպ լինել հայտարարությունների մեջ, այդուհանդերձ գնդակը Ադրբեջանի դաշտում է: Մենք Ադրբեջանի դեմ բավարար փաստարկներ ունենք և պարտադիր չէ ռազմական մասնագետ լինել, հասկանալու համար, որ եթե դու հարձակողական զենք ես ձեռք բերում, այն ոչ թե պաշտպանվելու, այլ հարձակվելու համար է: Երկրորդ կարևոր փաստարկը 2015 թվականի սեպտեմբերին Մինսկի խմբի առաջարկությունն է անկախ փորձագիտական մեխանիզմ կյանքի կոչելու մասին, որը պետք է հետաքննի զինադադարի խախտման փորձերը: Հայաստանն ընդունել է այդ գաղափարը, իսկ Ադրբեջանը մինչ օրս մերժում է այն: Տրամաբանորեն, եթե հայկական կողմն է ագրեսորը, պետք է, որ մենք չընդունենք այդ առաջարկը, մինչդեռ այսօր հակառակն է: Մենք շատ լուրջ հիմնավորումներ ունենք ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, սկսած 1990 թվականից և առկա են Եվրոպական խորհրդարանի շուրջ 10 բանաձևեր, որոնք հաստատում են, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր ուժերը, որ ադրբեջանցիների ռմբակոծություններից խաղաղ բնակիչներ են զոհվում և այլն: Նույնիսկ 1999 թվականին, զինադադարից 5 տարի հետո, Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել, որի իմաստը հետևյալն է՝ Արցախի անկախության հռչակումը հանրաքվեով նույնքան օրինավոր էր, որքան նախկին խորհրդային միության հանրապետությունների անկախության հռչակումը: Այս փաստաթուղթը շատ կարևոր է, որն ընդունվել է ոչ թե ռազմական գործողությունների ժամանակ, կամ անմիջապես հետո, այլ 5 տարի անց, ասել է թե, ավելի սթափ վիճակով: Այն որ Ադրբեջանը կամ իր գործակալները վկայակոչում են ՄԱԿ-ի ապահովության խորհրդի 4 բանաձևերը, բայց լռում են այն կետերի շուրջ, որոնք Ադրբեջանը պետք է գործադրի, ոչ թե հայկական կողմը, այդ բանաձևերում Հայաստանի մասով զորքը հետ քաշելու վերաբերյալ պարտավորություններ չկան, Հայաստանի մասով միայն ասվում է, որ վերջինս պետք է ազդեցություն գործադրի Ղարաբաղի վրա, զորքը հետ քաշելու հարցում: Ադրբեջանն անընդհատ օգտագործում է հայկական ուժեր եզրույթը, միջազգային հանրության կողմից հայկական ուժերի վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի, հետևաբար նրանց հղումը հայկական ուժեր եզրույթին, որևէ փաստաթղթով հիմնավորված չէ: Այս պարագայում կարևորում եմ նաև ՄԱԿ-ի քարտուղար Պան Գի Մունի պատասխանը ադրբեջանական լրագրողի այն հարցին, թե ինչու ՄԱԿ-ը սանկցիաներ չի կիրառում Հայաստանի դեմ: Պան Գի Մունը հստակ պատասխանել է, որ հարցը հանձնված է ԵԱՀԿ Մինսկի խմբին և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միջամտության որևէ խնդիր չունի:

Ինչ վերաբերում է եվրոխորհրդարանին՝ այնտեղ մենք Հայաստանի դեսպանությունների ու ներկայացուցչությունների հետ մեկտեղ ապրիլի մեկից հետո շատ արագ տարբեր պատգամավորների հետ միասին հակազդեցինք ադրբեջանական տեղեկատվական գործունեությանը և օպերատիվ կապ պահելով Արցախի հետ, կարողացանք խնդրի լուսաբանումը տանել ճիշտ ուղղությամբ: Այդ օրերին մենք անընդհատ տեղեկատվություն էինք ստանում Արցախից և կարողանում էինք իրավիճակը ճիշտ ներկայացնել և մեկ խոսքով կարելի է ասել մեքենան լավ աշխատեց: Արդյունքը տեսանելի էր Ստրասբուրգում կայացած եվրոխորհրդարանի նիստում, որտեղ ելույթ ունեցողներից գրեթե բոլորը մեղադրեցին Ադրբեջանին, որպես ագրեսոր, անգամ լուրջ թվով խորհրդարանականներ եղան, որ կողմ արտահայտվեցին Արցախի ազատ ինքնորոշմանը, Արցախի անկախության ճանաչմանը: Առաջին անգամն էր, որ հարցը բավականին լայն ընդգրկում ունեցավ և սա նախադեպ է, որից մենք պետք է օգտվենք ու ճիշտ աշխատենք, որպեսզի հարմար պահը չկորցնենք: ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցաբար ծրագրեր ենք մշակել, սակայն նպատակահարմար չէ խոսել այդ ծրագրերի մասին, հասկանալի պատճառներով: Ուղղակի ասեմ, որ այսօր մեզ համար ստեղծված դրական մթնոլորտը պետք է կարողանանք պահել: Պետք է նշեմ, որ անգամ ԵԽՎԽ-ում, որտեղ մենք որոշակի դժվարությունների էինք հանդիպում, ապրիլից հետո այդ կառույցում նույնպես տպավորությունները մեր օգտին են: Չպետք է անտեսենք նաև Ադրբեջանի ներկա տնտեսական վիճակը, այսինքն, նա այլևս չի կարողանա նախկին ձևով ֆինանսական ներդրումներ կատարել մարդկանց կաշառելու համար:

Այս պահի դրությամբ մեր աշխատանքները հիմնականում ուղղված են նրան, որ ընկալելի դարձնենք Եվրոպային, թե ով է ագրեսորը, ռազմական գործողություններ հրահրողը: Որոշակի արդյունքների հասել ենք եվրոպական կառույցներում և հիմա Ադրբեջանի ցայտուն պաշտպանություն չկա: Փորձում ենք հասկանալի դարձնել, որ այս պատերազմը դոմինոյի հատկություն ունի և ագրեսորին չպատժելու դեպքում այն կհասնի Եվրոպա: Արցախի ժողովուրդը պայքարում է իր կյանքի ու իր ընտանիքի համար և ոչ թե հող գրավելու: Սա է, որ բացատրվում է, սա է, որ փորձում ենք հասկանալի դարձնել Եվրոպային: Այստեղ չպետք է մոռանանք նաև Թուրքիայի պարագան, որը միակ երկիրն էր, որ խրախուսեց այդ ռազմական գործողությունները, դրանով իսկ ցույց տալով աշխարհին ագրեսոր կողմին, դրանով ավելի մեծ դժվարություն ստեղծելով Ալիևի համար, ով ջանք չէր խնայում ապացուցելու, թե իբր հայերն են հարձակվել: Էրդողանի հայտարարությունները մեզ համար շատ օգտակար էին քարոզչական նպատակով:

Որոշ քաղաքական վերլուծաբաններ, փորձագետներ գտնում են, որ այս ապրիլյան էսկալացիան նաև ինչ որ տեղ Սարսանգի բանաձևի ընդունման շարունակությունն էր, որով Ադրբեջանն իրեն ավելի ազատ զգաց:

Ես համաձայն չեմ նման դիտարկման հետ, որովհետև ԵԽԽՎ-ի որոշումները վերաբերվում են զուտ մարդկային իրավունքներին և որևէ իրավական ուժ չեն ներկայացնում: Այս բանաձը չէր կարող նախ Ադրբեջանին ազատություն տալ, որովհետև Ադրբեջանին ավելի շատ ձեռնտու էր Ուոլթերի բանաձևը, Սարսանգը կողմնակի էր: Քանի որ Ուոլթերի ներկայացրած բանաձևը չանցավ, Սարսանգի բանաձևը Ադրբեջանի համար ընդհամենը մխիթարանք էր: Այնպես որ, էսկալացիայի պատճառը որոնել այս հարթությունում, ճիշտ չէ: