ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը, նշեց, որ այդ հանդիպումից հետո հնչած հայտարարությունները մասամբ էին ականջահաճո:
Նա նշեց, որ համանախագահները մի կողմից Հայաստանին փորձեցին տալ այն, ինչը որպես նախապայման դրվել էր Հայաստանի կողմից`առաջիկա բանակցություններին մասնակցելու համար, մյուս կողմից, որի մասին շատ չխոսվեց երեկ, Ադրբեջանին տալ կամ առնվազն հնչեցնել այնպիսի տեսակետներ, որոնք Ադրբեջանին դուր կգան: «Եթե մի կողմից փորձեցին ասել, որ իրենք կավելացնեն դիտորդական առաքելությունը և մոնիթորինգի մեխանիզմ ստեղծելու հարց դրեցին, որ պետք է կողմերը համաձայնեն դրա շուրջ, ապա մյուս կողմից՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի խոսքը փուլային կերպով հարցը լուծելու մասին էր: Սրանից առաջ ամերիկացի համանախագահողի կողմից հաճախ, այսպես ասած, համապարփակ համաձայնագիր պատրաստելու մասին էր ասվում։ Այսինքն`առանց սկզբունքների շուրջ համաձայնության գալու, արդեն սկսվեց պատրաստել այդ համապարփակ պայմանագիրը»,- ասաց նա և նշեց, որ դա Ադրբեջանին դուր գալու փորձ էր:
Բանախոսն այդ փաստը մտահոգիչ համարեց և նշեց, որ Վիեննայում կայացած հանդիպումն ավելի շատ միջնորդների մասնակցությամբ հանդիպում էր, որին մասնակցեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: «Բավականին դժվար պետք է լիներ Հայաստանի համար չմասնակցել այդ հանդիպմանը: Մասնակցելուց հետո հայկական կողմի բարձրացրած հարցերը ճիշտ շեշտադրումներով եղել են, բայց մտահոգիչն այն է, թե արդյո՞ք կհարգի Ադրբեջանն այդ մասը: Եվ եթե նույնիսկ հարգեց, ու մենք անցանք բանակցությունների, այդտեղ ևս կան մտահոգիչ հարցեր»,- ասաց նա:
Կիրո Մանոյանը նշեց, որ համանախագահողների հայտարարությունն էլ համահունչ էր ՀՀ Նախագահի ասածներին: «Ադրբեջանի կողմից լռությունը խոսում է այն մասին, որ իրենք այդքան էլ խանդավառ չեն այդ հանդիպմամբ, և համանախագահները փորձում են սիրաշահել Ադրբեջանին և սեղանի շուրջ պահել` փորձելով նաև ասել բաներ, որոնք Ադրբեջանի ցանկություն է, և դա արդեն հաջորդ հանգրվանի խնդիր է, բանակցությունների խնդիր է»,- ասաց նա: