Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ:
«Արցախի ինքնորոշման իրավունքին նոր թափ տալն այսօրվա առաջնահերթություններից է». Հակոբ Տեր-Խաչատուրյան
(ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ) Ացախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Մեր այսօրվա հանդիպումը շոու չէր, իսկապես տեղի ունեցան խորքային քննարկումներ։ Այս պատմական պահին որո՞նք են այն առաջնահերթությունները, որոնք կարողանանք մենք, որպես Դաշնակցություն, կյանքի կոչել։ Մեկն Արցախի ինքնորոշման իրավունքիոն նոր թափ տալն է»,- հանդիպումից հետո նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Ըստ Շվեդիայի Հայ Դատի նախագահ Արշակ Գավաֆյանի, Արցախի խնդիրները միշտ էլ եղել են ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ուշադրության կենտրոնում: Ռազմական վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ անելիքներն այդ ուղղությամբ առավել քան հստակ պիտի լինեն: Ըստ Գավաֆյանի, պետք է հասնել նրան , որ աշխարհն ընդունի իրականությունը՝ Արցախը որպես ժողովրդավար, ժողովրդի կամքով ազատ հանրապետություն:
Կայացած հանդիպման ընթացքում Բակո Սահակյանն արժեւորեց ՀՅԴ Հայ դատի գործունեւթյունը Հայոց ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, համահայկական նշանակություն ունեցող խնդիրների լուծման ուղղությամբ:
«Այսօրվա հանդիպումը մեզ համար ունի պատմական նշանակություն, այն ունի կարեւորություն եւ անհրաժեշտությունից էր բխում»,- ասաց Հայ Դատի կենտրոնական խորհրդի անդամ, «Սոցինտերնի» փոխնախագահ Մարիո Նալբանդյանը։
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը, որին մասնակցում են ավելի քան 25 հանձնախմբերի եւ գրասենյակների, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմինների շուրջ 65 ներկայացուցիչներ, կավարտվի մայիսի 11-ին: Իսկ մայիսի 12-ին Երեւանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ համաժողովի աշխատանքների վերաբերյալ։