(tert.am) Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որ դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ասաց, թե Նախագահի կողմից արդեն հայտարարվել է, թե ինչ պայմաններում պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը:
«Բայց կարծում եմ, որ մենք ճիշտ չենք ասում, երբ ձևակերպում ենք, թե կարծես Հայաստանը ոչ մի ճանաչում չի տվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այդպես չէ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության կողմից տրված ճանաչման և Միացյալ Նահանգների կողմից չտրված ճանաչման միջև մեծ տարբերություն կա: ՀՀ-ում գործում է ԼՂՀ ներկայացուցչություն, դիվանագիտական նույն իրավունքներով ու կարգավիճակով, ինչ Միացյալ Նահանգների դեսպանությանն է: Երկու երկրների միջև կան ստորագրված պայմանագրեր, նախագահներին իրար նախագահ են ասում: Հետևաբար ասել, թե Հայաստանը չի ճանաչում, այդքան էլ ճիշտ չէ»,-ասաց Կիրո Մանոյանը՝ ավելացնելով, թե ճանաչման տարբեր մակարդակներ կան:
Նա նշեց, թե Հայաստանը պետք է շեշտը դնի փոխօգնության պայմանագրի վրա. «Դա, իսկապես, պետք է իրականություն դառնա, կարիք չկա նոր առիթների սպասելու, որովհետև այդ առիթը եկավ, գնաց, այդ առիթով էր, որ հայտարարվեց նման պայմանագրի ստորագրության անհրաժեշտության մասին: Պետք չէ շատ երկար ձգել այս վիճակը»:
Կիրո Մանոյանն ասաց, թե ի վերջո այդ անկախության ճանաչմանը նաև կարող է հաջորդել միացման հայտարարությունը, այսինքն` երկու անկախ պետություններ միասին կորոշեն միանալ:
Դաշնակցական գործիչն ասաց, թե Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը հասցեագրված է ոչ թե Ադրբեջանին, այլ այն հասցեագրված է միջազգային համայնքին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին:
Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի՝ բանակցային սեղան վերադառնալուն, Կիրո Մանոյանն ասաց. «Հայաստանն ինչ-որ տեղ իրավունք էլ չունի Ղարաբաղի Հանրապետությանը ներկայացնելու։ Դրա համար է, որ ասում ենք՝ այդ հարաբերությունը պայմանագրում սահմանվի, որպեսզի աշխարհն էլ հասկանա: Եվ երկրորդ, միշտ էլ ասել ենք, որ ԼՂՀ-ն պետք է ուղղակի մասնակիցը դառնա բանակցություններին և այդ բանակցությունների սկզբից, այլ ոչ թե ինչ-որ հանգրվանից հետո, ինչպես ասում են համանախագահողները»:
Նրա խոսքով՝ այդ ինչ-որ հանգրվանից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կդրվի բավական դժվար վիճակում:
«Որովհետև եթե արդեն ինչ-որ հարցերի շուրջ համաձայնվել են, ապա դրանց դեմ գնալ՝ կնշանակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կեցվածքի դրսևորում»: