(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Արցախը պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային կողմ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
«Արցախն անպայման պետք է բանակցային կողմ դառնա, և պետք է դառնա ոչ թե ինչ-ինչ հարցեր համաձայնեցնելուց հետո, այլ բանակցությունների վերսկսման հենց սկզբից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանոյանը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցին՝ Մանոյանը կարևորեց այն հանգամանքը, որ Լավրովը հստակ շեշտել է՝ 1994թ. կնքված զինադադարի եռակողմ համաձայնագիրն անժամկետ է և շարունակում է ուժի մեջ մնալ:
«Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, որ հենց Հայաստանն է ապրիլի սկզբին սկսել պատերազմը և չեղյալ է համարել 1994թ. կնքված զինադադարը, իսկ իրենց համար զինադադարի ռեժիմն այն բանավոր համաձայնությունն է, որը կայացել է ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ: Տարբերությունն այստեղ այն է, որ 1994թ. կնքված զինադադարի համաձայնագիրը եռակողմ է, այսինքն՝ այդ համաձայնագիրը ստորագրել է նաև Արցախը, իսկ զինադադարի վերջին բանավոր համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս առումով Սերգեյ Լավրովի հայտարարությունը շատ կարևոր է»,- հավելեց Մանոյանը:
Կիրո Մանոյանը նկատեց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը ցույց տվեց նաև, որ իրականությանը չեն համապատասխանում այդ այցին նախորդող ռուսական լրատվամիջոցների հրապարակումները, թե Սերգեյ Լավրովը հակամարտության կարգավորման նոր փաստաթուղթ է ներկայացնելու հայկական կողմին:
«Ռուսաստանի արտգործնախարարի այցը ցույց տվեց, որ այդ հրապարակումները իրականության հետ կապ չունեն: Ես չգիտեմ, թե ինչի համար էին նման հրապարակումները: Միգուցե, հայկական կողմի վրա ճնշում գործադրելու փորձեր էին դրանք կամ ինչ-որ մեկը ցանկանում էր ցույց տալ ադրբեջանցիներին, որ փորձում են ճնշել Հայաստանին, սակայն մենք համոզվեցինք, որ իրականում նոր փաստաթուղթ չկա»,- եզրափակեց Մանոյանը:
Տարին չի վերջացել ու Օբաման հնարավորություն ունի` սրբագրելու. Կիրո Մանոյան
(yerkir.am) Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչու իր կարծիքով ԱՄՆ նախագահն ամենամյա ուղերձներում չի արտասանում «ցեղասպանություն» բառը, պատասխանեց. «Տարին չի վերջացել ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռ կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառը։ Բան մի արեք մարդուն․․․ Տարին դեռ չի վերջացել, այդ իմաստով, ունի վերջին հնարավորությունը` սրբագրելու: Ափսոս, որ ինքը ուրիշներին է վկայաբերում, վկայաբերում է նաև անհատ Օբամային, քաղաքացի Օբամային, բայց որպես ԱՄՆ նախագահ այդպես էլ չի ասում: Կարծեք ինչ-որ տեղ Թուրքիայի վրա լծակի է նմանվում, որ նախագահը պիտի ասի, պիտի չասի ու հիմա ինչ-որ բանի պատճառով ուղակի բառը չի ասում, մնացած ամեն ինչն ասում է։ Ափսոսում եմ դրա համար» – շեշտեց Կիրո Մանոյանը։
Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ապրիլյան դեպքերի մասին, պատասխանելով այն հարցին, թե ինչու է միջազգային հանրութունը լուռ ձևանում, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Որովհետև միջազգային հանրության մի մասը մեղսակցում է Ադրբեջանին, հատկապես՝ մասնակցելով Ադրբեջանում անցկացվող ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինք» ֆորումին։ Ի վերջո այս ամբողջը իրենց դեմ է նաև, միջազգային հանրության դեմ է, իրենց դեմ դուրս կգա։ Եթե պատերազմ սկսվի, իսկ դա կլինի Ադրբեջանի նախաձեռնությամբ, դրա հետևանքները ոչ մեկ կանխատեսել չի կարող։ Միջազգային համայնքին բավական մեծ հարված կլինի այդ պատերազմը։ Դրա համար միջազգային հանրությունը պետք է ճիշտ գնահատական տա, ճիշտ վերաբերմունք տա, դադարի մեղսակից լինել Ադրբեջանին»,- շեշտեց Կիրո Մանոյանը:
ՀՅԴ-ն դեմ է տարածք հանձնել ենթադրող փաստաթղթին
ԳԱԼԱ Հեռուստաընկերություն