(hayernaysor.am) Ապրիլի 13-ին Մոսկվայում, գրողների կենտրոնական տանը «Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպմամբ տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Հանդես գալով երեկոյում «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ ցեղասպանության թեման շոշափում է պատմական, իրավական, քաղաքական ու բարոյական` հիմնականում չլուծված հարցերի ահռելի շերտեր: Այսօր ողջ աշխարհում նկատվում է նացիստական շարժումների ակտիվացում, աճում է ագրեսիայի, ազգային և կրոնական անհանդուրժողության աստիճանը: Դա դրսևորվում է նաև Հարավային Կովկասում, ուր Թուրքիայի ավանդական ապակառուցողական քաղաքականությունը Ադրբեջանին հրահրում է տարածաշրջանում և Ռուսաստանի սահմանների մոտ անկայունության նոր օջախ բացել: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են «Ռուս-հայկական համագործակցության» կենտրոնից:
Ընդգծելով ղարաղաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անայլընտրանք լինելը, նա ապրիլյան չորսօրյա պատերազմի դասերի հիման վրա առաջարկեց դադարեցնել զենքի մատակարարումը Ադրբեջանին, ԼՂՀ-ն վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, կողմերին հակամարտությունը խաղաղ մեթոդներով կարգավորելու իրավական պարտացորեցնող փաստաթուղթ առաջարկել, Հայաստանի և ԼՂՀ միջև ստորագրել ռազմական փոխօգնության պայմանագիր: Այս ամենը Ադրբեջանի նոր ագրեսիան զսպող նշանակություն կունենա:
Ըստ Յուրի Նավոյանի, հայ-ռուսական բնույթով ռազմավարական հարաբերությունների նոր օրակարգ պետք է ձևավորել, որը հաշվի կառնի բոլոր այն գործոններն ու մարտահրավերները, որոնք դրսևորվեցին վերջին օրերին: Անհրաժեշտ է համագործակցության բոլոր նախադրյալների իրացման նոր հնարավորություններ գտնել, որպեսզի դաշնակցային հարաբերությունները համոզիչ բնույթ կրեն:
«Ռուս-հայկական համագործակցության» ղեկավարը ընդգծեց, որ ցեղասպանության լավագույն պատասխանը այսօր հայկական պետականության և հայոց հաղթական բանակի առկայությունն է: Տեղեկացնելով, որ ապրիլի 5-ին երիտասարդության նախաձեռնությամբ և «Ռուս-հայկական համագործակցության» աջակցությամբ հիմնվել է «Արցախի բարեկամներ» ռուսաստանյան շարժումը, նա ներկաներին կոչ արեց ակտիվորեն ընդգրկվել ԼՂՀ-ին աջակցելու ծրագրերում:
Երեկոյում ելույթ ունեցան նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ Բորիս Ռեզնիկը («Եդինայա Ռոսսիյա») խմբակցություն, Ալեքսանդր Տարնավսկին («Սպրավեդլիվոյա Ռոսսիյա») խմբակցություն, ՌԴ Դաշնայի Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը և ուրիշներ:
Իրենց ուղերձներով երեկոն ողջունել էին ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, «Սպրավեդլիվոյա Ռոսսիյա» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը, իսկ օրհնությամբ և բարեմաղթությամբ` Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ միտրոպոլիտ Իլարիոնը:
Երեկոյի գեղարվեստական մասում «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժումը ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինի գլխավորությամբ ներկայացրեց օրվա խորհրդին համարժեք ծրագիր` հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններով:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված` «Ռուս-հայկական համագործակցության» և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժան առաջին ձեռնարկը հաջողությամբ տեղի էր ունեցել ս. թ. մարտի 20-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ: