Բողոքի ցույց ընդդեմ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի

(Հայ Դատ – Նիդերլանդներ) Այսօր՝ 2016 թվականի ապրիլի 8-ին Նիդերլանդների Համագործակցող Հայկական կազմակերպությունները Ամստերդամի կենտրոնական հրապարակ՝ Դամ-ում բողոքի ցույց անցկացրեցին ընդդեմ՝ ապրիլի մեկից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի: Նախօրեին ադրբեջանցիները, թուրքերի, ղրիմի թաթարների և ույղուրների հետ միասին հաջողել էին մոտավորապես 60 հոգանոց ցույց կազմակերպել Հաագայում, որտեղ հիմնականում թրքերենով ելույթներ էին հնչել:

Հոլանդահայերի թիվն այսօր Ամստերդամում 500-ի էր հասնում: Ցուցարարները Ամստերդամ էին եկել երկրի բոլոր անկյուններից: Ցույցն սկսվեց հզոր վանկարկումներով՝ «Ղարաբաղը Արցախն է, Արցախն հայոց հողն է», «Ղարաբաղը ազատ է, մի ժխտեք ազատությունը», «Ամոթ Ադրբեջանին» և այլն: Ցուցարարներն իրենց ձեռքերում ունեին հսկայական թվով Արցախի և Հայաստանի դրոշներ, ինչպես նաև դիպուկ գրություններով ցուցապաստառներ: ՆՀՀ կազմակերպությունների անունից ելույթներ ունեցան Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչ՝ Սեպուհ Աբրահամյանը, Նիդերլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիայի նախագահ՝ Մաթո Հախվերդյանը, ինչպես նաև Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը:

Զբոսաշրջիկներով լի Ամստերդամի հասարակության համար ելույթները, ի տարբերություն թուրքերի ցույցի, անգլերենով և հոլանդերենով էին, որոնց մեծ թվով օտաներ էին ունկնդրում: Ցույցից երկու ժամ առաջ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ»-ի երիտասարդները ցույցի իմաստը բացատրող թռուցիկներ էին բաժանում:

Ելույթ ունեցողները հիմնականում մերկացրեցին ադրբեջանական քարոզչամեքենայի ապատեղեկատվությունը և հոլանդահյերի անվերապահ աջակցությունը արտահայտեցին Արցախի քույր-եղբայրներին: Հավաստումներ հնչեցին այն մասին, որ Հոլանդահայերը 10 միլիոնանոց հայոց սփյուռքի անքակտելի մասն են և բոլոր հնարավոր միջոցներով մասնակցելու են Արցախի ազատամարտին մինչև վերջնական հաղթանակ:

Երկու ժամ տևած ցույցի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, որոնց հիմնկան կատարողներն էին՝ հայ մանուկներն ու երիտասարդները: Այս տարի նույն հրապարակում կանցկացվի նաև Հայոց Ցեղասպանության 101 ամյակին նվիրված հանրահավաքը: Հոլանդահայությունը վճռական է իր ազգային նպատակներին հասնելու գործում:

Նիդերլանդների Համագործակցող Հայկական կազմակերպություններ