(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Եվրոպայի հայկական համայնքներում Հայոց ցեղասպանության հարցի հետապնդման գործում այս տարի լինելու է ոչ միայն ճանաչման, դատապարտման պահանջ, այլև բարձրաձայնվելու է հատուցուման հարցը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Նա ներկայացրեց ընթացիկ տարում նախատեսված ծրագրերը:
-Պարոն Դեմիրճյան, ինչով է առանձնանալու 2016 թվականին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գործունեությունը:
-Դեռևս 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ նախանշված էր, որ մեր քաղաքականության մեջ շեշտադրվելու է հատուցման հարցը: Այսինքն` Հայոց ցեղասպանության հարցի հետապնդման գործում լինելու է ոչ միայն ճանաչում, դատապարտում, այլև բարձարաձայնվելու է հատուցուման հարցը: Աշխատանք է տարվելու հենց այդ ուղղությամբ: Կարող եմ ասել, որ 2016 թավականին մեր աշխատանքներն այդ ճանապարհով են առաջ գնալու: Հատուցման հարցը բարձրաձայնելու ենք, թե եվրոպական կառույցներում, թե հասարակության լայն շրջանում:
-Ներկա փուլում, ի՞նչ նոր բանաձևեր կամ նախաձեռնություններ կան Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված:
-Նախ ասեմ, որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը համակարգում է Եվրոպայի տարածքում Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը: Եթե որևէ մի հանձնախումբ նախաձեռնում է բանաձևի ընդունում, ապա մենք համատեղ աշխատում ենք: Այսօր մենք 17 եվրոպական երկրներում ունենք հանձնախմբեր: Հասկանալի է, որ ընդհանուր աշխատանքի համակարգումը միասնաբար է արվում: Ինչ վերաբերում է նոր նախագծերին, ապա կարող եմ ասել, որ աշխատանքներ տարվում են, սակայն առայժմ չենք բացահայտում, հասկանալի պատճառներով: Բայց կարող եմ ասել, որ մենք հետևում ենք Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, որը սկսվել է նախորդ տարի ապրիլից: Հույս ունենք, որ խորհրդարանն այս անգամ կգնա մինչև վերջ:
-Իսկ դուք աշխատո՞ւմ եք Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների հետ, նրանց շրջանում ի՞նչ տրամադրություններ են իշխում:
– Հայոց ցեղասպանության իրողությունը, փաստը մերժող չկա: Այդ մասին խոսել են տարբեր խմբակցությունների ղեկավարներ: Այդ միտումը երևում էր, դեռ նախորդ տարվա քննարկումների ժամանակ, պարզապես այժմեականության հարց է: Այսօր օրակարգային է փախստականների հարցը: Թուրքիայի ենթադրյալ կարևորությունը կա, և Գերմանիան փորձում է սիրաշահել Թուրքիային, որպեսզի դեպի Եվրոպա փախստականների մուտքն ինչ-որ չափով կասեցվի: Այս համատեքստում Հայոց ցեղասանության հարցը փոքր-ինչ հետ է մղվել, բայց քննարկումները շարունակվում են: Ի դեպ, վերջերս Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել էր Գերմանիա, և Հայոց ցեղասպանության հարցն արծարծվել էր:
-Պարոն Դեմիրճյան, ի՞նչ նախաձեռնություններ ունեք Արցախի հետ կապված: Տեսնում ենք, որ ԱՄՆ-ի տարբեր նահանգներ ճանաչում են Արցախի անկախությունը: Ի՞նչ զարգացումների սպասել Եվրոպայում:
-Եվրոպայի առումով պետք է նշել, որ նույնպես զարգացումներ կան: Ինչպես գիտենք, Բասկերի երկիրը ճանաչեց Արցախի անկախությունը: Եվրոպական քաղաքների մակարդակով Արցախի հետ նոր համագործակցություններ են գրանցվում: Կապեր են հաստատվում նաև Ստեփնակերտի համալսարանի և եվրոպական համալսարանների միջև: Դրանից բացի, տարբեր պատվիրակություններ, մեզ հետ համագործակցելով, այցելում են Արցախ: Ընթացիկ տարում այդ աշխատանքը շարունակվելու է և կարող ենք ասել, որ 2016-ին հաջողություններ կարձանագրենք Արցախի և եվրոպական երկրների քաղաքների նոր միության մասին: Ի դեպ այս օրերին Արցախում էր Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությունը:
Աննա Գզիրյան