Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Պետդուման չի քննարկի
(azatutyun.am) Ռուսաստանի կառավարությունն ու Գերագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծին: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Ռուսաստանի գերագույն դատարանի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր խորհրդատու Վալերիա Զախարովան:
Բացասական եզրակացությունը պատճառաբանվել է նրանով, որ Ռուսաստանի օրենսդրությամբ արդեն իսկ գոյություն ունեն նորմեր, որոնք պատիժ են նախատեսում ազգային հողի վրա հանցագործությունների, ինչպես նաև կրոնական զգացմունքները վիրավորելու համար. ևս մեկ նմանօրինակ օրինագծի կարիք, ըստ Ռուսաստանի կառավարության և Գերագույն դատարանի, չկա, եզրակացության տեքստը վկայակոչելով՝ «Ազատության» հետ զրույցում նշեց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:
Նա կարծում է, որ տեղի ունեցածից հիասթափվելու կարիք չկա, քանի որ այսպես թե այնպես Ռուսաստանն ընդունում է ցեղասպանությունը, իսկ օրենսդրությունն էլ հարկ եղած դեպքում պատժում է ցեղասպանության փաստը հերքողներին:
«Կառավարությունը և Գերագույն դատարանը համարում են, որ Ռուսաստանում բոլոր մակարդակներում Հայոց ցեղասպանությունը ընդունված փաստ է, և Ռուսաստանում մասսայական ժխտման դեպքեր չկան, և այս օրինագծի անհրաժեշտությունը չկա», – ասաց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահը՝ շարունակելով․ – «Բայց ես կարծում եմ, որ եթե կառավարության մասով նայենք, Ռուսաստանի Պետական դումայի ընտրությունների տարում, իսկ սեպտեմբերին լինելու են Պետական դումայի ընտրություններ, կառավարությունը դժվար թե դրական եզրակացություն տար «Արդար Ռուսաստան» խմբակցության նախաձեռնությանը, որպեսզի «Արդար Ռուսաստան»-ը շահեր ռուսաստանաբնակ երկու միլիոն հայերի համակրանքը»:
Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Ռուսաստանի Պետդումայում հայտնվեց անցած նոյեմբերին՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին: Օրինագծի հեղինակներ՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամները փաստաթղթի նախագծում մասնավորապես առաջարկել են քրեական պատասխանատվության ենթարկել «1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին փաստերը ժխտողներին, որպես պատիժ սահմանել կա՛մ տուգանք, կա՛մ հարկադիր աշխատանքի կատարում, կա՛մ ազատազրկում»:
Դմիտրի Մեդվեդևի գլխավորած ռուսաստանյան կառավարությունը և Գերագույն դատարանը օրինագծի վերաբերյալ իրենց բացասական եզրակացությունում նշում են, որ փաստաթղթի հեղինակները որևէ վիճակագրական տվյալ կամ քրեագիտական հետազոտության արդյունքներ չեն ներկայացրել, որոնք կփաստեին Ռուսաստանում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեպքերի տարածվածությունը:
Լուսանկար՝ Յուրի Նավոյան