(ԱՊԱՌԱԺ) Aparaj.am-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ, ով պատասխանել է ԵԽԽՎ-ում առաջիկայում քննարկվելիք երկու հակահայկական զեկույցների շուրջ մեր թղթակցի հարցերին:
–ԵԽԽՎ–ի ձմեռային նստաշրջանում հակահայկական երկու զեկույցներ կքննարկվեն. ի՞նչ աշխատանքներ է տանում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն այս զեկույցների ընդունումը կասեցնելու համար:
– ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի հանձնախումբն առաջին իսկ օրից արդեն լծվել է աշխատանքի: Հանձնախումբը կապ է հաստատել ԵԽԽՎ-ի նախագահի եւ յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ միաժամանակ նաեւ զորաշարժի ենթարկելով Եւրոպայի տարածքում գտնվող Հայ Դատի հանձնախմբերին եւ համայնքներին, որպեսզի նրանք էլ իրենց երկրներում աշխատանքներ տանեն, բացահայտեն երկու զեկույցների իսկությունը եւ նրանց հետին նպատակը: Նախաձեռնել ենք նաեւ առցանց ստորագրահավաք՝ www.change.org-ի միջոցով, որի տակ արդեն շուրջ վեց հազար անհատներ իրենց ընվզումն են արտահայտել նշյալ երկու բանաձեւերի դեմ: Հանդիպումները եւ աշխատանքները շարունակվելու են մինչեւ վերջին վայրկյանը: Պե’տք է, որ այս երկու բանաձեւները ձախողվեն:
– Նման բանաձեւերի ընդունումը որքանո՞վ կարող է վտանգել բանակցային գործընթացը:
– Նման բանաձեւներն ամբողջովին վնասում են բանակցային գործընթացը. մի բան, որ արդեն նշում ենք պատգամավորների հետ մեր հանդիպումների ընթացքում: Առաջին իսկ օրից Մինսկի խմբի համանախագահները, արտաքին գործերի նախարարներն անձնապես եւ միասին նշեցին եւ քննադատեցին այս բանաձեւները: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ հաստատվեց, որ միակ բանակցային գործընթացը Մինսկի խմբի միջոցով է:
Ինչպես միշտ, այս անգամ եւս, Ադրբեջանը փորձում է խանգարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը:
– Հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու է ԵԺԿ ղեկավար Պեդրո Ագրամունտը, ով համարվում է Ադրբեջանի ամենաակտիվ լոբբիստներից մեկը։ Ինչքանո՞վ դա կարող է խոչընդոտել հայկական պատվիրակության աշխատանքներին:
– Այո, նա ծանոթ է որպես խավիարային դիվանագիտության առաջատարներից մեկը: Նա, որպես այդպիսին, բազմիցս նշված է մարդու իրավունքների եւրոպական զանազան կազմակերպությունների կողմից, ինչպես նաեւ՝ քաղաքական, դիվանագիտական թափանցիկության կողմնակից շրջանակների կողմից: Նա, հավանաբար, փորձելու է շարունակել ներկայիս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի գործը եւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ հատուկ ադրբեջանամետ նախաձեռնություններ անել:
Դյուրին չի լինելու նրա հետ աշխատելը , սակայն պատրաստ պետք է լինենք հակադարձելու եւ ինչու՞ չէ՝ նախաձեռնելու, որ հավասարակշռենք նրա անելիք քայլերը:
– Ի՞նչ դիվանագիտական գործիքներ պետք է կիրառել ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը հակադարձելու համար:
– Վստահ ենք, որ ՀՀ ԱԺ-ի պատվիրակությունը եւ դիվանագիտական ներկայացուցչությունները պետք եղած աշխատանքները կտանեն եւ պիտի տանեն՝ թույլ չտալու համար, որ ԵԽԽՎ-ն դառնա ալիեւների պատանդը: Ըստ մեզ՝ բոյկոտի եթարկել պետք չէ նման կառույցները. մի բան, որն Ադրբեջանը շատ հաճախ անում է՝ իր իսկ դեմ դարձնելով այս կառույցներին: Պետք է լինել աչքաբաց, հավելյալ լրջությամբ մոտենալ այս կառույցների աշխատանքին եւ անշուշտ՝ լինել ավելի աշխույժ:
Հուսով ենք` դրական լուրերով կվերադառնան
(168.am) «ԵԽ ԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառված հակահայկական բանաձևերի ընդունումը խափանելու դեմ լուրջ աշխատանքներ են ծավալվում և ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամների, և Հայ Դատի գրասենյակների, և տարբեր երկրներում հայ համայնքների, և անհատների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերնագրերով:
Առաջին բանաձևը` ԼՂՀ-ի, մյուսը` Սարսանգի ջրամբարի մասին է՝ կոշտ հակահայկական ձևակերպումներով: Պետո Դեմիրճյանն ասաց, որ այս պահին գոհ են, որ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը, ինչպեսև՝ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակն աշխատում են այս բանաձևերի հաստատումը բեկանելու ուղղությամբ: Ըստ նրա` այդ աշխատանքը կշարունակվի մինչև քվեարկության րոպեն, քանի որ բեկանման հնարավորությունները կախված են կատարվող աշխատանքից:
«Հուսով ենք և մաղթում, որ գոնե հնարավոր լինի խափանել այս բանաձևերի ընդունումը, որի համար նաև մենք՝ իբրև Հայ Դատի գրասենյակ, աշխատում ենք: Կարող եմ ասել, թե ինչ ենք մենք արել այդ ուղղությամբ: Հայ Դատի գրասենյակը ստորագրահավաք է կազմակերպել ԵԽ ԽՎ այս երկու բանաձևերի դեմ, որոնց միացել է առայժմ շուրջ 5 հազար անհատ, որոնք պահանջում են ԵԽ ԽՎ-ից՝ չքվեարկել այս բանաձևերի օգտին, մեր ներկայացուցչությունները տարբեր երկրներում տեղում այդ երկրների ԵԽ ԽՎ պատգամավորների հետ հանդիպումներ են ունենում և բացատրում, թե ինչ են իրենցից ներկայացնում այս երկու բանաձևերը, և ինչու է պետք «դեմ» քվեարկել:
Տեղյակ եմ նաև, որ եվրոպական երկրների մի շարք հայ համայնքներում ևս կազմակերպություններ և անհատներ քայլեր են ձեռնարկում և ԵԽ ԽՎ պատվիրակներին տեղեկացնում են, բացատրում, թե որտեղից են բանաձևերը, և ինչու պետք չէ «կողմ» քվեարկել»,- տեղեկացրեց Պետո Դեմիրճյանը: Այնուամենայնիվ, նրա կարծիքով՝ բանաձևերի ընդունումը բեկանելու լծակների մասին դժվար է խոսել: Նրա որակմամբ, դժվար իրավիճակում ենք, քանի որ քիչ է պատահում, որ հանձնաժողովներում ընդունված բանաձևերը չեն ընդունվում լիագումար նիստերի ընթացքում: «Հանձնաժողովներում բանաձևի ընդունումն արդեն նշանակում է, որ կան պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն: Մենք նաև նամակ ենք ուղղել բոլոր պատվիրակներին և նշել ենք հատկապես, թե ով է Ռոբերտ Ուոլթերը, ինչ կապեր ու ադրբեջանամետ կեցվածք ունի, որքան թրքամետ կեցվածք ունի նրա կինը, ինչպես է Ուոլթերը Չավուշօղլուից Թուրքիայի քաղաքացիություն ստացել, և ինչու և ինչ պայմաններում են հեղինակվել բանաձևերը:
Շատ փաստեր այսօր կան դրված ԵԽ ԽՎ պատվիրակների սեղաններին: Հուսանք, որ պատվիրակներն այլևս ճիշտ կերպով կկողմնորոշվեն ու կքվեարկեն: Մեր պատվիրակությունը ևս պետք է օգտագործի իր ունեցած լծակները՝ իբրև խորհրդարան և պատվիրակություն, իր խողովակներով հանդիպի, խոսի, բացատրի, ներկայացնի իրավիճակի էությունը: Վստահ եմ, որ բոլոր միջոցների մասին նրանք տեղյակ են և կանեն»,- ասաց Պետո Դեմիրճյանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի Բրյուսելի գրասենյակը ևս երկու ներկայացուցիչ է ունենալու ԵԽ ԽՎ-ում քվեարկության օրը: «Հուսով ենք, որ նրանք մեզ համար դրական լուրերով են վերադառնալու ԵԽ ԽՎ-ից»,- նման հույս հայտնեց Դեմիրճյանը: