Ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի սրումը ինչ–որ հնարավորություններ է տալիս ՀՀ-ին. Կիրո Մանոյան

(tert.am) Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին:

«Հաճախ, երբ իրավիճակները վտանգավոր են, դրանք նաև նոր հնարավորություներ կարող են տրամադրել՝ նայած, թե դերակատարներն ովքեր են և ինչ ակտիվություն կցուցաբերի՝ օրինակ Հայաստանը»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ եթե շատ սրվեն օրինակ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները և հասնեն մինչև պատերազմական վիճակի, ապա կարծում է, որ այդտեղ ոչ մի լավ բան չի լինի Հայաստանի համար, սակայն ինչ-որ չափի սրումը որոշ չափով հնարավորություններ է տալիս, որպեսզի «մենք նաև այդտեղ որոշ արդյուքներ ձեռք բերենք»:

«Այս ամենի մեջ Թուրքիան՝ որպես տարածաշրջանային դերակատար, բավականին շատ վարկաբեկվում է իր պահվածքով, և մենք կարող ենք նաև այլ պետությունների հետ այս ուղղությամբ արդյունավետ աշխատանք տանել»,-ասաց նա:

Կիրո Մանոյանը նաև նշեց, որ որքան Իրանի հետ Արևմուտքի հետ հարաբերությունները բնականոն դառնան, այդքան լավ է նաև Հայաստանի համար, որովհետև Հայաստանն արդեն և՛ Իրանի, և՛ Արևմուտքի հետ ունի սերտ հարաբերություն և կարող է այս առիթից օգտվել որոշ տնտեսական դերակատարություն ունենա:

Թուրքիան վարկաբեկվում է իր պահվածքով

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Թուրքիայի այս իշխանությունները կարծես որդեգրել են հետևյալ սկզբունքը. այնպես անել, որ իրենց ծրագրածն առաջ տարվի, հակառակ դեպքում երկիրը կտանեն պատերազմի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին:

«Հաշվի առնելով, թե Թուրքիայի ներսում ինչ է կատարվում, իշխանություններն ինչ ուղղություններով են աշխատում, կարող ենք ասել, որ Թուրքիայի համար բավական ոչ կայուն զարգացումներ են սպասվում առաջիկա ամիսներին, նույնիսկ տարիներին»,-ասաց Կիրո Մանոյանը: Հնարավո՞ր է Հայաստանը, Սփյուռքը միջազգային հարթակներում Հայ դատի հարցն առաջ տանելու գործում հաջողություններ գրանցեն` հաշվի առնելով այն, որ Թուրքիան ներքին խնդիրներով ու ահաբեկչական հարցերով է տարված և կարծես թե Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ իշխանությունների ուշադրությունը մարել է: Պատասխանելով հարցին` Կիրո Մանոյանը նշեց, որ ճիշտ չէ ասել, որ Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների ուշադրությունը մարել է: «Դա այնքան էլ միանշանակ չէ… Այո, Թուրքիան զբաղված է ներքին հարցերով, բայց մենք տեսանք, թե ինչպես Գերմանիայի խորհրդարանը հետաձգեց Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը: Պարզ էր, որ դա արվեց Թուրքիային չնեղացնելու համար»,-ավելացրեց Կիրո Մանոյանը: