(news.am) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն Արգենտինայի պետական քաղաքականության մաս է, ոչ թե հատվածային պայքար։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Սոցինտերնի՝ ԱՊՀ, Կովկասի եւ Մերձսեւծովյան երկրների հանձնաժողովի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ով ակտիվորեն մասնակցում է Հարավային Ամերիկայում Հայ դատի գրասենյակի գործունեությանը։
«Տարիներ շարունակ մենք պայքարել ենք, եւ այսօր կարող ենք միանշանակ ասել, որ Արգենտինայում յուրաքանչյուր կուսակցություն եւ քաղաքական գործիչ Հայոց ցեղասպանության հարցին վերաբերում է ամենայն լրջությամբ։ Նոր ընտրված նախագահն էլ նախկինում եղել է Բուենոս Այրեսի քաղաքապետ եւ 8 տարիների ընթացքում միշտ աջակցել է մեզ։ Հարավային Ամերիկայում արդեն իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման ալիք է սկսվել, որը պետք է շարունակել»,- ասաց Մարիո Նալբանդյանը։
ՀՅԴ անդամի խոսքով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո պետք է անցնել նոր փուլի, որտեղ մեր իրավական պահանջները կներկայացնենք։ Ըստ արգենտինահայ գործչի՝ հայերի վարած պայքարն օրինակ է ծառայել նաեւ ուրիշ ժողովուրդների համար, ինչը ողջունելի է։