Շվեյցարիան խախտել է Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը; 10 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, այսպիսի որոշում կայացրեց ՄԻԵԴ-ը՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցիարիայի» գործով։
Եվրոպական դատարանի այսպիսի վճիռը լավագույնը չէ, բայց նաեւ վատագույնը չէ Հայաստանի համար,որտեղ մեր երկիրը ներկայացված էր, որպես երրորդ կողմ։ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հիշեցնում է, դատարանում չէր վիճարկվում Հայոց ցեղասպանության եղելության հարցը, ուստի իր նպատակներին ՄԻԵԴ-ում հայկական կողմը հասավ. «Կարեւոր մեկ այլ հանգամանք, որ դատարանը չի ասում՝ պետք է Շվեյցարիայի օրենքը ջնջվի, այսինքն այլ երկրներ էլ կարող են այդ օրենքն ընդունել»։
Չնայած վճիռը հօգուտ թուրք գործչի է, ՄԻԵԴ-ում ներկայացված հայկական կողմը հայտարարում է, Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին: Ձեւակերպումնների փոփոխությունները, որոնք կարող էին կասկածի տակ դնել հայոց ցեղասպանության փաստը՝ բացառվեցին։
Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր պարզապես պետք է արձանագրի, որ Եվրոպական դատարանում իրերը վերջապես կոչվեցին իրենց անուններով։