ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օգոստոսի 6-ին ընդունեց Համահայկական ամառային 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ավստրիայի պատվիրակության ներկայացուցիչներին՝ Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու վարչության ատենապետ Ռուբինա Ղազարյանին և նրա ամուսնուն՝ Համրիկ Ադամ Մկրտիչյանին, նույն վարչության փոխատենապետ Մարթին Նորավյանին, Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի անդամ, Ավստրիայի «Արարատ» մարզական միության պատվավոր նախագահ Սեպուհ Բաղդոյանին և տիկնոջը՝ Շողիկ Բաղդոյանին, «Արարատ» մարզական միության վարչական անդամ Լենա Հովիվյանին, Հայ դատի հանձնախմբի Ավստրիայի ներկայացուցիչ Կարո Շադոյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակություն հայտնեց Համահայկական ամառային 6-րդ խաղերին ավստրիահայ համայնքի գործուն մասնակցության համար և շեշտեց, որ սպորտը ազգապահպանության յուրօրինակ գործոն է արտերկրում ու մեծապես նպաստում է ազգային ինքնության պահպանմանը:
Նախարարը նաև բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ավստրիահայ համայնքի իրականացրած աշխատանքները, որոնք կարևոր դեր խաղացին Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության և գնահատանքի, ինչպես նաև համայնքի տարբեր ձեռնարկներին աջակցելու համար՝ հյուրերն իրենց տպավորությունները պատմեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի ընթացքի մասին՝ ընդգծելով, թե ուրախ են տեսնել, որ սպորտը կարևորվում է Հայաստանում, և որ այստեղ շատ պատրաստված մարզիկներ կան, ովքեր կարողանում են Հայաստանի անունը բարձր պահել միջազգային մրցասպարեզներում:
Քննարկվեցին հայապահպանությանը և համագործակցությանն առնչվող այլ հարցեր: