Արցախի պատանիները, ասես, Հունաստան եկած դեսպաններ լինեն. Խ. Խաչատուրյան

(ԱՊԱՌԱԺ) Այս տարի լրանում է «Արցախի երեխաների այցը Հունաստան» ծրագրի 20-ամյակը:

Օրերս Արցախում էր ծրագրի ղեկավար, ՀՅԴ անդամ Խաչիկ Խաչատուրյանը: Մեր թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Խաչիկը ներկայացրել է ծրագրի նախապատմությունը: Նա նշել է, որ պատերազմը դեռ չավարտված՝ 1993 թվականին, այցելելով Արցախ և տեսնելով ծնողներ ու հարազատներ կորցրած երեխաներին, շատ է հուզվել, նպատակ է դրել բարի գործ կատարել նրանց համար:

«Արցախ այցելելուց հետո ես հանգիստ չմնացի, որոշել էի, որ ինչ-որ կերպ արցախցի փոքրիկներին պիտի օգնեմ և լուսավոր կետ թողնեմ նրանց՝ պատերազմ տեսած մանկության վրա»,- պատմում է Խաչիկը: Եվ առիթը չուշացավ: Ցանկությունն իրականություն դարձավ արդեն 1995թ-ից: Խաչիկը համոզեց Սիրիոս կղզու քաղաքապետին ֆրասիացի երեխաների համար կազմակերպվող ամառային հանգստի ծրագիրը իրականացնել նաեւ Արցախի երեխաների համար: Այդ հարցում մեծ դեր խաղաց Հունաստանի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը, ծրագրի իրականացմանը աջակցություն ցուցաբերեցին նաեւ Արցախի արտգործնախարարությունը, Կրթության ու գիտության նախարարությունը եւ Հայ օգնության միությունը: Երեխաների ճանապարհածախսը հոգում է ԼՂՀ Կրթության ու գիտության նախարարությունը: Իսկ երեխաների Հունաստանում գտնվելու բոլոր ծախսերը հոգում են Հունաստանի իշխանությունները, Խաձիկիրյակո Հունաստանի ամենամեծ որբանոցը և ՀՅԴ Հայ դատի հանձնախմբը:

Երեխաների երկշաբաթյա այցը Հունաստան իրականացվում է ծովեզերքին, ծրագրի համար կառուցված փոքր շենքում: Երեխաներն ամեն օր զբոսնում են ծովեզրին, այցելում են տեսարժան վայրեր, ռեստորաններ, ծանոթանում՝ Հունաստանում ապրող հայ և հույն պատանիների հետ: Երեխաներին տրվում են բազմազան նվերներ՝ ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների համար:

«Ծրագրի շրջանակներում Հունաստան են այցելել մոտ 500 արցախցի մանուկներ ու պատանիներ՝մայրաքաղաքից ու շրջաններից: Ծրագրում ընդգրկվում են արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների, բազմազավակ ընտանիքների, միակողմանի և երկկողմանի որբ երեխաներ 8-ից 16 տարեկան,- ասում է Խաչիկը և ավելացնում,- ծրագրի իրականացման առաջին տարիների ընթացքում մեզ և երեխաների համար շատ դժվար էր: Մեզ համար հեշտ չէր, որովհետև ամեն կերպ փորձում էինք լավ մթնոլորտ ստեղծել երեխաների համար, որպեսզի ուրախ ժամանակ անցկացնեին: Երեխաները առաջին տարիներին գալիս էին լրիվ սև հագած շորերով և ոչնչով չէին ուրախանում, ոչ մի բանով նրանց չէինք կարողանում զարմացնել: Հաճախ նստում էին ծովի ափին ու տխուր նայում հեռուները: Մի անգամ 12 տարեկան տղայից հարցրի, թե՞ ինչ է մտածում, պատանին խոր շունչ քաշելով պատասխանեց, որ պապիկից հետո տան տղամարդը ինքն է, և հիմա անասունների համար խոտ հարելու իսկական ժամանակն է. «Պապիկին մենակ եմ թողել, իսկ նա արդեն ծերացել է, չի կարողանալու պետք եկածի չափ պաշար հավաքի, մտածում եմ, թե ոնց պիտի անասուները յոլա գնան ձմռանը…»:

Խաչիկ Խաչատուրյանը հպարտությամբ ասում է, որ արցախցի պատանիները շատ դաստիարակված, խելացի և ընդունակ երեխաներ են: «Նրանք, կարծես, Հունաստան ուղարկված դեսպաններ լինեն,- ծիծաղով ասում է նա,- Արցախ գալուց հանդիպում եմ նրանց, բոլորին մեկ-մեկ ճանաչում եմ, հիշում եմ բոլորի անունները, նույնիսկ նրանց պատմած պատմություններն ու հիշողությունները՝ ընտանիքի, իրենց հայրերի խիզախությունների մասին…»:

Ծրագիրն ամեն տարի իրակացվում է օգոստոսին, սակայն այս տարի այցը տեղի կունենա ավելի շուտ՝ կապված Սիրիոս կղզում և Աթենքում կազմակերպվող համաշխարհային փառատոնի կազմակերպման հետ, որին մասնակցել են նաև Արցախի փոքրիկները: Նրանց այստեղ նախօրոք պատրաստում են, սովորեցնում ազգային պարեր, երգեր:

Խաչիկ Խաչատուրյանը նշում է, որ Հունաստանի էկոնոմիկայի և նյութական դժվար վիճակը խոչընդոտում է ծրագրի իրակացմանը, բայց նրանք ամեն կերպ ջանք են թափում, որպեսզի ծրագիրը շարունակվի: Նա պատմում է, որ Հունաստանն առաջին անգամը չէ, որ օգնում և օժանդակում է հայ ազգին: Դեռեւս 1922թ. Թուրքիայից Հունաստան են գաղթել 2000 հայ որբեր: Նրանց համար «Նիար Իստ Րիլիֆ» ամերիկյան ընկերությունը և Հունաստանի իշխանությունները կառուցեցին 2-3 խոշոր որբանոցներ: Եվ վերջերս հայկական որբանոցի տարածքում, որը հիմա օգտագործվում է որպես զորանոց, գտան հայ որբերին պատկանող շորեր, իրեր, որբանոցի հայ տնօրենի նկարները: Դրանք հանձնվեցին Երևանի Ծիծեռնակաբերդի թանգարան, որտեղ Հուանստան գաղթած որբերի հիշատակին առանձնացվել է անկյուն:

Հետաքրքիր է, որ 1922թ. Հունաստան գաղթած որբերի մեջ էր նաև Խաչիկի հայրը: Խաչիկի տատիկն էլ հայտնի գրող Ռուբեն Սևակի քույրն է եղել:

Խաչիկ Խաչատուրյանն այս անգամ Արցախ էր այցելել իր 13 տարեկան աղջկա՝ Նաիրի հետ, ով առաջին անգամ է Արցախում և շատ տպաորված է: «Ես անհամբեր կսպասեմ հաջորդ ամռանը, որպեսզի նորից այցելեմ Արցախ»,- ասում է դուստրը: «Ես առանց Արցախի ապրել չեմ կարող, այդ սերը փոխանցում եմ նաեւ ընտանիքիս»,- շարունակում է հայրը:

Լուսինե ԹԵՎՈՍՅԱՆ

Նկար – Խաչիկ եւ Նաիրի Խաչատուրյաններ