Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանն անդրադարձել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

(ԱՊԱՌԱԺ) Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը, անդրադառնալով օրերս Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որտեղ նա դիտորդական առաքելություն է իրականացրել, պատասխանել է aparaj.am-ի թղթակցի հարցերին:

– Անցյալ դարի 50-ականներից ի վեր՝ մենք հայազգի պատգամավոր չենք ունեցել Թուրքիայի ԱԺ-ում: Այսօր արդեն հայտնի է, որ 3 հայազգի պատգամավորներ են ընտրվել խորհրդարան 3 տարբեր ուժերից: Ի՞նչ եք կարծում՝ սա պատմակա՞ն պահ է: Որքանո՞վ կարող է այս հանգամանքը նպաստավոր լինի մեզ՝ հայերիս համար. նկատի ունեմ հայկական հարցի առումով:

-Իրականություն է, որ տասնյակ տարիներ հետո Թուրքիայի Խորհրդարանի պատգամավոր ընտրվեցին 3 հայեր եւ, մանավանդ, երեք տարբեր կուսակցությունների ցանկերով: Անշուշտ, այս ընտրությունը շատ կարեւոր իրադարձություն կարող է դառնալ հայ թուրքական հարաբերությունների հոլովույթի ընթացքում: Սակայն հիմնական դերակատարները պիտի լինեն 3 հայ պատգամավորները, որոնք, անշուշտ, բացի իրենց ազգային պատկանելիությունից, չպետք է մոռանան, որ ընտրված են կուսակցական ցանկերով եւ ընդհանրապես իրենց նախաձեռնությունները պիտի լինեն կուսակցական որոշումներին համապատասխան: Ինչ վերաբերում է պատգամավորների ներդրումին հայկական հարցերի շուրջ՝ հավատում եմ, որ Թուրքիայի հայկական համայնքին դիմագրաված հարցերը բարձրացնելու համար իրենք դերակատար կարող են լինել, սակայն՝ ընդհանրապես հայկական հարցի համար հարկավոր է չաճապարել եւ սպասել, որ յուրաքանչյուրն իր կարելիություններին համապատասխան փորձի քայլ առ քայլ հարցերը լուսարձակի վրա բերել:

Անշուշտ, Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) դիրքորոշումները վերաբերում են փոքրամասնությունների իրավունքներին եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի համար դրական են ու շեշտավորված: Այս կուսակցության ցանկով ընտրված Կարո Փալյանն ունի կարողություն՝ այս հարցերի համար դառնալ կարեւոր դերակատար: Եվ նա արդեն հայտարարեց, որ այդ ուղղությամբ պիտի պայքարի խորհրդարանում:

– Ընդամենը 60.000 ազգաբնակչություն ունեցող ժողովուրդը թուրքական պառլամենտում ունենում է երեք հոգի: Արդյո՞ք ազգությամբ հայ 3 թեկնածուների ընտրվելը խորհրդարանում Թուրքիայի կողմից իրական ժողովրդավարական մղումնե՞ր են, թ՞ե հերթական ձևական ժեստ՝ ուղղված միջազգային հանրությանը:

– Այս իրականության հիմնական պատճառը կարելի է նկատել Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) որոշումը՝ իր ցանկերում ունենալով չորս հայ թեկնածուներին, և Կարո Փալյանը վստահ ընտրվել է խորհրդարանում: Նկատի ունենալով նաեւ այն, որ այս ընտրությունները ճգնաժամային էին եւ յուրաքանչյուր քվե կարող էր ունենալ կարեւոր նշանակություն, մյուս կուսակցություններն էլ որոշեցին ունենալ հայ թեկնածուներ իրենց ցանկերում: Վերոհիշյալ իրողությունը նկատի ունենալով՝ պետք է նշել, որ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) որոշումը սկզբունքային էր, իսկ մյուս երկու կուսակցությունների՝ AKP-ի եւ CHP-ի որոշումները մարտավարական շարժումներ էին՝ նկատի ունենալով նաեւ իրենց ներքին հավասարակշռությունները:

– Ռեջեփ Էրդողանը խոստանում էր հաղթել` թույլ չտալու համար իր երկրի մասնատումը՝ մեղադրանքներ ներկայացնելով Թուրքիան թուլացնողներին և մասնատողներին: Հիմա, երբ նա ընդունում է, որ չի հաղթել, կարող է Էրդողանի մտահոգությունն իրականանալ, որ Թուրքիայի մասնատման գործընթացն սկսվե՞լ է:

– Բոլորը գիտեին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պիտի օգտագործեր այս ընտրությունների արդյունքները, եթե իր կուսակցությունն ապահովեր հարկավոր մեծամասնությունը, երկրի սահմանադրությունը փոփոխության ենթարկելով եւ նախագահի իրավասությունները բազմապատկելով դառնալ երկրի միահեծան ղեկավարը: Որպեսզի այս թիրախին հասներ, հարկավոր էր, որ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը (HDP) չկարողանար դիմագրավել 10%-ի շեմը եւ մուտք չգործեր խորհրդարան, քանի որ այդ պարագայում հավելյալ երեսփոխանական աթոռները պիտի տրվեին AKP կուսակցությանը, եւ պիտի կարողանար ապահովել հարկավոր թիվը՝ փոփոխության ենթարկելու համար սահմանադրությունը: Ուրեմն, պիտի դիմեր բոլոր տեսակի սպառնալիքներին կամ մեղադրանքներին HDP-ի դեմ՝ նրան վարկաբեկելու եւ ժողովրդի մեջ վախի զգացում առաջացնելու:

– ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությունը հրավիրված էր HDP կուսակցության կողմից՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Ձեր տպավորությունները:

– Այս ընտրությունների արդյունքը այս պահին չի նպաստում Թուրքիայի մասնատման գործընթացին: Սակայն կարող է ստեղծել հնարավորություն՝ երկիրը դեպի ժողովրդավարական առաջընթաց մղելուն եւ փոքրամասնությունների իրավունքների հաստատմանը նպաստելուն:

Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի պատվիրակությունը կատարել է դիտորդական առաքելություն Պոլսի 3 շրջաններում, ուր AKP իշխող կուսակցության կողմից տեղի ունեցան ընտրական օրենքի լուրջ խախտումներ՝ թիրախ ունենալով HDP կուսակցությունը: Անշուշտ, ընտրության արդյունքները հուսախաբ արին պարոն Էրդողանին, քանի որ HDP կուսակցությունն, ի վերջո ստանալով 13%, մուտք գործեց խորհրդարան՝ ունենալով 80 երեսփոխաններ: Հաջորդող օրերին պիտի հրապարակենք մեր զեկուցումը՝ այն ուղարկելով նաեւ բոլոր պատկան միջազգային կազմակերպություններին: Այս կետին անդրադառնալով՝ շեշտեմ, որ Արցախի ընտրություններն անհամեմատ ավելի լավ կազմակերպված եւ արդար ու թափանցիկ էին, քանի որ մենք Արցախում եւս կատարելով դիտորդական առաքելություն մասնագետների խմբով, կարող ենք անել բաղդատական: