Հակառակորդի դիպուկահարի կողմից հայ զինծառայող Կարեն Գալստյանի սպանության հետ կապված` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն ակտիվացրել է Բաքվին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը կասեցնելու ջանքերը:
«Ադրբեջանի կողմից մի քանի ժամ առաջ, ԼՂ սահմանին մեկ այլ հայ զինծառայող Կարեն Գալստյանի սպանությունն ընդգծում է այն հրատապ անհրաժեշտությունը, որ մեր Կոնգրեսը պետք է կասեցնի ԱՄՆ ռազմական օգնությունը, քանի դեռ Բաքուն չի դադարեցրել հարձակումները, ամբողջովին չի հրաժարվել բռնությունից և ստանձնել տարածաշրջանային հակամարտության խաղաղ կարգավորումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Ամերիկահայերին կոչ է արվել նույն պահանջով խնդիր-դիմումագրեր հղել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի իրենց կոնգրեսականներին, ովքեր պատասխանատու են 2015 ֆինանսական տարվա նախագծի կազմման համար` հորդորելով չեղարկել Ադրբեջանին հատկացվելիք ամերիկյան ռազմական օգնությունը:
ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հունվարի 28-ին հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: