Հայ Դատի Յանձնախմբի Թեկնածուների Յաղթարշաւը Բրբենքի Ընտրութիւններում

(ԱՍՊԱՐԷԶ) Բրբենքում Ապրիլի 14ին կայացած ընդհանուր ընտրութիւններում յաղթեցին Հայ Դատի Բրբենքի յանձնախմբի զօրակցութիւնը ստացած թեկնածուները: Քաղխորհրդի թափուր տեղի համար պայքարում յաղթեց Էմիլի Գեբել Լադին՝ 5119 ձայնով, Բրբենքի Կրթական միացեալ խորհրդի անդամ ընտրուեց դոկտոր Արմոնդ Աղախանեանը՝ 5305 ձայնով:
Հարկ է նկատել, որ հայ թեկնածուն ստացաւ տարբեր պաշտօնների համար պայքարող թեկնածուներից Բրբենքի ընտրողների ամենաշատ ձայնը: Հայ ընտրողների թիւն այս ընտրութիւններում շուրջ 1300 էր: Արմոնդ Աղախանեանը պատմական է համարում այս յաղթանակը, քանզի վերջին 12 տարիներին նա առաջին հայ ընտրուած պաշտօնեան է Բրբենքում: «Շնորհակալ եմ բոլոր ընտրողներին, ինձ զօրակցութիւն յայտնած կազմակերպութիւններին, քանզի այս յաղթանակը կերտեցինք միասին: Հպարտութեամբ պէտք է նշեմ, որ ես առաջին ներգաղթեալ հայն եմ, որ Բրբենքում դարձաւ ընտրուած պաշտօնեայ: Ինչպէս եւ խոստացել էի իմ նախընտրական արշաւի ժամանակ, ես կը դառնամ հայ համայնքի ձայնը Կրթական խորհրդում եւ կաջակցեմ մեր համայնքին առաւել ներկայանալի լինելու այս քաղաքում, մեր աշակերտներին էլ՝ ստանալու լաւագոյն կրթութիւն նաեւ հայերէն լեզուով», «Ասպարէզ»ին յայտնեց դոկտոր Աղախանեանը: