(yerkir.am) Այս օրերին քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: Արդյոք՞ նա կգա մասնակցելու ապրիլի 24-ի Հայոց ցեղասապանության 100 ամյա տարելիցի միջոցառումներին:
Yerkir.am-ի այս հարցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը պատասխանեց. «Ես չեմ հասկանում` ինչու չպետք է գա, եթե ասել է, որ գալու է»:
Կիրո Մանոյանը չի հասկանում, թե ինչու հանկարծ սկսեցին խոսել, որ Պուտինը կարող է և չգալ Հայաստան, մանավանդ երբ ՀՀ նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկկողմանի պայմանավորվել են , որ հաջորդ հանդիպումները լինելու են Երևանում, երբ Պուտինը կգա ու կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին, և Մոսկվայում, երբ ՀՀ նախագահը կմեկնի այնտեղ` Հայրենական Մեծ պատերազմի տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու: «Այդքանը երկու նախագահներով համաձայնվել են, հիմա ինչ է եղել, որ խոսում են Պուտինի չգալու մասին, ես չգիտեմ»,- ասաց Կիրո Մանոյանը:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը կմեկնի Թուրքիա Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցելու, Կիրո Մանոյանը նշեց, որ դա էլ զարմանալի չէ, որովհետև սպասել, որ Ռուսաստանը իր հարաբերությունները պետք է խզի Թուրքիայի հետ ապրիլի 24-ի համար, դա սխալ է:Հարցն այն է, թե որ միջոցառմանը նրանք կտան իրենց նախապատվությունը: «Թուրքիայի ուզածը այն չէր, որ մարդիկ նաև գտնվեն Անկարայում: Թուրքիայի ուզածն այն էր, որ մարդիկ Անկարա գնան, բայց Հայաստան չգան: Իմ կարծիքով, Պուտինը չի գնա Թուրքիա, չեմ բացառում իհարկե, բայց չեմ կարծում նա այդքան ծուռ քաղաքականություն կվարի, մանավանդ որ արդեն ասել է, որ գալու է Հայաստան»,- ասաց Կիրո Մանոյանը: