Բրյուսովի տանը` 100 տարի անց

Մամլո հաղորդագրություն

2015 Ապրիլի 9–ին Մոսկվայի «Արծաթե դարի» թանգարանում (Վ. Բրյուսովի տուն) տեղի կունենա հայ և ռուս հումանիտար և հասարակական մտքի ներկայացուցիչների հանդիպումը` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով: Երեկոն համատեղ կազմակերպում են Գրականության պետական թանգարանը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը:

Միջոցառմանը ելույթներով հանդես կգան Գրականության պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Շապոշնիկովը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի համակարգող Յուրի Նավոյանը, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովը, գրականագետներ Էլեոնորա Դանիելյանը և Արմեն Գևորգյանը: Ելույթները նվիրված են լինելու ռուս մտավորականության, հումանիտար մտքի ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության ընկալմանը, ինչպես նաև ռուս գրողների գեղարվեստական ստեղծագործություններում դրա արտացոլմանը:

Երեկոն կավարտվի գեղարվեստական մասով, ուր կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Դավիթ Մնացականյանի ստեղծագործությունները միջազգային մրցույթների դափնեկիրներ Անդրեյ Բարանենկոյի և Նիկիտա Մնդոյանցի կատարմամբ:

Հանդիպման վայրը պատահական չէ ընտրված: 1915 թ. հենց այստեղ են ռուսական սիմվոլիզմի առաջնորդ, բանաստեղծ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի մոտ եկել Մոսկվայի հայ մտավորականության կոմիտեի ներկայացուցիչներ Վահան Տերյանը և Ալեքսանդր Ծատուրյանը, առաջարկելով ռուսերեն լեզվով ստեղծել հայկական պոեզիայի ընդարձակ ժողովածու, որպեսզի ռուսաստանյան հասարակայնության ուշադրությունը հրավիրեն հայոց ճակատագրի, նրա մշակութային և հոգևոր արժեքների ոչնչացման վրա: 1916 թ. Մոսկվայում վալերի Բրյուսովի խմբագրությամբ լույս տեսավ «Հայաստանի պոեզիան» ժողովածուն: Նա հրապարակեց նաև «Հայ ժողովրդի պատմական ճակատագրի ժամանակագրությունը» ընդարձակ աշխատությունը, մի շարք հոդվածներ հայ մշակույթի գործիչների մասին:

Այն մռայլ օրերին Վ. Բրյուսովի աշխատությունների լույս տեսնելը հայ ժողովրդի գազանաբար ոչնչացման դեմ հզոր բողոք հանդիսացավ, հնչեց իբրև հայ ժողովրդին օգնության կոչ` ուղղված համայն մարդկությանը: Հայ և ռուս հասարակական և հումանիտար մտքի ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը տեղի է ունենում արդեն հայոց պետականության առկայության պայմաններում, ինչը թույլ է տալիս խոսելու ցեղասպանության հանցագործության դեպ պայքարի ուժեղացման մասին` պետական և միջազգային մակարդակներով: