(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Մոսկվայում Լրագրողների տանը մարտի 30-ին կայացել է պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ազգագրության և մարդաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Տեր-Սարգսյանցի «Լեռնային Ղարաբաղի հայերը. Պատմություն, Մշակույթ, Ավանդույթներ» մենագրության շնորհանդեսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, տվյալ մենագրությունն Արցախի պատմության գիտական, պատմամշակութային հետազոտություն է՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Գրքում հատուկ ուշադրություն է հատկացվել 1918-1921թթ. միջև ընկած ժամանակահատվածին, որին վերագրվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման ակունքները, դիտարկվել են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հիմնական փուլերը։
Մենագրության մեջ զետեղված են Լեռնային Ղարաբաղի հայերի ավանդույթների, մշակույթի, տոների և ծեսերի մասին մանրամասն տվյալներ։ Գիրքը հրատարակվել է Ռուսաստանի Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից։ Գիրքը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչության խորհրդական Ռուբեն Զարգարյանը։
Գրքի շնորհանդեսին ելույթով հանդես են եկել հասարակական գործիչ և բարերար Վարտկես Արծրունին, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը, հայտնի ռուս գրող, հրապարակախոս և կինոդրամատուրգ Կիմ Բակշին, Ռուսաստանի ԳԱ Միջազգային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռայևսկին և այլք: