(tert.am) Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում բարձր գնահատեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունման փաստը մեկ պարզ պատճառով. այստեղ խոսվում է ոչ միայն ճանաչման, այլ նաև հայ ժողովրդի իրավունքների, հատուցման և այլ կարևոր հարցերի մասին:
«Դրական է նախ բանաձևի բովանդակությունը, ինչի համար էլ կարծում եմ՝ պետք է գնահատել այս ուղղությամբ աշխատանք տարած ԵԺԿ ընտանիքի անդամ հանդիսացող հայկական երեք կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի ջանքերը: Կարևոր է, որ ԵԺԿ-ի նման խոշոր ու ազդեցիկ կազմակերպությունը նման բանաձև է ընդունում, քանի որ այն ի վերջո մեկ երկրում գոյություն ունեցող առանձին կուսակցության տեսակետ չէ, սա Եվրոպական խորհրդարանում ներկայություն ունեցող եվրոպական կուսակցությունների ընտանիքի կեցվածքն է»,-ասաց նա:
Հարցին, թե բանաձևի ընդունումը հարվա՞ծ էր Թուրքիայի համար, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Հարվածից մի քիչ էլ ավելի, «նոկդաուն» էր Թուրքիայի համար»:
Ի պատասխան հարցի, թե ԵԺԿ-ի նման ազդեցիկ կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կարո՞ղ է վարակիչ դառնալ նմանատիպ այլ կուսակցությունների կամ կառույցների համար հարցին, Կիրո Մանոյանը ասաց, որ հույս ունի, որ իսկապես կատարվածը օրինակ կծառայի մյուսների համար:
«Հուսով եմ, որ աշխատանքները կշարունակվեն, մենք էլ կանենք ամեն ինչ, որպեսզի վարակիչ դառնա սոցիալիստների և սոցիալ-դեմոկրատների համար, որի անդամ է նաև «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»»,- ասաց նա:
Կիրո Մանոյանը նաև նշեց, որ ԵԺԿ-ն այս բանաձևի ընդունումից հետո պետք է հետևողական լինի և անի ամեն ինչ, որպեսզի միայն այս բանաձևի ընդունմամբ հարցը չփակվի:
«Նման բանաձևեր պետք է կյանքի կոչվեն նաև այն կառույցներում, որտեղ ԵԺԿ անդամ կուսակցությունները ներկայացված են՝ սկսած իրենց պետություններից, հասնելով մինչև Եվրոպական միության տարբեր կառույցներ, Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով և այլն»,-ասաց նա:
Հարցին, թե վերջերս ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի կողմից ընդունված համահայկական հռչակագիրը դեր խաղացել է ԵԺԿ-ի կողմից ընդունած բանաձևում, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ մի քանի դրույթներ կան, որոնք գրեթե ամբողջությամբ վերցված են հռչակագրից: «Վստահ եմ, որ հռչակագիրը իր դերակատարությունը ունեցել է այս հարցում», – ասաց նա: