Թուրքիայի քաղաքականութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի նախօրէին թեմայով դասախօսական երեկոյ՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի ներքոյ

«ԱԼԻՔ» – Նախաձեռնութեամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած ծրագրերի շրջագծում, երէկ՝ մարտի 2-ին միութեան Յովհաննէս Թումանեան սրահում կազմակերպւել էր դասախօսական երեկոյ:
Օրւայ դասախօսն էր Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի փոխնախագահ, «Ալիք» օրաթերթի խմբագրակազմի անդամ Արամ Շահնազարեանը, իսկ թեման էր՝ Թուրքիայի քաղաքականութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի նախօրէին:
Սկզբում օրւայ դասախօսի հակիրճ կենսագրականը ներկայացրեց միութեան վարչութեան անդամ Արաքս Բարսեղեանը, ով նաեւ բեմ հրաւիրեց դասախօսին:
Արամ Շահնազարեանը նախ անդրադարձաւ նորօրեայ Թուրքիայի բնութագրի սահմանմանը, ապա ներկայացրեց թուրքիայի իշխանութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ուրացման փաստին ու դրա առանցքային նշանակութեանը Թուրքիայի Հանրապետութեան լինելիութեան եւ քաղաքական իրաւականութեան առումով, որից յետոյ նա անդրադարձաւ Անկարայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ուրացման ընթացքի պատմական տարբեր հանգրւաններին:
Դասախօսը յատուկ կարեւորեց վերանկախացումից ի վեր՝ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականութեանը, եւ փորձեց այդ համատեքստում դիտարկել ցեղասպանութեան մերօրեայ ուրացման ռազմավարութիւնը, յատուկ կարեւորելով հայ-թուրքական արձանագրութիւնների դերն ու նշանակութիւնն այդ գործընթացում, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից ՀՀ ԱԺ-ից արձանագրութիւնների յետ կանչման փաստին եւ դրա հնարաւոր հետեւանքներին ու զարգացումներին: Նա չշրջանցեց նաեւ Թուրքիայի կողմից Գալիպոլիի մարտերի 100-ամեակին նւիրւած միջոցառումների թեման, դրանք դիտարկելով Անկարայի հակահայկական քարոզչութեան ընդհանուր համտեքստում:
Իր ելոյթի աւարտական բաժնում Արամ Շահնազարեանն անդրադարձաւ հայութեան կողմից Թուրքիային ներկայացւելիք պահանջներին, եւ այդ ուղղութեամբ մեր անելիքներին: Վերջում նա պատասխանեց ներկաների հարցերին:
Երեկոյի աւարտին միութեան վարչութեան անունից ներկաներին շնորհակալական խօսք ուղեց, վարչութեան նախագահ Նիկոլ Մուսախանեանը: