Հայ Օգնության Միության եւ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբի միացյալ այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագիծ

(ԱՊԱՌԱԺ) Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ Հայ օգնության միությունը հերթական անգամ այցելել էր դիրքեր՝ շնորհավորելու առաջին գծում մեր երկրի սահմանը պաշտպանող և մեր բոլորի անդորրն ապահովող խիզախ տղաներին: Կազմակերպությունը, որ հայ կանանց ու աղջիկների կառույց է, լինելով մեր հասարակության մի մասնիկը, անտարբեր չէ և ոչ մի խնդրի հանդեպ, որ կա մեր կյանքում՝ մեր հայրենիքի հետ կապված, կամ՝ ընդհանրապես: ՀՕՄ-ի կանայք մշտապես իրենց հոգածությունն են դրսևորում մեր զինվոր տղաների հանդեպ՝ իրենց ներկայությամբ նաև ուժ ու կորով հաղորդելով նրանց:

Այս անգամ ևս՝ նրանք տղաների համար տնական կերակուրներ, միրգ ու քաղցրավենիք, ինչպես նաև՝ հայ մայրերի ձեռքով գործված տաք գուլպաներ էին տարել:

Հօմուհիների հետ առաջնագծում էին Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը և Իրանի Հայ Դատի հանձնախմբի Թևանիկ խմբի պատասխանատու Իվետ Դանիելյանը: Նրանց համար առաջնագիծ այցելությունն այնքան տպավորիչ էր և զգացմունքներով լի, մանավանդ` այսպիսի եղանակին լինելով դիրքում կանգնած զինվորի կողքին, որ անհնար է նկարագրել: Ի. Դանիելյանի համար մեկ ուրիշ զգացողություն էր դա, որ բառերով անհնար էր արտահայտել:

Գ. Կարապետյանը հենց դիրքում՝ զինվորի կողքին, մի փոքր կիսվեց իր մտածումներով, որն այնքան քիչ էր այն ամենից, ինչ նա զգում էր այդ պահին…

– Որպես Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ երջանիկ եմ, որ գտնվում եմ սահմանային գծի վրա, մեր հայրենիքի սահմանի վրա: Քաղաքական ճանապարհով մենք փորձում ենք մեր պայքարով օժանդակել Արցախի և Հայաստանի հանրապետությունների բարօրությանը, մեր ապագային, մեր երիտասարդների ապագային: Բայց այստեղ առաջին անգամ զգում եմ, որ մեր զինվորներն են, ովքեր մեր, մեր զավակների և մեր հայրենիքի շարունակությունն են այստեղ ապահովում: Հիմա զգում եմ այդ երիտասարդների և իրենց ծնողների ցավը, իրենց ազգականների ցավը և մեր բոլորի ցավը, որ այստեղ ծառայելով զոհվեցին: Նաև` եթե մենք այսօր այստեղ ենք, մեր ազատամարտիկների շնորհիվ ենք այստեղ, նրանց, ովքեր զոհվեցին, կամ` որ այսօր ողջ են և շարունակում են նրանց գործը: Այսօր, ուրախությամբ տեսնում եմ, թե որքան հզոր է մեր բանակը, որքան պատրաստակամ են մեր զինվորներն ու մեր սպաները, և որքան լավ պատրաստված են՝ դիմագրավելու բոլոր տեսակի դժվարություններին ու հարձակումներին:

Ես հաջողություն պիտի մաղթեմ և ասեմ, որ իմ՝ թե Հայ Դատի գործընկերներիս Սփյուռքում, մեր Եվրոպայի բոլոր երկրներում, ուր Հայ Դատի հանձնախմբեր ունենք, բոլոր իմ ընկերներին, իմ կուսակցության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության ընկերներին և Եվրոպայի կոմիտեներին պիտի փոխանցեմ իմ այս զգացումները: Վստահ եղեք, որ մենք հոգեպես ձեր կողքին ենք, և եթե պետք լինի, մենք էլ հնարավոր ամեն ինչ կանենք, բայց դուք եք, որ այստեղ մեզ ուժ կտաք, մեզ այդ եռանդը կտաք, որպեսզի կարողանանք մենք էլ հնարավորինս անել ձեր գործողություններին օժանդակելու համար: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, ուժ և կարողություն եմ մաղթում, որպեսզի մենք էլ հպարտ լինենք ձեզնով,- ասաց Գ. Կարապետյանը:

Բառերն այնքան խոսուն չէին` առաջնագծում կանգնած զինվորի հետ կիսվելու, որքան լուռ զգացմունքները` լի զինվորի հայացքի լույսով ու ջերմությամբ, հերոսական ոգով:

Գ.ԳԱԼՍՏՅԱՆ