(ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ) «Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ օրերս հայերին ուղղված ուղերձը պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ որպես մեկ ընդհանուր քաղաքականության մաս, որը 100-ամյակի շեմին հայության նախաձեռություններին հակազդելու համար ծրագրել է Թուրքիան»,- «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ հավելելով, որ հակառակ Դավութօղլուի՝ մեղմ եւ առաջադիմական երեւալու բոլոր ջանքերին, նրա հայտարարության հետեւում շատ իրողություններ են թաքնված:
Իսկ հարցին, թե այդ հայտարարությանն ինչպե՞ս են արձագանքել ամերիկյան քաղաքական շրջանակները, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պատասխանել է՝ ԱՄՆ-ում հասկանում են, որ Դավութօղլուն դրանով Հայոց ցեղասպանությունը մերժում է նոր ձեւով: «Դավութօղլուն չի ասում, որ պետք է ներողություն խնդրենք Ցեղասպանության համար, վերադարձնենք այն, ինչ Թուրքիան գողացել է: Միայն ասում է, որ մենք պետք է այս խնդիրն անցյալում թողնենք, իսկ դա արդար չէ, եւ չպետք է լինի»,- հայտարարել է Համբարյանն՝ ասելով, որ ճիշտը միայն ծիծաղելն է այդ խոսքերի վրա:
«Վստահ եմ, որ թուրքերը պիտի փորձեն անել ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ի եւ աշխարհի մյուս երկրների իշխանությունները հավատան, որ հայերն ու թուրքերը երկխոսության մեջ են եւ կարող են այս խնդիրները միասին լուծել: Բայց դա սուտ է: Ցեղասպանությունը ոչ թե հայերի եւ թուրքերի, այլ ամբողջ աշխարհի հարցն է: Սա պատերազմ չէր, ոճիր էր, եւ միայն արդարությունը կարող է շտկել այդ սխալը» ,- ասել է Արամ Համբարյանը։
«Թող ներվի, որ կասկածում ենք այդ ամենի անկեղծությանը, որովհետեւ Թուրքիայում որեւէ ձեւով իսկական բարեկամություն չի կարող լինել, եթե իշխանությունը չընդունի Ցեղասպանության փաստը եւ դրա հետեւանքերի վերացման համար աշխատանք չտանի» ,- ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Դավութօղլուն վերջերս հայերին կոչ է արել Թուրքիայի հետ պատմական տարաձայնությունները հարթելու համատեղ ուղիներ որոնել, իսկ «հայ-թուրքական բարեկամությանը հավատացողներին» հորդորել է սկսել նոր էջից: