(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Ֆրանսահայ 16-ամյա Միշել Ասատուրյանի սպանության գործը գտնվելու է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելը ներկայացնող պատգամավոր Վալերի Բուայեյի ուշադրության կենտրոնում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-n, Բուայեն հայտարարել է, որ սարսափած է մարսելահայ տղայի հետ տեղի ունեցած ողբերգությունից:
Դեպքը դատապարտել են նաև Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը և Ֆրանսահայերին համակարգող խորհուրդը` ընդգծելով, որ այն կանխամտածված բարբարոսություն էր: Միաժամանակ, ֆրանսահայ կազմակերպություններն իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել Միշելի ընտանիքի անդամաներին, հարազատներին ու մտերիմներին:
Հայազգի երիտասարդի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Մարսելի հայկական եկեղեցում` հունվարի 13-ին` տեղի ժամանակով 19:30-ին:
Միշել Ասատուրյանը սպանվել է հունվարի 12-ին` Մարսելում, իր դասընկերուհու եղբայրների կողմից` աղջկա հետ ինչ որ թեմայի շուրջ վիճելուց հետո: Միշելի վրա հարձակվածները նրան հարվածել են երկաթյա ձողերով և դանակով: