Հայաստանի հազարամյակների ուղին՝ բաշկիր քաղաքական գործչի չափածո մատուցմամբ

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը «Նովոստի» գործակալության մամուլի սրահում ներկայացրեց Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ուղի…» գիրքը:

Բաշկիր խորհրդարանականի եռահատոր աշխատությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը հայոց պատմության չափածո շարադրանքն է` հիմնված պատմական աղբյուրների վրա:
Հեղինակը հայերենով ողջունեց ներկաներին և մեկնաբանեց գրքում ընդգրկված պատմական փուլերը, մեջբերեց փաստեր և հավելեց, որ սա վիպակ, հեքիաթ, առակ կամ ասցվածք չէ, այն աշխարհին հայկական քաղաքակրթությունը ներկայացնելու նպատակ ունի, և հնամենի ժողովրդի ողբերգական դրվագներով և պայքարի հերոսական էջերով պատմությունն է:


Կարևորելով գրքի պատմական ու գիտական նշանակությունը «Ռուս-հայկական համագործակցություն« կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ այն մեծ ավանդ է հայագիտության և գիտության բնագավառում, առանձնացրեց դրա` միջմշակութային ու միջկրոնական երկխոսության գործում ունենալիք դերը: Այս գիրքը լավագույններից է պատմական կեղծարարության դեմ պայքարում, և այն ռուսական առաջատար լրատվական հարթակում ներկայացնելն էլ նպաստելու է ռուսաստանյան հասարակության տարբեր շերտերին հայոց համակարգված պատմությունն ու արդի քաղաքական խնդիրները մատուցելուն:

Իսկ Հայաստանի բարեկամ բաշկիր հեղինակի և քաղաքական գործչի հետ կազմակերպության համագործակցությունը շարունակվում է արդեն քաղաքական ու խորհրդարանական հարթությունում:

Երևանից հեռուստակամրջի միջոցով հանդես եկած պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, վերլուծելով Զինուրովի հեղինակած գիրքը` նշեց, որ անգամ հայերի մեջ քչերն են, որ այդքան լավ գիտեն հայոց պատմությունը։ Այն գիտական աշխատություն է հիմնաված հայ, հույն և այլազգի պատմիչների աշխատությունների վրա: Հեղինակը ոչ միայն փաստագրել, այլև մեկնաբանել է դարավոր հայոց պատմությունը` ի լուր աշխարհի փաստելով հայկական քաղաքակրթության գոյությունը: Իսկ ամենակարևորը, որ իսլամական աշխարհի ներկայացուցիչը հրաշալիորեն ներկայացրել է քրիստոնյա ժողովրդին ու նրա կրոնը: Սա երկու կրոնների մերձեցման հրաշալի օրինակ է և պատմական երևույթ մեր իրականության մեջ: