Հայ երիտասարդության համառուսաստանյան ֆորում Նովոսիբիրսկում Օսմանյան կայսրությունում, որի իրավահաջորդը Թուրքիան է, Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված արդյունավետ և ընդգրկուն ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ է հարթակ, որտեղ համատեղ կմշակվեն այդ ծրագրերը և որը կմիավորի Ռուսաստանի հայ երիտասարդությանը, նրան հնարավորություն կտա ավելի սերտորեն համագործակցել մշակութային, կրթական և դաստիարակչական ծրագրերի շրջանակում:
2014 թ. նոյեմբերի 8-9–ը Նովոսիբիրսկում տեղի ունեցավ Հայ երիտասարդության համառուսաստանյան ֆորումը, որը կազմակերպել էր Նովոսիբիրսկի մարզի Հայ-ռուսական երիտասարդական միությունը: Ֆորումի հիմնական նպատակն էր Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների ռազմավարության, ծրագրի և դրա իրականացման ժամանակացույցի մշակումը, ինչպես նաև Ռուսաստանում գործող հայկական երիտասարդական միությունների աշխատանքներին ծանոթանալը:
Միջոցառման կազմակերպիչները այս նախաձեռնությամբ փորձեցին համագործակցության միասնական ծրագրի մշակման նպատակով համախմբել Ռուսաստանի հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հարկ է նշել, որ Նովոսիբիրսկի մարզի Հայ-ռուսական երիտասարդական միությանը հաջողվեց հասնել դրված նպատակին:
Ֆորումին մասնակցեցին Ռուսաստանի տարբեր ծայրերի հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ Նովոսիբիրսկից, Եկատերինբուրգից, Մոսկվայից, Պոդոլսկից, Պերմից, Բառնաուլից, Ուֆայից, Կրասնոյարսկից, Յարոսլավլից: Դրա պատվիրակները պատմեցին իրենց մարզերի հայ համայնքների և երիտասարդական կազմակերպությունների մասին: Այսպիսով, մասնակիցները ծանոթացան Ռուսաստանում գոյություն ունեցող հայկական երիտասարդական կազմակերպությունների և նրանց գործունեության արդյունքների հետ, ինչը քիչ բան չէ` հաշվի առնելով նրանց միջև ամուր կապի և համագործակցության բացակայությունը: Մասնակիցների ներկայացումներում հիմնական տեղ էին գրավում Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք նախատեսում են իրականացնել իրենց քաղաքներում:
Իբրև պատվավոր հյուր ֆորումին հրավիրվել էր Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցի ռուսաստանյան հանձնաժողովի գործադիր քարտուղար Յուրի Նավոյանը:
Հարկ է նշել, որ Յուրի Նավոյանը մեծ աջակցություն ցուցաբերեց ֆորումի անցկացմանը, մասնակիցներին օգնեց նախատեսվող միջոցառումների ծրագիրը զարգացնել ճիշտ ուղղությամբ:
Ֆորումի արդյունավետ աշխատանքի արդյունքը հանդիսացավ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների միասնական ծրագրի հաստատումը: Այն ներկայացված է Հայ երիտասարդության համառուսաստանյան ֆորումի ամփոփիչ բանաձևով, որը ներառում է պարտադիր կատարման համար վեց և ըստ հայեցողության` երեք կետ: Հետագայում նախատեսվում է ընդգրկել նաև Ռուսաստանի մյուս հայկական երիտասարդական կազմակերպություններին` բանաձևում ընդգրկված միջոցառումների ավելի ընդգրկուն և արդյունավետ իրականացման համար: Ֆորումի աշխատանքային մասից դուրս ծրագրում ընդգրկված էր նաև պտույտ Նովոսիբիրսկում, հայ երգի և պարի երեկո, ինչպես նաև «Ոսկե աշուն» հայկական համերգ «Պրոգրեսս» մշակույթի տանը:
Ավելացնենք, որ ֆորումը դարձավ Ռուսաստանի հայկական երիտասարդական կազմակերպությունների համագործակցության մեկնարկի այն միասնական հարթակը, որը անհրաժեշտ էր արդյունավետ աշխատանքի համար:
Ռիփսիմե Շմավոնյան, Նովոսիբիրսկ