(ԱՊԱՌԱԺ) ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ, Եվրոպայում շարունակվում են «Թեւանիկ» ֆիլմի ցուցադրությունները: Ցուցադրություններին ներկա են նաեւ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը եւ Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Լոնդոնի հայ համայնքի «Նավասարդյան» կենտրոնում կայացած ցուցադրությանը հաջորդեցին Բելգիայի Լիեժ եւ Մեխելեն քաղաքների հայ համայնքների համար ցուցադրությունները:
Յուրաքանչյուր ցուցադրությանը հաջորդեց հարց ու պատասխան ռեժիսորի եւ փոխնախարարի հետ:
Ցուցադրութունները կշարունակվեն նաեւ այսօր ՝ 28 հոկտեմբերին, Բրյուսելում : Բացի ֆիլմի ցուցադրություններից բեմադրիչ Ջիվան Ավետիսյանը զանազան հանդիպումներ կունենա Բելգիայում բնակվող մի շարք արվեստագետների հետ առաջիկայում համագործակցելու նպատակով:
Ռեժիսորի եւ փոխնախարարի ներկայությամբ ֆիլմը կցուցադրվի նաեւ Ամստերդամում, Ռիգայում եւ մի քանի այլ քաղաքաներում :
Իսկ եւրոպական ցուցադրություններից հետո Ջիվան Ավետիսյանը կմեկնի Լիտվա՝ մասնակցելու Վիլնուսում կայանալիք ֆիլմի փառատոնի:
Նախօրեյին Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում ավարտվեց «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնը, որտեղ Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» կինոժապավենը արժանացավ փառատոնի բարձրագույն՝ «հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Նկար – Ջիվան Ավետիսյան Եւրոպայի Հայ Դատի Բրյուսելի գրասենյակում