«Ցեղասպանության ճանաչման պահանջից պետք է անցում կատարել հատուցմանը»

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցչի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացվել Սփյուռքի կառույցների կողմից:

(azatutyun.am RFE/RL) Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվում է, որ նոր երկրներ կքրեականացնեն Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:

Մոտ երկու շաբաթ առաջ Հունաստանը դարձավ երրորդ երկիրն աշխարհում՝ Շվեյցարիայից ու Սլովակիայից հետո, որը քրեականացրեց Հայոց ցեղասպանության հրապարակային հերքումը:

«Այն երկրները, որոնք ընդունել են Ցեղասպանության իրողությունը, կարելի է, որ ընդունեն նաև Ցեղասպանության ժխտման օրենք, ինչպես վերջերս եղավ Հունաստանում, իսկ այն երկրները, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությանը փաստը խորհրդարանի մակարդակով, պետք է ճանաչեն այն», – ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 19-ին Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հայտարարեց, որ 2015 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ «պահանջելով իր պատմական կենտրոնի՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձը»:

Հայցի ձախողման դեպքում, ինչպես խոստացավ Արամ առաջինը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Անդրադառնալով Արամ առաջին հայրապետի այս խոսքերին՝ Պետո Դեմիրճյանն ասաց, որ Սփյուռքի կառույցների կողմից որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից աստիճանաբար անցում կատարել հատուցմանը:

«Մենք միշտ շեշտել ենք ճանաչման կարևորությունը, բայց ճանաչումը մեզ բարոյապես է գոհացնում: Ճանաչումը լավ է, ընդամենը, բայց մենք պետք է է՛լ ավելի շատ սկսենք խոսել հատուցման մասին», – շեշտեց Դեմիրճյանը:
Եվրոպայում ավելի ընկալունակ են դարձել ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիներին և հատկապես Շոտլանդիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեից հետո Եվրոպայում ավելի ընկալունակ են դարձել ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ․ – «Ինքնորոշման միջոցով անկախացումն է, որին ձգտում են այս ժողովուրդները, այդ հասկացողությունը կամաց-կամաց ավելի հզոր է դառնում»:

Դեմիրճյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստանի նախագահի 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշումից մեկ տարի անց Բրյուսելում սկսել են ավելի լավ հասկանալ Հայաստանի նման որոշման դրդապատճառները: Նրա խոսքով՝ դրան նպաստեցին նաև Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Անցած տարվա սեպտեմբերի 3-ի Մոսկվայում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նախագահ Սարգսյանը շատերի համար անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային, իսկ հետո նաև՝ Եվրասիական միությանը:

Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարը, փաստորեն, հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցությունների արդյունքներից, որոնց նպատակը Բրյուսելի ու Երևանի միջև Ասոցացման համաձայնագրի կնքումն էր:

«Շատ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունից մեկ տարի հետո նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Կարծում եմ, որ դա ճիշտ քայլ էր, որը ցույց տվեց, որ այո, մենք ինչ-որ ձևով հրաժարվեցինք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից, բայց չենք ուզում մեր կապերն Արևմուտքի հետ ընդհանրապես խզել: Եվրոպայում այդ քայլն այդպես ընկալվեց, որովհետև շատ հեշտ էր ընդհանրապես չգնալ», – ասաց Պետո Դեմիրճյանը:

Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի 2014-2017 թվականների ընթացքում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

Սարգիս Հարությունյան

Ադրբեջանն իր խնդիրները Եվրոպայի հետ լուծելու համար կրկին Հայաստանին է մեջտեղ բերում

(yerkirmedia.am) Եվրամիության խորհրդարանը վերջին երկու տարիների ընթացքում 5 բանաձեւ է ընդունել Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի հուլիսյան ձերբակալությանը եւ մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու՝ միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքին։
Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի՝ մինչեւ Ադրբեջանը չկատարի բանաձեւում իր սահմանած պահանջները:

“Հայաստան-Սփյուռք” խորհրդաժողովի առիթով Երեւանում է նաեւ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի լրատվական եւ հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի ղեկավար Պետո Դեմիրճյանը։ Դեմիրճյանը, որն ուշադրությամբ հետեւում է եվրոպական կառույցների աշխատանքին, “Երկիրն այսօրի” հետ հարցազրուցյում նախ հիշեցրեց, որ Եվրամիության խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ է ընդունել սեպտեմբերի 18-ի բանաձեւը։ “Երկու կարեւոր կետ կար այդ բանաձեւում։ Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամամիջոցներ պետք է կիրառվեն։ Նաեւ բանաձեւում նշվում է, որ Ալիեւի ռեժիմն անմիջական իրականացնող ներկայացուցիչները, ովքեր մասնակցություն ունեն այդ անօրինական գործողություններին, նրանց համար պետք է Եվրոպա մուտքն արգելվի։ Եվ երկրորդ մասով նշվում է, որ խոսքի ազատությանը, մարդու իրավունքների ոտնահարումները նաեւ պետք է անմիջականորեն ազդեն Եվրոպա-Ադրբեջան արտաքին քաղաքական հարաբերությունների վրա՝ ԵՄ-ի արեւելյան գործընկերության ծրագրերի վրա”,- ասաց Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի լրատվականի եւ հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի ղեկավար Պետո Դեմիրճանը։

Հարցին, թե պատժամիջացները կազդե՞ն Ադրբեջանի ներքին քաղաքականության վրա, Պետո Դեմիրճյանը պատասխանեց։ “Մեր տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի խորհրդարանական պաշտոնյաններ բողոքի նամակներ են ուղարկել սեպտեմբերի 18-ի բանաձեւի հետ կապված եւ իրենց դժգոհությունը հայտնել։ Բայց եկեք նաեւ հիշենք, թե Ստրասբուրգի մեջ Ալիեւն ինչպես բնութագրեց այդ մարդկանց, ասաց, որ նրանք ստախոսներ են”։

Ի դեպ, մեկ այլ դժգոհություն՝ Ադրբեջանից։ Հոկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրանեսթի Խորհրդարանական Վեհաժողովի բյուրոյի նիստը, որում կքննարկվի նաեւ առաջիկա հերթական նիստը Հայաստանում անցկացնելու հարցը: Եվրանեսթի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը բողոք է հայտնել այդ առիթով եւ նամակ հղել բյուրոյի համանախագահներին ու անդամներին: Նամակում նշվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ բողոք է հայտնում այդ առիթով: Որպես պատճառ բերվում է ղարաբաղյան չկարգավորված հակամարտությունը:

Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի լրատվականի եւ հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի ղեկավարը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի նման պահվածքը նաեւ եվրոպացիներին է նյարդայնացնում։ “2013-ին Եվրանեսթի հանձնախմբերից մեկի նիստին, որը Երեւանում էր անցկացվում, նաեւ Ադրբեջանի պատվիրակներն էին ներկա։ Մեզ համար կարեւոր է, որ ադրբեջանի պատվիրակները ներկա լինեն, եւ լսենք նրանց կարծիքները”։ Ի դեպ, Պետո Դեմիրճյանը նկատեց, որ Եվրանեսթի հերթական նիստը Հայաստանում անցկացնելու հարցի դեմ Ադրբեջանի դժգոհությունը պարզապես պատրվակ է ինչ-որ կերպ, այսպես ասած, պատժել եվրոպացիներին սեպտեմբերի 18-ի բանաձեւի համար, որով լուրջ պահանջներ են դրվել Ադրբեջանի առջեւ։

Կարինե Մանկասարյան