(arminfo.info) Եվրոպայի հայկական կազմակերպություններն իրենց ներդրումն են ունենում Ադրբեջանի նկատմամբ բանաձևերի ընդունման հարցում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը բավականին կոշտ բանաձև է ընդունել Ադրբեջանի նկատմամբ` կապված այդ երկրում իրավապաշտպանների նկատմամբ դատական հետապնդումների հետ: Բանաձևը, մասնավորապես, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման սպառնալիք է պարունակում, եթե իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները չդադարեցվեն: Եվրախորհրդարանը սպառնում է նաև խզել Ադրբեջանի հետ հարաբերությունները, եթե վերջինս չդադարեցնի քաղաքացիական հասարակության վրա ճնշումները:
Մեկնաբանելով այս փաստաթուղթը` ՙՀայ Դատի՚ ներկայացուցիչը նշել է, որ սա 2012 թվականից ի վեր Եվրախորհրդարանում ընդունված չորրորդ փաստաթուղթն է: ՙՈրոշ տեղեկությունների համաձայն, ԱՀ կառավարությունը և խորհրդարանն արդեն ինչ-որ գործողություններ են ձեռնարկում այդ բանաձևի հետևանքները չեզոքացնելու համար, սակայն, կարծում եմ, այդ փորձերն ապարդյուն են: Հակառակ ՙնավթային՚ և ՙխավիարային՚ դիվանագիտությանը` Եվրամիությունը և Եվրախորհրդարանն ավելի ու ավելի ակտիվ են դատապարտում Բաքվի վարչակարգի ավտորիտարիզմը՚,- նշել է Դեմիրճյանը:
Նա հավելել է, որ Եվրոպայի ՙՀայ Դատի՚ գրասենյակը մշտապես տեղեկացնում է Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդարանին Ադրբեջանում այլախոհների նկատմամբ հետապնդումների մասին` նրանց ուշադրությունը հրավիրելով այնտեղ տիրող ամենաթողության վրա, ցույց տալով ալիևյան իշխանության իրական էությունը: ՙԵթե այսպես շարունակվի, Բաքվի նկատմամբ իրական պատժամիջոցները բացառված չեն: Մենք հետևողականորեն աշխատելու ենք այդ ուղղությամբ՚,- խոստացել է Դեմիրճյանը: