Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հարցում Օլանդի դերակատարությունը հուսադրող է

(armenpress.am, սեպ. 5) Հայոց ցեղասպանության ժխտումը քերականացնող օրինագծի վրա աշխատում են Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը, ֆրանսիական լավագույն իրավաբանները, Հայ դատի ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը` շեշտելով, որ պատմության մեջ առաջին անգամն է, որ կառավարությունը պետք է ներկայացնի նման օրինագիծ: «Ես իրապես լավատես եմ, քանի որ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն ինքն այս գործի ղեկավարությունն իր ձեռքն առավ, ու բոլոր նախարարությունները գիտեն, որ այն անշրջանցելի է»,- նշեց Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով` պետք է դասեր քաղել այս հարցով մշակված նախորդ օրինագծի վերաբերյալ Ֆրանսիայի Սահմանադրական դաստարանի մերժումից, որը տեղի ունեցավ 2012-ին, և անխոցելի օրինագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: «Օլանդը պատրաստ է հանրապետության բոլոր իրավական ուժերը ներդնել, որպեսզի այս ծրագիրն իրականություն դառնա: Շանսեր կան, բայց Փերինչեքի հարցը խանգարում է: Եթե այդ գործը հաջողվի, և ժխտումը պատժվի, ապագան մեզ համար բաց կլինի, քանի որ կա քաղաքական կամք Ֆրանսիայում այս օրինագիծն անցկացնելու համար»,- հայտնեց Հայ դատի ներկայացուցիչը:

Հարցին ի պատասխան, թե երբ կներկայացվի օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը, Մուրադ Փափազյանը նշեց, որ նպատակահարմար է, որ 2015-ի վերջին Ֆրանսիայի կառավարությունը այն անցկացնի խորհրդարանի օրակարգ: «ՄԻԵԴ-ի հարցը պետք է ավարտել, որից հետո նոր այն դնել Ազգային ժողովի քննարկմանը, այլապես դա կտանի պարտության: Բացի այդ` 2015-ի վերջին ավելի մեծ շանս կունենանք, քանի որ այդ տարի մթնոլորտ կստեղծվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում աշխարհի բոլոր անկյուններում, և դա նոր ուժ կտա մեր աշխատանքին»,- հավելեց Մուրադ Փափազյանը: