(yerkirmedia.am) Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի Սոցիալիստական խմբի պատվիրակությունն այսօր առավոտյան այցեցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հիշեցնեմ, որ պատվիրակությունը Երեւանում է Դաշնակցության եւ Ազգային ժողովի հրավերով։ Պատվիրակության ղեկավար Բրյունո Լը Ռունը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատմական փաստերն են վկայում՝ հայերի նկատմամբ իրագործվածը Ցեղասպանություն էր։
“Մինչդեռ այսօր դեռ կան պետություններ եւ անհատներ, որոնք ժխտում են այդ փաստը։ Այս իսկ պատճառով առաջիկայում մենք դարձյալ փորձելու ենք օրենքով ամրագրել, որ որեւէ ժխտում իր իրավական հետեւանքը պետք է ունենա”,- ասել է պատվիրակության ղեկավար Բրյունո Լը Ռունը։
Հարցին, թե արդյո՞ք նոր նախագծի ընդունման ժամանակ դժվարություներ չեն լինի, պատվիրակության ղեկավարը պատասխանել է, որ դրանք միշտ կան, եւ պետք է հաղթահարել։
“Խոսքի ազատությունը մեզ համար չի կարող Հայոց ցեղասպանության ժխտման համար արդարացում լինել։ Պետք է այնպես անել, որպեսզի իրավական հարթություն բերվի խնդիրը։ Ժխտողները պետք է պատասխանատվության ենթարկվեն”,- ասաց Լը Ռունը։
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ժխտման համար քրեական պատիժ սահմանող նոր օրինագիծ է նախաձեռնել:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ասաց թէ Ֆրանսիայի Հայ Դատի Յանձնախումբը, որը համակազմակերպողն էր այս այցելության, աշխատում է արդէն պետական համապատասխան կառույցների հետ որպէսզի մշակվի այնպիսի օրինագիծ որ բավարարի այսպես ասած առարկությունները որ Ֆրանսիայի Սահմանադրական Խորհուրդը դրել էր նախորդ օրինագիծի նկատմամբ: