(armtimes.com) Օգոստոս 28 – Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ Անկարայում սպասվում է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երդմնակալության հանդիսավոր արարողությանը իրենց մասնակցությունը կբերեն տարբեր երկրներից հրավիրված 72 բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրքական «Star» պարբերականը երեկ ուշագրավ բացահայտումներ է արել՝ հայտնելով, թե արտգործնախարար Նալբանդյանը Անկարա է գնում Էրդողանին փոխանցելու համար Սերժ Սարգսյանի՝ 2015 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու հրավերը:
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը երեկ մեր զրույցում տեսակետ հայտնեց, որ արտգործնախարարի այցը արդարացված կլինի, եթե Անկարայում էական նշանակություն ունեցող հանդիպումներ լինեն: «Հայաստանի արտգործնախարարի ներկայությունը Էրդողանի երդմնակալությանը հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ չի փոխի: Ուստի կարելի է ենթադրել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, Արեւմուտքի ճնշման տակ, Հայաստանը եւ Թուրքիան որոշակի քայլեր են ձեռնարկում «վերակենդանացնելու» հայ-թուրքական արձանագրությունները: Հիմա մնում է սպասել եւ տեսնել, թե Անկարայում ինչպիսի հանդիպումներ կլինեն, հակառակ դեպքում՝ անիմաստ այցելություն կլինի, քանի որ միայն այնտեղ ներկա լինելը մեզ ոչինչ չի տա»,- մեզ հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ասպետ Անթապյանը երեկ մեր զրույցում, անդրադառնալով թեմային, հայտնեց, որ սխալ է Անկարա գնալը: «Չեմ կարծում, որ գնալը ճիշտ քայլ է, մանավանդ, որ հայ-թուրքական սահմանները փակ են: Եթե հայկական կողմը կարողանա այդ այցելությունը մեր օգտին օգտագործել, ոչ մի վատ բան չէի տեսնի, բայց արդեն մի քանի անգամ է, մենք ձախողում ենք, եւ իրենք են հաջողում: Կարծում եմ, ճիշտ կլիներ, որ չգնայինք, քանի որ մտավախություն ունեմ, որ իրենք ավելի են շահելու»,- ասաց Անթապյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ՝ եթե գնում են, պետք է լավ պատրաստված եւ հետագա քայլերը ձեռնարկած գնան: