ցեղասպանության բոլոր զոհերի համար
Հայ դատի կենտրոնական խորհուրդի հայտարարությունը
Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2026 թ. նոյեմբերի 19-ի վճիռը, որով Դատարանն արձանագրել է, որ Մյանման Ռաքհայն նահանգի հյուսիսում 2017 թ. «մաքրման գործողությունների» ընթացքում ցեղասպանություն է իրականացրել ռոհինջա ժողովրդի դեմ։ Սա առաջին վճիռն է, որով պետությունը պատասխանատու է ճանաչվում ցեղասպանության հանցագործությունն իրականացնելու համար, և այդպիսով սկզբունքային նախադեպ է ստեղծում։ Այն պատմական հանգրվան է, որն արժանի է միջազգային հանրության լիակատար աջակցությանը։
Ռոհինջա ժողովուրդը ենթարկվել է ծանր վայրագությունների՝ խտրականությունից և հետապնդումներից մինչև սպանություններ, ավերածություններ, թալան, բռնաբարություններ և բռնի տեղահանում՝ ցեղասպանական մտադրությամբ։ Ուստի ԱՄԴ-ի վճիռը կարևոր հանգրվան է անպատժելիության դեմ պայքարում և վերականգնում է միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նկատմամբ հանձնառության իմաստը, արժեքն ու ծավալը։ Բացի այն, որ Դատարանը Մյանմային պարտավորեցրել է քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին և երաշխավորել, որ նման խախտումներ չեն կրկնվի, Դատարանը պահանջել է նաև նախկին վիճակի վերականգնում (ռեստիտուցիա), այդ թվում՝ տեղահանված ռոհինջաների անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձն իրենց բնակության վայրեր և ընտանիքների վերամիավորումը, ինչպես նաև պատճառված վնասի փոխհատուցում։ Այդպիսով Դատարանը հաստատել է, որ արդարությունը զոհերի համար ենթադրում է ոչ միայն մեղավորների պատասխանատվություն, այլև վերադարձ և հատուցում։ Վճիռը նաև վճռականության դրսևորում է այն ջանքերի դեմ, որոնք, պայմանավորված ուժային շահերով, ուղղված են միջազգային իրավունքի, ինչպես նաև ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և զանգվածային վայրագության այլ հանցագործությունների հարցերով զբաղվող բազմակողմ կառույցների թուլացմանը։
Հայ ժողովուրդը 1915–1923 թթ. ենթարկվել է քսաներորդ դարի առաջին ցեղասպանություններից մեկին, երբ այդ հանցագործությունը դեռ սահմանված չէր իրավունքում։ Իրավաբան Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» եզրույթը ստեղծելիս որպես պատմական օրինակ վկայակոչեց հենց հայերի բնաջնջումը։
Հայոց ցեղասպանությունը, որն իրականացրեց Օսմանյան Թուրքիան, խլեց 1,5 միլիոն հայի կյանք, հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանեց ու սփռեց աշխարհով մեկ և հայ ժողովրդին զրկեց իր պատմական հայրենիքի մեծ մասից։
Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, թեև այն ոչ միայն Օսմանյան կայսրության շարունակող պետությունն է, որը ծրագրեց և իրականացրեց հանցագործության հիմնական փուլը, այլև ինքը՝ իր կազմավորման տարիներին, շարունակեց այդ հանցագործությունը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919–1920 թթ., Կոստանդնուպոլսի արտակարգ ռազմական ատյանները դատի ենթարկեցին Ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրության իշխող կուսակցության՝ «Միություն և առաջադիմություն» կոմիտեի բարձրաստիճան ղեկավարներին կայսրության հայ բնակչության զանգվածային տեղահանումն ու բնաջնջումը կազմակերպելու համար, սակայն նրանց դատավճիռները հիմնականում չեղարկվեցին թուրքական ազգայնական շարժման վերելքի հետևանքով, որը հանգեցրեց Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը։
Չնայած բազմաթիվ ճանաչումներին, այդ թվում՝ օրենքով ամրագրվածներին, որոնց սկզբում հասավ Սփյուռքը՝ իր համաշխարհային համախմբմամբ, սկսած 1965 թ.՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցից, իսկ հետագայում դրանց հետամուտ եղավ նաև Հայաստանի Հանրապետությունը, որևէ միջազգային դատարան դեռևս չի քննել այս հարցն իր պատշաճ իրավական հարթությունում՝ պատմական ճշմարտությունը վերականգնելու, արդարություն հաստատելու և ցեղասպանության կանխարգելման միջազգային հանձնառությունն ամրապնդելու համար։ Թեև «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» 1948 թ. կոնվենցիայի IX հոդվածով նախատեսված իրավազորության ժամանակային սահմանափակումները և հետադարձ ուժ չունենալը պարբերաբար վկայակոչվում են Կոնվենցիայից առաջ կատարված վայրագությունները ԱՄԴ-ի քննությունից դուրս թողնելու համար, իրավազորության այդ արգելքը չի վերացնում պատմական և բարոյական պատասխանատվությունը, մանավանդ որ դեռևս 1915 թ. մայիսին Դաշնակից տերությունները հայերի կոտորածները որակեցին որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ» և զգուշացրին, որ դրանց պատասխանատուներն անձամբ պատասխան են տալու։ Այնտեղ, որտեղ պայմանագրային դատարանները բախվում են ժամանակային սահմանափակումների, իրական հատուցումը, միևնույն է, պահանջում է հետևողական դիվանագիտական, դատական և նախկին վիճակի վերականգնմանն ուղղված միջոցներ՝ կրկնության բացառման երաշխիքների և պատմական ճշմարտության լիարժեք բացահայտման հետ մեկտեղ։
Ավելին, Ադրբեջանը, որը համավարակի պայմաններում և Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ սանձազերծել էր 44-օրյա պատերազմը (2020 թ. սեպտեմբերի 27 – նոյեմբերի 9) Լեռնային Ղարաբաղի՝ հայկական պատմական Արցախ երկրամասի լեռնային հատվածի դեմ, 2023 թ. սեպտեմբերի 19-ին ձեռնարկած վերջնական հարձակմամբ ավարտին հասցրեց այդ պատերազմի նպատակները։ Հարձակման հետևանքով երկրամասի ողջ՝ 120 000 հոգանոց հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր բնիկ հայրենիքից, ինչը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS), Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և մի շարք միջազգային իրավագետներ որակել են որպես ցեղասպանական բնույթի գործողություն։ Հատկանշական է, որ 2023 թ. սեպտեմբերի 22-ին՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի 75-ամյակի կապակցությամբ, ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով այն ժամանակվա հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն զգուշացրեց ցեղասպանության վտանգ պարունակող վեց ընթացիկ իրավիճակների մասին՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վիճակը բացահայտորեն դասելով Մյանմայի ռոհինջաների վիճակի կողքին։
Երկու անգամ ցեղասպանության զոհ դարձած լինելով՝ Հայաստանի և Սփյուռքի հայերը հատուկ շահագրգռվածություն ունեն ողջունելու միջազգային իրավունքի նման վերահաստատումները։
Հայ դատի կենտրոնական խորհուրդն իր զորակցությունն է հայտնում ռոհինջա ժողովրդին և ողջունում Արդարադատության միջազգային դատարանի վճիռը, որն այդ ժողովրդին ավելի է մոտեցնում արդարությանը։ Մենք ականատես ենք քսանմեկերորդ դարում ցեղասպանության դեմ պայքարի ամենանշանակալի զարգացմանը, որը խոցելի ժողովուրդներին ոգեշնչում է լայն համաշխարհային համագործակցություն կառուցել հանցագործների դեմ և պայքարել ճշմարտության համար՝ ընդդեմ ժխտման, հիշողության համար՝ ընդդեմ մոռացության, հատուցման համար՝ ընդդեմ անպատժելիության, և կյանքի համար՝ ընդդեմ մահվան։
Հայ դատի կենտրոնական խորհուրդ
2026 թ. նոյեմբերի 23